Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Մենք բոլորս մեր պատրիարքության կողքին ենք և նրա հովանու ներքո. երուսաղեմահայ Հակոբ Ճռնազյան

am
Menk` bolors mer patriark`owt`yan koghk`in enk` ew nra hovanow nerk`o. erowsaghemahay Hakob Chrhnazyan_83623

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայ երիտասարդաց միության անդամ ՀԱԿՈԲ ՃՌՆԱԶՅԱՆԸ:

-Ինչպես գիտենք, Մերձավոր Արևելքում վերջին տարիներին տեղի ունեցած «արաբական գարունները» պատճառ դարձան, որպեսզի տեղի հայկական համայնքները որոշակիորեն դատարկվեն։ Արդյո՞ք կարող ենք նույնն ասել Երուսաղեմի հայ համայնքի մասին։

Հայտնի է, որ Եգիպտոսում, Սիրիայում, այլ արաբական երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները բացասական ազդեցություն ունեցան տեղի հայ համայնքների թվի, գործունեության վրա: Սակայն, բարեբախտաբար, Երուսաղեմի համայնքը նման վտանգի առաջ չհայտնվեց։ Երուսաղեմի հայ համայնքն այսօր լավ վիճակում է։

- Առկա քաղաքական իրողություններով պայմանավորված կա մտավախություն, որ հայ համայնքները Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն: Կիսո՞ւմ եք այս կարծիքը՝ որպես տարածաշրջանի բնակիչ:

-Որոշ մարդկանց մոտ կա կարծիք, թե մի քանի տարուց մեր տարածաշրջանի՝ Իրաքի, Լիբանանի, Երուսաղեմի, Հորդանանի հայ համայնքները կդադարեն գոյություն ունենալ: Բայց ես հակված եմ այն կարծիքին, որ այս երկրներում հայ համայնքների ներկայությունը շատ կարևոր է։ Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Երուսաղեմի հայության թիվը, ճիշտ է, նոսրացել է, սակայն մենք պետք է հնարավոր քայլերն անենք մեր համայնքներն առավել ամրապնդելու համար:

Այդ երկրներում մենք ունեք եկեղեցիներ, դպրոցներ, ազգային կառույցներ, դրանք զբաղված են հայապահպանությամբ, բայց այդ կառույցներն այսօր ունեն աջակցության մեծ կարիք։ Եվ մենք պետք է աշխատենք նրանց ուժեղացման ուղղությամբ:

- Պատմական տվյալների համաձայն՝ հայրերը Երուսաղեմում ապրել են դեռ 4-րդ դարից՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց հետո: Այնտեղ են գտնվում մեր սրբատեղիները: Այնպես որ, Երուսաղեմը մեզ համար սովորական վայր չէ:

-Այո, ճիշտ նկատեցիք, ինչպես Հայաստանն է մեր տունը, այնպես էլ Երուսաղեմը։ Այնտեղ մենք ունենք սրբատեղիներ, կալվածքներ, վանքեր, միություններ։ Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայ գաղութին, ապա այն շատ կարևոր նշանակություն ունի Սուրբ երկրում: Այն պետք է գոյություն ունենա և դեռ հզորանա։

Երուսաղեմը պետք է բոլորիս սրտում կարևոր տեղ ունենա: Ինչպես մեր պատրիարքն է նշել, երբ ուխտավոր է գալիս Երուսաղեմ, նշանակում է մեծ հետաքրքրություն կա հայ համայնքի հանդեպ, նշանակում է, որ աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում է Երուսաղեմն ու հայ համայնքը: Այնպես որ, հաճախ այցելելով Երուսաղեմ՝ զորացնում են տեղի հայությանը։

Ես հույս ունեմ, որ Երուսաղեմի հայության թիվը գնալով կշտանա, և մեր համայնքն առավել կհզորանա։

-Հետաքրքիր է, այս ընթացքում հարևան արաբական պետությունների հայ համայնքներից դեպի Երուսաղեմ մարդկային հոսք եղե՞լ է։

-Ցավոք ՝ ոչ, քանի որ արաբական երկրների՝ Սիրիայի, Իրաքի կամ Եգիպտոսի բնակիչները չեն կարող Իսրայել մուտք գործել: Դրանց արաբական լինելն է պատճառը, որ հայ համայնքը չի համալրվել սիրիահայերով, իրաքահայերով կամ Եգիպտոսի հայերով։

-Այսօր ի՞նչ վիճակում է Երուսաղեմի հայ համայնքը. իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը որևէ կերպ չի՞ անդրադառնում տեղի հայության վրա։

Պետք է նշեմ, որ Իսրայելի հայերի մեծամասնությունը Երուսաղեմում է ապրում, և իսրայելա-պաղեստինյան հարցում մեր համայնքը չեզոք դիրք է գրավում. մենք մեջտեղում ենք՝ և՛ Պաղեստինի, և՛ Իսրայելի կառավարությունների հետ լավ հարաբերություններ ունենք։ Ճիշտ է, մենք՝ հայերս, հակամարտության ոչ մի կողմի հանդեպ առանձնակի վերաբերմունք չենք ցուցաբերում, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենք, սակայն նաև հարկ է ընդգծել, որ Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող բախումները ազդում են ինչպես հայերի, այնպես էլ այլ քրիստոնյա ազգերի վրա։

-Երուսաղեմի հայ համայնքի համար միավորիչ դերում Հայ եկեղեցի՞ն է, թե՞ կուսակցությունները կամ միությունները, որի՞ շուրջ եք առավելապես համախմբված:

Երուսաղեմի հայ համայնքն ապրում է և՛ միութենական կյանքով, և՛ եկեղեցական։ Պատրիարքարանն իր անհերքելի դերն ու նշանակությունը ունի համայնքի կյանքում։ Մենք բոլորս մեր պատրիարքության կողքին ենք և նրա հովանու ներքո։ Մեր համայնքը շատ եկեղեցասեր է: Վերջիվերջո, մենք մեր պատրիարքության զավակներն ենք։ Սակայն, միևնույն ժամանակ, Երուսաղեմում գործում է 3 միություն՝ Հայ երիտասարդաց միությունը՝ ՌԱԿ-ի հովանու ներքո գործող, ՀԸՄԸ՝ ՀՅԴ-ի հովանու ներքո գործող և Բարեսիրաց միությունը։ Այս միությունների անդամների շարքերում, անշուշտ, կան այնպիսիք, որոնք ավելի հակված են կուսակցության գաղափարախոսության շուրջ համախմբվելուն, միևնույն ժամանակ կան նաև եկեղեցուն ավելի մոտ կանգնածներ։

- Թերևս տեղյակ եք այս օրեին Հայաստանում տեղի ունեցող իրողությանը, երբ մի խումբ մարդիկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Լինելով սփյուռքահայ՝ դրսից հետևելով հայրենիքում ծավալվող իրողությանը, տխրահռչակ խմբի գործողություններին, ի՞նչ եք զգում, ինչպիսի՞ կարծիք ունեք այս ամենի մասին։

-Անխոս, տեղի ունեցողը Կաթողիկոսի անձի դեմ չէ։ Սա եկեղեցու դեմ ուղղված արշավ է։ Վեհարանի տարածք ներխուժելը, Գնդեվանքում Հայրապետի տեղաշարժը սահմանափակելը հենց դրա վկայությունն են։ Այդ ամենը խիստ մտահոգում, անհանգստացնում է հայությանը: Եթե կան ինչ-որ թերություններ, դա բնավ չի նշանակում, որ պետք է դուրս գալ եկեղեցու դեմ, չի նշանակում վիրավորել մեր հոգևոր հայրերին, հայհոյախոսել նրանց հասցեին։ Կարծում եմ, այս հարցը պետք է արագ լուծում ստանա։ Չէ՞ որ աշխարհը հետևում է ու տեսնում, թե ցուցարարներն ինչպես են վարվում մեր եկեղեցու հետ։ Ամոթալի իրավիճակ է, որը շուտափույթ պետք է հարթվի։

-Խոսենք նաև Հայ երիտասարդաց միության մասին։ Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում ՀԵՄ-ը:

Հայ երիտասարդաց միությունը ՌԱԿ-ի հովանու ներքո գործող կառույց է։ Այն ունի 18 տարեկանից բարձր 220 անդամ և 18 տարեկանից ցածր 130 անդամ։ Մեր գործունեությունը ծավալվում է մի քանի ուղղությամբ՝ սկաուտական, գաղութային, մշակութային, նաև հարաբերություններ ունենք տարբեր միութենական կազմակերպությունների հետ։ Մեր միության սկաուտական խումբը կարևոր դեր ունի ինչպես գաղութի, այնպես էլ քրիստոնյա համայնքի կյանքում։ Տարվա մեջ մի քանի անգամ միջոցառումներ ենք կազմակերպում, օրինակ՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների առթիվ։ Երուսաղեմի հին քաղաքում մեր պատրիարքին և միասնությանն ենք առաջնորդում դեպի եկեղեցի։ Ունենք մեր ֆուտբոլի թիմը, որը վերջին տարիներին մի շարք հաղթանակներ է գրանցել Երուսաղեմի քրիստոնյա համայնքների հետ խաղերում։ Ունենք հայկական պարախումբ, երգչախումբ, նվագախումբ, որոնք մասնակցում են համայնքային միջոցառումներին։ ՀԵՄ կարևոր ու նշանակալից տեղ ունի մեր գաղութային կյանքում։ Մենք մշտապես եկեղեցու, Սուրբ աթոռի կողքին ենք եղել և հիմա ևս նրա կողքին ենք, համագործակցում ենք այլ միությունների հետ, միշտ փորձում ենք զորացնել մեր համայնքը։

-Կմանրամասնե՞ք միության գաղութային գործունեության մասին:

Գաղութային գործունեության շրջանակներում ունենք ապրիլյան հանձնախումբ, որը Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին է մասնակցում։ Հանձնախումբը կազմվել է պատրիարքարանի միջոցով։ Դրա կազմում ներառած են 3 միությունների անդամներ և պատրիարքարանի դիվանապետ հայր սուրբը։ Հանձնաժողովի շրջանակներում կազմակերպում ենք համագաղութային ձեռնարկներ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, հուշահանդեսներ, ցույցեր, ջահերով երթ՝ ապրիլի 23-ի երեկոյան։ Տարվա ընթացքում ևս կազմակերպվում են միջոցառումներ, որոնց թվում նշանակալից են ուխտագնացությունները դեպի Յաֆայի վանք, դեպի պատրիարքության կալվածք։

- Նշեցիք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներ եք կազմակերպում, հետաքրքիր է՝ դրանց հրեաները մասնակցո՞ւմ են։

-Այո, ունենք հրեա բարեկամներ, որոնք մասնակցում են Ցեղասպանության ոգեկոչման ցույցերին, միջոցառումներին, պատարագին, Ցեղասպանության հուշարձանի մոտ տեղի ունեցող ծաղկեպսակների զետեզման արարողությանը, ջահերով երթին՝ դեպի նոր Երուսաղեմի սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի։ Նրանք մասնակցում են Ապրիլի 24-ին նաև հուշահանդեսին։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ