Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մխիթարյան միաբանության կազմավորումը. համառոտ ակնարկ

am
Mkhit`aryan miabanowt`yan kazmavorowme. hamarhot aknark_21502

Մխիթարյան միաբանությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում, իսկ Մխիթարյան է կոչվել Սեբաստացու մահվանից հետո:

 

Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական: Սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն, նաև    նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն և այլն, ինչպիսիք են, օրինակ՝ Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր, 1784–86 թթ), Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյանի և Մկրտիչ Ավգերյանի «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1836–37 թթ.), Գաբրիել Այվազովսկու «Համառոտ պատմություն Ռուսաց» (1836 թ.) և «Պատմություն օսմանյան պետության» (2 հատոր, 1841 թ.),   Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» (1853 թ.), «Շիրակ» (1881 թ.), «Սիսուան» (1885 թ.), «Այրարատ» (1890 թ.), «Սիսական» (1893 թ.), Արսեն Այտընյանի «Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի» (1866 թ.) և այլ մեծարժեք աշխատություններ:

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը, և ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը:  

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.:  

Մխիթարյան միաբանությունը հրատարակել է մեկ տասնյակից ավելի պարբերականներ, որոնցից  «Բազմավեպ»-ը լույս է տեսնում ցայսօր:

XIX դարի վերջից գիտական, գրական, մշակութային կարևոր գործունեությամբ հայտնի են Գրիգորիս Գալեմքյարյանը, Հակոբոս Տաշյանը, Արսեն Ղազիկյանը, Վարդան Հացունին, Սուքիաս Էփրիկյանը, Մկրտիչ Պոտուրյանը, Ներսես Ակինյանը, Համազասպ Ոսկյանը, Վահան Հովհաննիսյանը, Մեսրոպ Ճանաշյանը, Պողոս Անանյանը, Պողոս-Լևոն Զեքիյանը, Հարություն Պզտիկյանը և ուրիշներ:

 

2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ