Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Մխիթարյանները և գրապայքարը. Գրաբարյաններ (Մաս Բ)

am
Mkhit`aryannere ew grapayk`are. Grabaryanner (Mas B)_21776

Արսեն Այտընյանը, ով Մխիթարյան միաբանության աբբա էր, վանքի կրոնական գործերը ղեկավարելուց զատ նաև գիտական գործունեություն էր ծավալում: Նրա հայագիտական աշխատությունները գլխավորում է «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի» աշխատությունը: Այստեղ հեղինակը նախ հայտնում է, թե իր հիմնական նպատակն եղել է գիտականորեն պատասխանել այն հարցին, թե որը պետք է լինի ժամանակակից հայ հասարակության գրական լեզուն՝ աշխարհաբարը, թե գրաբարը: Իր լեզվաբանական ուսմունքի հիմնական դրույթները հանգում են հետևյալին: Լեզուն մարդկանց հաղորդակցման միջոցն է: Այն իրենով խոսող հանրության կյանքի արտահայտիչն է: Լեզվի հաղորդակցական դերը անհրաժեշտորեն պահանջում է, որ տվյալ հասարակության իբրև հաղորդակցման միջոց ծառայող լեզուն լինի ընդհանուր այդ հասարակության անդամների համար, բայց ինչպես որ հասարակությունը միատարր չէ և բաժանված է զանազան խավերի, այդպես էլ ընդհանուր լեզուն ունենում է իր «պեսպեսութիւնները»՝ տարբերակային ձևերը:

Շեշտելով, որ հայերենը, որպես տվյալ հասարակության լեզու, ունի իր տարբերակային ձևերը, նա գրում է, որ դրանց անխզելի միասնությունն էլ տվյալ հասարակության միասնական լեզուն է: «Ինչպես մարդկային ամեն բան նմանապես լեզուներն ալ … իրենց փոփոխութիւններն և ըստ այսմ իրենց պատմութիւնն ունին: Այդ փոփոխութիւնները, այդ բնութեան անցումները՝ վիճակէ վիճակ անզգալի փոփոխութիւն մըն են, որոնց բոլորը մեկանց միևնույն լեզուին գունանոցը մեղմ ծիածանը կկազմե»[1]:

Ամեն մի լեզու ունի իր ծագման, զարգացման, մահացման պատմությունը, որը լեզվի պատմական փոփոխությունների ամբողջություն է: Հնի գրկում սաղմնավորվող ու զարգացող նորը նա դիտում է որպես անհրաժեշտություն, գտնելով, որ այդ փոփոխությունները, այդ ներքին զարգացումը պայմանավորված են հասարակության զարգացմամբ, որն էլ առաջ է բերում լեզվի՝ հնից նորին որակական անցումը: Սա նշանակում է, որ նորի ծնունդը և հնի մահացումը պատմական զարգացման անխուսափելի հետևանք է և ոչ թե հնի խաթարում: Այստեղից էլ ահա հետևյալ եզրակացությունը՝ հինը՝ գրաբարը, հին դարերի գրական լեզուն է, նորը՝ աշխարհաբարը, հին հայերենի պատմական զարգացմամբ առաջացած՝ նոր դարի կենդանի լեզու: «Եթե մենք զմեզ հին ժամանակներու չենք կրնար փոխադրել, ինչպես կուզենք, որ հին ժամանակներուն խոսուածքը մեր ժամանակները բերենք»[2]:

Նոր ժամանակների համար տիրապետող պիտի դառնա նոր գրական լեզուն: Հենց այս դրույթը պաշտպանելով և հիմք ընդունելով՝ Այտընյանը իր գիրքը գրեց աշխարհաբարով (արևմտահայերեն): Սա նաև այլ նպատակ ուներ. ցույց տալ, որ աշխարհաբարը լիովին բավարարում է ամենաբարդ ու խորը մտքերը հասկանալի կերպով արտահայտելու համար: Իսկական գրաբարյաններն այն հեղինակներն էին, որոնք ծրագրում էին ու գործնական ջանքեր գործադրում գրաբարը կրկին արդիականացնելու համար՝ Մ. Ջախջախյան, Է. Հյուրմյուզյան, Ե. Թովմաճյան, Մ. Դավթյան, Ա. Բագրատունի և ուրիշներ: Գրաբարը պաշտպանում էր Էջմիածինը, «այն հոգևորականության սեփականությունն էր, որը սկսել է այդ լեզուն էգոիստորեն դարձնել եգիպտական գաղտնիք, որպեսզի ժողովրդի աչքում ավելի դիրք ու ակնածություն ձեռք բերի»,- ինչպես նշել է մեծ լուսավորիչ-դեմոկրատ Խ. Աբովյանը: Ի տարբերություն աշխարհաբարյանների, որոնք խորապես հասկացել են գրաբարի արժանիքները, բարձր գնահատական են տվել նրան, բայց լինելով իրատես՝ նկատել են նրա թերությունները, որ ժողովրդին լուսավորելու համար այն իր ուժը կորցրել է՝ գրաբարյանները, ընդգծելով գրաբարի արժանիքները, նրա միասնական լինելը (արևմտյան, արևելյան և այլ բաժանումների բացակյությունը), կարծում էին, թե գրքերի, դպրոցի միջոցով այն հնարավոր է խոսակցական դարձնել: Իհարկե, գրաբարի կողմնակիցները իրատես չէին, և այս գաղափարը անիրագործելի էր: Տեղին է հիշել Աբովյանի հետևյալ խոսքը. «մեկ ազգին պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա …» :

Տվյալ պարագայում այդ դերը աշխարհաբարինն էր: Տեսակետ կա այն մասին, որ Մխիթարյան միաբանության անդամ Գ. Այվազովսկին, ով Նալբանդյանի ոխերիմ թշնամին էր, գրաբարի ջատագով է, իր «Մասեաց աղավնի»-ում աշխարհաբարը քննադատող և գրաբարը գովերգող հոդվածներ էր լույս ընծայում: Նա, ինչպես մյուս մոլի գրաբարյանները, հռչակում էր գրաբարը աշխարհի առաջին, Աստծու կողմից Ադամին պարգևված, «բաբելոնեան խառնակութենէն»«ազատ մնացած »«Նոյի լեզուն », որը ենթակա չէ մերժման և հավիտենական բնույթ ունի: Գրաբարը համարելով աշխարհի առաջին և անբասիր լեզուն՝ նրա պաշտպանները գրաբարի «ծնունդ» էին համարում աշխարհաբարը և այն տեսակետն էին առաջ տանում, որ այն պետք է նմանվի իր «ծնողին»: Նաև պնդում էին, որ գրաբարը բնավ էլ մեռած չէ, թե այն կենդանի է, «ամեն տեղ կիրառվող», իսկ աշխարհաբարը ոչ այլ ինչ է, քան նրա աղավաղումը: Հայր և որդի Մսերյանները այն կարծիքին էին, որ գրաբարը հղկված, մշակված, գեղեցեիկ լեզու է, աշխարհաբարը, ընդհակառակը, կոշտ է ու կոպիտ, անմշակ ու տգեղ: Մսերյանների նման մխիթարյաները ևս գտնում էին, որ գրաբարը «բազմահարուստ, վսեմ ու գեղեցիկ մայր լեզու է», նաև «ճոխացուցեալ ու շքեղազարդ», «պանծալի ուպատվական լեզու» է:Գաղտնիք չէ, որ գրաբարյանները ջանք չէին խնայում գրաբարի «իրավունքը»սրբագործել հենց ժողովրդին «խավարի ստրկական կապանքներում պահելու», հետամանացության ու տգիտության պայմաններում ժողովրդի մեջ «ակնածություն» ձեռք բերելու համար:

Աշխարհաբարի եռանդուն պաշտպան Նալբանդյանը գրաբարի ու նրա կողմնակիցների դեմ հանդես է գալիս հզոր ու անխնա պայքարով, որի վառ ապացույցներից է «Մխիթար Սեբաստացի և Մխիթարյանք» ստեղծագործությունը՝ ուղղված Մխիթարյաններին:

Նալբանդյանը նաև քննադատում էր Մխիթարյաններին՝ այդ թվում իր ոխերիմ թշնամի Գ. Այվազովսկուն, գտնում, որ նոր լեզուն ունի իր իրավունքը և արմատապես տարբերվում է «հին լեզվից»՝ գրաբարից: Իսկ Նազարյանը դեռ 1851թ «Յաղագս փորձնական հոգեբանության ճառում» դնում է լեզվի հարցը.«Շատ ավելի դյուրին է մեռելներին հարուցանել գերեզմաններից, քան հայոց բոլոր ազգը դեպի հնություն վերածել»: Միևնույն ժամանակ նա ընդգծում է հին լեզվի հարստության կարևորությունը՝ աշխարհաբարի համար. «Եվ մեր Հայոց գեղեցիկ լեզուն պիտոյ է յուր փոքր ի շատե անարատ գրության մեջ առաջ գնա, մի ոտքը պահելով միշտ հին նախնական հիմքի վրայ, օր ավուր լցուցանելով յուր պակասությունը հին լեզուի ճեխ գանձարանից »[3]:

Իհարկե, գրապայքարի արդյուքում «հաղթում» է աշխարհաբարը, որը ժամանակի թելադրանքն էր: Բայց հարկ է նշել, որ հենց այդ «հաղթանակի» արդյուքում մի ողջ սերունդ մնաց անգրագետ, քանի որ նրանք կրթվել և դաստիարակվել էին գրաբարով և տիրապետում էին հենց այդ լեզվին:Այնուամենայնիվ, երկու լեզուներն էլ գեղեցիկ են, ճոխ ու մշակված, ուստի անհրաժեշտ է սիրել ու կարևորել երկուսն էլ հավասարապես:


[1] Ա. Այտընյան, «Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզուի», Երևան, 1987թ, էջ 31:

[2] Նույն տեղում, էջ 287:

[3] Ստ. Նազարյան, երկեր, էջ 36:

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ