Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կյանքը ինչպես որ է... Այսօր Զոհրապի ծննդյան օրն է

am en ru es
Kyank`e inch`pes or e... Aysor Zohrapi tsnndyan orn e_70790

Հայ մեծանուն գրող Գրիգոր Զոհրապը (Զոհրապյան) ծնվել է 1861 թ.-ի հունիսի 26-ին Կ․Պոլսի Պեշիկթաշ թաղամասում, Ակնից այստեղ տեղափոխված Խաչիկ էֆենդու և Էֆթիկ խանումի ընտանիքում: Նախնական կրթությունը Զոհրապը ստանում է տեղի Մաքրուհյան վարժարանում և ընդամենը 9 տարեկան է հասակում զրկվում է հորից: Սա իր անջնջելի ազդեցությունն է ունենում Զոհրապի հետագա կյանքի և գործունեության վրա։

Ընդամենը մեկ տարի անց Զոհրապի մայրն ամուսնանում է հայտնի փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ, որից հետո Զոհրապն ու ընտանիքը թողնում են Պեշիկթաշը և տեղափոխվում ապրելու Օրթագյուղում։ Այստեղ ևս Գրիգորն ընդունվում է ուսումնական հաստատություն՝ շարունակելու Պեշիկթաշում ընդհատված կրթությունը։ Այս անգամ նա ընդունվում է Օրթագյուղի Թարգմանչաց վարժարան, որտեղ էլ իր առաջին քայլերն է անում դեպի գրական աշխարհ։

Չնայած այն հանգամանքին, որ Զոհրապի անունը ժամանակակիցները կապում էին պոեզիայի հետ, այնուամենայնիվ, նա երբեք պոետ չդարձավ ու աչքի ընկավ որպես հրաշալի նովելագիր։ Նրա նովելները ծայրաստիճանն արդիական էին, ինչը  թույլ է տալիս մեզ ենթադրել, որ Զոհրապն անդրադարձել է հատկապես այն նուրբ օղակներին, որոնք պատմական ու քաղաքական բոլոր ժամանակներում համարվում են թույլ ու անօգնական։ Դրանց շարքին կարելի է դասել «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով ժողովածուները, «Ճիտին պարտքը», «Այրին», «Զաբուղոն» և այլ բազմաթիվ գործեր։

 

1876 թ.-ին Զոհրապն ավարտեց դպրոցն ու ընդունվեց Ղալաթասարայի վարժարանը, որտեղ    Զոհրապը երկրաչափություն էր ուսումնասիրում: Շուտով, սակայն, Զոհրապը ընդունվում է նույն վարժարանի իրավագիտության բաժինն ու անմիջապես աշխատանքի անցնում Ավետիս Յորտումյանի իրավաբանական գրասենյակում: Զոհրապը 1884 թ.-ին ստանում է փաստաբան-իրավաբանի որակավորում: Սակայն պատմությանը ավելի հայտնի է գրող, հրապարակախոս Զոհրապը։

 

Գրիգոր Զոհրապն առաջին քայլերն արեց գրականության ասպարեզում, երբ ընդամենը 17 տարեկան էր: 1878 թ.-ին նա դարձավ Պոլսում հրատարակվող «Լրագիր» օրաթերթի թղթակիցը, որտեղից և աչքի ընկավ արևմտահայ գրական շրջանակներում։ Արդեն 1883 թ.-ին նա Հակոբ Պարոնյանի հետ հրատարակեց «Երկրագունդ» հանդեսը, 1884թ․-ին լույս տեսավ «Անհետացած սերունդ մը» վեպը:

Զոհրապը նոր էր բոլորել իր 27 տարին, երբ հանդիպեց Կլարային՝ իր կյանքի միակ սիրուն։ Ընտանիքում ծնվեց 4 զավակ՝ Լևոն, Դոլորես, Արամ, Հերմինե:

 

Շուտով Զոհրապին տեսնում ենք քաղաքականության մեջ, ինչը պայմանավորված էր նրա մեծ համբավով․ 1891 թ.-ին նա ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր, սակայն տարիքային ցենզի պատճառով չկարողացավ ստանձնել մանդատը ու գրական գործունեությանը զուգահեռ սկսեց զբաղվել հասարակական գործունեությամբ։ 1892 թ.-ին հրատարակեց «Մասիս» հանդեսը, որի էջերում հիմնականում հայտնվում էին ազգային խնդիրներին վերաբերող հոդվածներ: Շուտով «Մասիսը» դարձավ օրաթերթ, որտեղ սկսել էին լույս տեսնել ի թիվս քաղաքական երանգավորում ունեցող հոդվածների  նաև Զոհրապի նովելները։

Զոհրապն աշխատեց իր մասնագիտությամբ․ նա ռուսական դեսպանատան իրավագետ-խորհրդականն էր, թարգմանիչը, տիրապետում էր ֆրանսերենին, ինչը հնարավորություն էր տալիս «լավ» գործեր վերցնել օտարահպատակներից ու շահել դատը։ Շուտով, սակայն այս դուռն էլ փակվեց․ 1906 թ.-ին Թուրքիայի արդարադատությունն արգելեց Զոհրապի փաստաբանական գործունեությունը Օսմանյան Թուրքիայի տարածքում և արտաքսեց նրան երկրի սահմաններից դուրս, որից հետո Գրիգորը հաստատվեց Փարիզում: Այստեղ նա մնաց ընդամենը 2 տարի, քանի որ Թուրքիայում տեղի ունեցած 1908 թ.-ի հեղափոխությունից հետո սահմանադրական կարգերը թույլատրեցին նրան ընտանիքի հետ միասին վերադառնալ Թուրքիա։ Վերսկսկելով հասարակական ու քաղաքական գործունեությունը՝ այս անգամ նրան հաջողվեց ստանալ պատգամավորի մանդատ։ Այս փուլում նա նաև դասավանդում էր Կ․ Պոլսի համալսարանի իրավաբանության բաժնում:

Հայրենիք մը ունեի թշվառ, ազգ մը ունեի ինձմե ավելի ողորմելի, անոնց որոշեցի հատկացնել կենացս մնացորդը․․․

Գրիգոր Զոհրապ քաղաքական գործիչն առաջին էր, որ համարձակություն ունեցավ խորհրդարանում բարձրացնել 1909 թ.-ի Ադանայի ջարդերի հարցը՝ պահանջելով, որ իրավական լուծում ստանա այդ հարցը։ Հայամետ քաղաքականության շրջանակներում նա նաև առաջ քաշեց Թուրքիայի հայկական շրջաններում բարենորոգումներ իրականացնելու հարցը՝ դրանով նպաստելով Հայկական հարցի միջազգայնացմանը։ Այս համատեքստում մի առիթով նա ասել է․

«Մեր կրոնը տարբեր է, իսկ հավատքը` նույնը. բոլորս ազատության հավատակիցներ ենք»

Գրիգոր Զոհրապը 1913 թ.-ին Մարսել Լեար ծածկանունով Փարիզում հրատարակեց «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» գրքույկը։ Շուտով սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Հայոց քաղաքական միտքը այնքան ճկուն չեղավ, որպեսզի պատմական այդ հոլովույթում կարողանար կողմնորոշվել և իր շահերի օգտին ծառայեցնել աշխարհաքաղաքական իրադրությունը․ Երիտթուրքական կառավարության կողմից ծրագրվեց ու իրականացվեց հայոց եղեռնը:

1915 թ․-ի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կ․Պոլսում ձերբակալվեցին 250 հայ մտավորականներ, որոնց մեջ Զոհրապը չկար։ Նա այս փուլում զբաղված էր ամեն տեսակ ատյաններին խնդրագրեր գրելով ու ամեն հնարավոր հարթակներից խաղաղության կոչեր անելով։ Շուտով, սակայն, «վերևից» եկավ նրա և հասարակական գործիչ Վարդգես Սերենգուլյանի ձերբակալման հրամանը: 1915թ․-ի հունիսի 2-ին Զոհրապը Cercle d’Orient ակումբում Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ քննարկում  էր երկրի իրավիճակը, և երբ մոտնում է կեսգիշերը, նա որոշում է տուն վերադառնալ։ Թալեաթը հրաժեշտի պահին համբուրում է Զոհրապի այտը, որից հետո հենց նրա հրամանով ձերբակալվում է Զոհրապը, որից մի քանի շաբաթ անց սպանվեց աքսորի ճանապարհին՝ Եդեսիայի մատույցներում, սպա Չերքեզ Ահմեդի ձեռքով: Ուրֆայի քաղաքային բժշկի եզրակացության համաձայն՝ Զոհրապը մահացել է սրտի կաթվածից: Ոճրագործության հաջորդ օրն իսկ Ուրֆայի շուկայում վաճառքի են հանվում Զոհրապի ոսկյա ժամացույցն ու մատանին։

1909թ․-ին Սեբաստիա քաղաքում Բեդուկյան ընտանիքի կողմից գործվել է Զոհրապի դիմանկարով գորգը, որը սակայն, ցեղասպանության տարիներին կորսվել է, ապա գտնվել արևելյան գորգերի կոլեկցիոներ Ջեք Քադրիի հավաքածուում: Արդեն 2017 թ.-ին գորգը հայտնվեց Ավստրալիայի աճուրդներում՝ «Mossgreen» ընկերության կողմից և Հայկական գորգի ազգային կենտրոնի հիմնադիր Վիկտոր Մնացականյանին հաջողվեց գնել գորգը և նվիրել Հայկական գորգի թանգարանին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ