Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մինաս Բերբերյան

am
Minas Berberyan_40592

Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին ամիսներին, հատկապես երբ օր օրի ավելի էր մեծանում Հանրապետությունը կանգուն պահելու հանդեպ թերահավատությունը, Թիֆլիսում սկսել էին հեգնանքով արտաբերել «Հանրապետություն» և «Անկախություն» բառերը։ Հայ սոցիալ-դեմոկրատականներն ու սոցիալիստ-հեղափոխականները մասնակցում էին Հայաստանի Խորհրդի աշխատանքներին և բացասական էին տրամադրված անկախության դեմ։

Մինչ այդ Ժողովրդական կուսակցությունը սկզբունքորեն ճանաչում էր անկախությունը, սակայն Խորհրդի ներսում համագործակցում էր մյուս երկու կուսակցությունների հետ։ Թիֆլիսում ժողովրդականներն անընդհատ քարկոծում էին Հայաստանի կառավարությանը, որն իր  հերթին վարկաբեկում էր Հայոց պետականությունը։ Շատ քչերն էին հավատում, որ Հանրապետությունը կապրի և կամրանա։

Արևմուտքում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն, մեծապես ազդեցին հայության վրա, հատկապես քաղքենի մտավորականության վրա։ Միայն ժողովրդականները փոխեցին իրենց վերաբերմունքը նորանկախ Հայաստանի նկատմամբ․ սկսեցին ծրագրեր մշակել Հայաստանի իշխանության կոալիցիոն վերակազմության վերաբերյալ։ Այդ նպատակով, 1918թ․-ի հոկտեմբերի վերջին Երևան ժամանեցին ՀԺԿ ներկայացուցիչները՝ Սամսոն Հարությունյանի և Մինաս Բերբերյանի գլխավորությամբ։ Նպատակը ՀՅԴ-ի հետ բանակցելն էր կուալիցիոն կառավարություն կազմելու  վերաբերյալ։ Թիֆլիսի և Երևանի ժողովրդականների տրամադրվածությունը համապատասխանում էր իրար, նրանք ամուր կանգնելով Հայաստանի հողի վրա՝  պաշտպանում էին համերաշխության և համագործակցության գաղափարները։

Նշենք, որ Մինաս Բերբերյանին հաջողվեց համոզել ՀԺԿ մյուս պարագլուխներին կուալիցիոն կառավարության ստեղծման անհրաժեշտության մեջ։ Բանակցությունների ընթացքում ժողովրդական պատգամավորներն ավելի հետաքրքրված էին պատգամավորական մանդատների թվով և պնդում էին, որ իրենց հանձնվի արտաքին, առևտրական, դատական ու հանրային կրթության նախարարությունները, որովհետև Բերբերյանը գտնում էր, որ մարզերի ժողովրդականներն ունեին ավելի շատ պատրաստի դեմքեր, քան դաշնակցականները։ Առաջարկվեց, որ զինվորական նախարարը լինի անկուսակցական։ Այսպիսով, ՀՅԴ-ն ընդունեց բոլոր առաջարկները բացի արտաքին գործերի նախարարի վերաբերյալ առաջարկից՝ այս պաշտոնը վերապահելով իրեն։

Բերբերյանն առարկում էր, որ Արամ Մանուկյանն ու Ալեքսանդր Խատիսյանը ներգրավվեն կառավարության կազմում, սակայն իր այս պահանջը ՀՅԴ-ն մերժեց։

Մինաս Բերբերյանը այսուհետ եղավ կուալիցիոն կառավարության «խնամակալը», ի վերջո կուալիցիան իրականացավ և Հայաստանի Խորհրդի 1918թ․-ի նոյեմբերի 4-ի նիստում դաշնակցական ու ժողովրդական պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց Հ․Քաջազնունու կառավարության հրաժարականը և հենց Քաջազնունուն էլ հանձնարարվեց կազմել նոր կառավարություն։ Նույն նիստում էլ կազմվեց կառավարությունը՝ ներառելով ժողովրդականներ Գ․ Մելիք-Ղարագյոզյանին, Ա․ Էնֆիաջյանին, Ս․ Հարությունյանին, Մ․ Աթաբեկյանին և Լ․ Ղուլյանին։ Իսկ պետական վերահսկիչ ընտրվեց Մինաս Բերբերյանը։

1919թ․-ի սկզբին Հայաստանին հաջողվեց հետզհետե դուրս գալ այն դժոխային իրավիճակից, որտեղ հայտնվել էր թուրքական ավերիչ արշավանքի հետևանքով։ Ճիշտ է, իրավիճակը շատ հեռու էր պայծառ լինելուց, սակայն հույսը չէր մարում։

1918թ․-ի վերջերին սկսել էին տարածվել սովն ու հիվանդությունները։ Նյու Յորքից Հայաստան էր եկել ազատական կուսակցության առաջնորդ Դոկտ․ Մովսես Հովսեփյանը, ում նպատակը հայաստանաբնակ  հիվանդներին աջակցություն ու օգնություն ցուցաբերելն էր։ Այս ընթացքում մեծ թափով տարածվեց բծավոր տիֆը, որը ամեն օր խլում էր տասնյակ կյանքեր, մահանում էին թե՛ գաղթականները, թե՛ տեղացիները, թե՛ հարուստները,  թե՛ աղքատները։ Պաշտոնական վիճակագրությամբ 1919թ․-ի վերջին 5 ամիսների ընթացքում միայն Երևանում մահացել էր 3972 մարդ։

Այս մահացածների շարքում էր նաև Հայաստանի առաջին պետական վերահսկիչ և Ժողովրդական Կուսակցության ղեկավարերից մեկը՝ Մինաս Բերբերյանը։ Նա կյանքից հեռացավ 1918թ․-ի հունվարի 11-ին։

Այս դժոխային օրերին իրենց մահկանացուն կնքեցին նաև հին հեղափոխական Սարգիս Օհանջանյանը (Ֆարհատ), Երևանի արքունական պալատի վերահսկիչ Գ․ Կամսարականը, Դաշնակցական գործիչ Արամը և այլք։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ