Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մեկնարկում է «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնը

am
Meknarkowm e <<Armmono>> mononerkayats`owmneri mijazgayin t`aterakan 16-rd p`arhatone_57243

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 28-ից մայիսի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 16-րդ փառատոնը:

 

Փառատոնի բացման արարողությունը կկայանա ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում` ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» մոնոներկայացումով` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին /ԱՄՆ, Հայաստան/:

 

«Արմմոնո-2018» փառատոնի շրջանակում կցուցադրվի 22 մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոպար, մոնոdoc և այլն /Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Իսրայել, Լեհաստան, ԱՄՆ, Իսպանիա, Պորտուգալիա/: Բացի հիմնական ծրագրից կանցկացվեն նաև հետևյալ ծրագրերը՝ «Արմմոնո-Տրիումֆ». կցուցադրվեն 2016-2017 թթ. հաջողություն ունեցած ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի, Ելենա Դուդիչի և Նվարդ Դուդուկչյանի մոնոներկայացումները: «Արմմոնո-Դեբյուտ» ծրագրում կցուցադրվեն առաջին քայլեր անող դերակատարների ու բեմադրիչների աշխատանքներ: «Մեկ հեղինակի թատրոն» ծրագրում կցուցադրվեն դրամատուրգ Նինա Մազուրի գործերից՝ «Համլետի երազները» /դերակատար՝ Ալեքսանդր Ալադիշև/, «Էդիտ Պիաֆ» /դերակատար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Իրինա Ջապագովա/:

 

Առանցքային երկու նախագծերն են.

 

«Փարաջանով. Կյանքի տոն» մոնոներկայացումը: Դերակատար՝ Սերխիո Նովո /«ABREGO» (Իսպանիա) թատրոնի, «AGTA» (Պորտուգալիա) պրոդյուսերական կենտրոնի և «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծ/:

 

«Անտիգոնեի սիրտը» մոնոներկայացումը: Դերակատար՝ Մարիա Վիդալ /Իսպանիա, Չիլի, Արգենտինա համատեղ նախագիծ/:   

 

Փառատոնի նշանավոր ներկայացումներն են Կոտե Մարջանիշվիլու անվան պետական մրցանակի դափնեկիր, Բարեկամության շքանշանի ասպետ Իրինա Մեգվինետուխուցեսի /Վրաստան/ «Դեղին հրեշտակը» և երգիչ, դերասան և շոումեն Բրեմներ Դյութի Ֆլետչեր /ԱՄՆ/ «Գլխապատառ» մոնոներկայացումները:

 

Փառատոնին ներկա կլինեն մրջազգային հեղինակավոր փառատոների տնօրեններ, դրամատուրգներ, թատերագետներ և փորձագետներ:

 

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն նաև վարպետության դասեր` նվիրված արդի մոնոթատրոնի զարգացման նոր ուղղություններին:

 

Փառատոնի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մոնոներկայացման ցուցադրությունը Գորիսում` «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում:

 

Ներկայացումների մուտքն անվճար է:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ