Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Միայն բյուրեղյա օրենսդրությամբ` ընտրակաշառքի խնդիրը չի լուծվի. Գևորգ Պետրոսյան

am
Miayn byowreghya orensdrowt`yamb` entrakasharhk`i khndire ch`i lowtsvi. Geworg Petrosyan_94647

  Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց «Ընտրակեղծարարության պատիժը խստացնող» նախագիծը:

«Օրինագիծը սկզբնական վիճակում ուներ խոցելի, վտանգ ներկայացնող կետեր, որոնց մասին թե՛ մեր խմբակցության անդամները, թե՛ Հանրապետական խմբակցության գործընկերներս բարձրաձայնեցինք»,- ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

   Պատգամավորը նշեց, թե կառավարության ներկայացուցիչը խոստացել է օրինագծի խոցելի կետերը շտկվել և ներկայացնել վաղը՝ օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ. «Մենք պայմանականորեն կողմ ենք քվերակել օրինագծի ընդունմանը, որովհետև կառավարության ներկայացուցիչն ասաց՝ ընդունում է մեր դիտողությունը: Չեմ կարծում, թե  կառավարությունն այս հարցում լրջությունն այնքան կկորցնի, որ ասեն մի բան, բայց վարվեն այլ կերպ»:

Գևորգ Պետրոսյանն ընդգծեց՝ իրենք միանշանակորեն կողմ են նման օրինագծի ընդունմանը, բայց ոչ կարևոր արժեքների գնով. «Ժողովրդավարության անկյունաքարը արդար և ազատ ընտրություններն են, օբյեկտիվ ընտրություններն են, երբ իսկապես արձանագրված արդյունքը համապատասխանում է ժողովրդի կամքին, բայց չի կարելի անգամ ամենալավ նպատակին հասնել այլ, ավելի կարևոր, արժեքավոր շահեր ոտնահարելու գնով: Մենք միշտ եղել ենք այն բանի կողմնակիցը, որ ունենանք քաղաքական ընտրապայքար՝ ոչ թե ընտրապայքար զոռբայության կամ գումարների միջև»:

Պարոն Պետրոսյանից հետաքրքվեցինք, թե իր կարծիքով՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա՞ առաջիկա ընտրություններում խուսափել ընտրակաշառքի դեպքերից:

   «Ես այն կարծիքին եմ, որ ընտրակաշառքի խնդիրը միայն իրավական մեխանիզմներով չի լուծվի: Արդարության առաջ չմեղանչելու համար, պետք է խոստովանենք, որ ի վերջո մարդը լավ օրից չէ, որ  գնում է ընտրակաշառքով ընտրության: Դժբախտաբար երկար տարիներ մեր ժողովրդին բերել են այն վիճակին, որ մարդը ընտրություններում ո՛չ թե տեսնում է քաղաքական տեքստ, այլ ընտրություններին մասնակցում է բացառապես իր օրվա հացի խնդիրը լուծելու նկատառումով: Ընտրակաշառք երևույթից խուսափելու համար պետք է փորձել քայլեր ձեռնարկել և տնտեսական վիճակը բարելավելու, և գաղափարական  ներգործություն ունենալու, հասկացնելու համար, որ եթե մեկը ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանում հաջողություն ունենալու համար, ապա ընտրություններից հետո այդ մեկը ընտրակաշառքի վրա ծախսած գումարները հետ է բերելու ձեզանից»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը, հավելելով, որ որքան էլ ունենանք բյուրեղյա օրենսդրություն՝ չենք կարող առանց վերոնշյալ խնդիրներին լուծում տալու՝ բացառել ընտրակաշառքի դեպքերը:

     Ի պատասխան հարցին, թե պարոն Պետրոսյանի կարծիքով, ի վերջո, կունենա՞նք լեգիտիմ ընտրություններ, պատասխանեց. «Եթե որևէ կողմ չդավաճանի այն կարգախոսներին, որով հանդես է եկել մինչ այժմ՝ կարծում եմ պետք է, որ ունենանք:  Համենայնդեպս, ԲՀԿ-ն շահագրգռված է, որ այդպես լինի, թե այլ ուժեր ի՞նչ հավակնություններ ունեն, և այդ հավանականությունները ի կատար ածելու հարցում ի՞նչ քայլերի կդիմեն՝ դժվարանում եմ ասել»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ