Մեծ քիմիայի ժամանակաշրջան է, մի օրում մարդուն կարող են աղբի վերածել կամ աղբը դարձնել մարդ...

Գուրգեն Մահարի

Մեկնարկել է ակնաբուժության, նեոնատոլոգիայի և ներզատաբանության 16-րդ միջազգային համաժողովը

am
Meknarkel e aknabowzhowt`yan, neonatologiayi ew nerzatabanowt`yan 16-rd mijazgayin hamazhoghove_102101

Երևանում մեկնարկել է Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 16-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային և ներզատաբանությանը:

Միջազգային համաժողովը գիտելիքի և փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության համակարգի բարելավման նորարարական մոտեցումները ներկայացնելու հարթակ է, որտեղ վեց երկրի ավելի քան 60 խոսնակ և շուրջ տասը երկրի 400 մասնագետ է համախմբվել (ԱՄՆ, Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Կովկասյան տարածաշրջան, Կենտրոնական Ասիա և Միջին Արևելք): Հյուրերի շարքում են աշխարհում առաջատար այնպիսի կառույցների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը, Ջուլս Սթայն աչքի ինստիտուտը, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանը, Գրեյթ Օրմոնդ Ստրիթ մանկական հիվանդանոցը և Մուրֆիլդզ ակնաբուժական հիվանդանոցը:

Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը ՀՀ առողջապահության նախարարության, Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի, Ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի հետ գործակցությամբ համապարփակ ծրագիր է պատրաստել մանկական և ընդհանուր ակնաբույժների, նեոնատոլոգների և ներզատաբանների համար՝  կենտրոնանալով ակնային հիվանդությունների վրա:

Եռօրյա համաժողովի բացմանը ողջույնի խոսքով են հանդես են եկել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:

Լիագումար նիստը նվիրված էր առողջապահության համակարգում տեխնոլոգիական նորարարություններին, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքներին և այլն: Ապա տեղի է ունեցել երկու համաժամանակյա թեմատիկ նիստ՝ նվիրված մանկական ակնաբուժությանը (հիմնական շեշտադրումը՝ անհասության ռետինոպաթիա և դպրոցականների ակնային զննում) և ներզատաբանությանը (հիմնական շեշտադրումը՝ առաջին և երկրորդ տիպի մանկական շաքարախտի վարում, մետաբոլիկ սինդրոմ և գիրություն):

Համաժողովի երկրորդ օրը կներառի համաժամանակյա թեմատիկ նիստեր՝ նվիրված ընդհանուր ակնաբուժությանը և նեոնատոլոգիային: Ընդհանուր ակնաբուժության նիստին անդրադարձ կկատարվի ցանցաթաղանթին և շաքարախտային ռետինոպաթիային, գլաուկոմային, կատարակտ-կերատոպլաստիկային, նյարդա-ակնաբուժությանը և օրբիտալ վիրահատություններին:

Նեոնատալոգիայի նիստին այլ հարցերի շարքում կքննարկվեն ոչ ինվազիվ արհեստական շնչառության, սնուցման հարցերը և անհաս նորածինների խնամքի նոր մեթոդները: Երրորդ օրը մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն, ծանոթանալու սիմուլյացիոն տիկնիկների միջոցով նորածինների խնամքի վերապատրաստման նոր մոտեցումներին և մասնակցելու կրթական այլ դասընթացների:

Համաժողովը կներառի նշված ոլորտներում նոր հետազոտությունների և լավագույն փորձի ներկայացում, թեմատիկ քննարկումներ և հարցուպատասխան: Բացի ակնաբույժներից, նեոնատոլոգիներից, ներզատաբաններից և խնամքի մասնագետներից, այս համաժողովը հետաքրքրական կլինի նաև առողջապահական համակարգի պատասխանատուների և քաղաքականություն մշակողների համար:

Հայկական ակնաբուժության նախագիծն ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանիսյանի կողմից ԱՄՆ-ում 1992թ. հիմնադրված բարեգործական կազմակերպություն է, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2003թ.-ին որպես բարեգործական հիմնադրամ: Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել ձեռքբերովի կուրությունը Հայաստանում և ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ