Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Մշակույթի նախարարությունը տեղափոխե՞լ, թե՞ չտեղափոխել Գյումրի. կարծիք են հայտնում գյումրեցի մտավորականները

am
Mshakowyt`i nakhararowt`yowne teghap`okhe?l, t`e? ch`teghap`okhel Gyowmri. kartsik` en haytnowm gyowmrets`i mtavorakannere_67278

ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարարի՝ օրերս Գյումրի կատարած այցից հետո, կրկին խոսվեց Մշակույթի նախարարությունը Հայաստանի երկրորդ քաղաք՝ Գյումրի տեղափոխելու մասին: Հարցը դեռ նախորդ նախարարների պաշտոնավարման ընթացքում բազմիցս բարձրացվել է, նաև քննարկվել նախարարության համար հատկացվելիք շենքի հարցը: Նախարարներից ոմանք ցանկություն էին հայտնել աշխատելու Գյումրիում, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ խոսացությունները մնացին ակտիվ քննարկումների մակարդակում:

   Քաղաքական կուրսի փոփոխությունը ենթադրում է նաև ապակենտրոնացման քաղաքականության վերանայում, ուստիև հարցը կրկին դարձել է արդիական ու մտել քննարկման փուլ:

  Ի՞նչ են մտածում հարցի շուրջ գյումրեցի մշակույթի գործիչները. նկատենք, որ նրանք  նախարարության տեղափոխումը իրատեսական են համարում, շեշտելով՝ մնում է միայն լուծել որոշ տեխնիկական հարցեր:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց գյումրեցի մշակույթի գործիչների հետ.

 

Գյումրեցին արվեստի նկատմամբ ունի պաշտամունք.  Արաքս Մարգարյան

/արվեստաբան/

Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուց  առաջին հերթին կշահի հենց   նախարությունը: Գյումրեցին արվեստի նկատմամբ ունի պաշտամունք ու բավականաչափ ճաշակ, և մշակութային շատ հարցերում կարող է ուղղորդել ղեկավարներին՝ արվեստին առնչվող հարցերում տալով ճիշտ շեշտադրումներ ու իմաստներ:

  Երկար տարիներ Հայաստանի մշակութային կյանքը կենտրոնացած է միայն մայրաքաղաքում: Մարդիկ հոգնել են միշտ նույն դերասաններին, երգիչներին, նկարիչներին տեսնելուց: Հարկավոր են նոր ու վառ դեմքեր, որոնք թարմ շունչ կհաղորդեն հայկական արվեստին: Այլ հարց է, որ Գյումրին չունի ենթակառուցվածքներ՝ ցուցասրահներ, պատկերասրահներ, համերգասրահներ: Սակայն Մշակույթի նախարարության տեղափոխման պարագայում այս բացը, հուսով եմ, լրացվելու է, ինչն էլ կլինի Մշակույթի նախարարության մեծ ներդրումը Գյումրու մշակույթի զարգացման գործում: Սա փոխշահավետ գործարք է, որից շահելու են և՛ Գյումրին, և՛ Մշակույթի նախարարությունը:

 

 

Ողջունելի է նախարարի պատրաստակամությունը Գյումրիում աշխատելու հարցում. Տիգրան Վիրաբյան

/Գյումրու Վ.Աճեմյանի անվան Պետական դրամատիկական թատրոնի տնօրեն/

-Անկեղծ ասած, տեղափոխման տեխնիկական մասն այնքան էլ լավ չեմ պատկերացնում, բայց նախարարության տեղափոխումը, եթե իրականություն դառնա, դրանից միմիայն կշահի շիրակցին: Ամեն օր արվեստի բնագավառի հետ կապ ունեցող հարյուրավոր մարդիկ Մշակույթի նախարարություն են այցելում՝ իրենց աշխատանքային խնդիրներով , առաջարկներով: Բնականաբար, եթե նույն քանակությամբ կամ մի քիչ պակաս մարդ այցելի Գյումրի, ապա քաղաքում որոշակի աշխուժություն կնկատվի:

   Ուրախալի է, երբ մտածում են որևէ ոլորտ Գյումրի տեղափոխելու մասին: Ողջունելի է նաև նախարարի պատրաստակամությունը Գյումրիում աշխատելու հարցում:

 

Ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում, և դա լավ չէ. Վահագն Ղուկասյան

/Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի տնօրեն/

 - Մշակութային ապակենտրոնացումը շատ կարևոր է յուրաքանչյուր երկրի համար, մասնավորապես` Հայաստանի, քանզի, ինչպես գիտեք, մշակույթը , տնտեսությունը , բնակչությունը կենտրոնացված է մայրաքաղաք Երևանում, որը շատ վատ է մյուս համայնքների զարգացման համար:

   Գաղափարն նոր չէ, քանզի նմանատիպ օրինակներ շատ կան աշխարհում: Կարելի է նշել մեր հարևան երկրի` Վրաստանի օրինակը , որտեղ ոչ միայն Մշակույթի, այլև մի քանի այլ նախարարություններ տեղափոխվեցին երկրորդական քաղաքներ, օրինակ Քութայիսի:

Գաղափարապես լավ է, բայց կան որոշակի խնդիրներ` կապված մի շարք ինստիտուտների հետ , որոնք բացակայում են  մեր քաղաքում: Այսինքն, մենք՝ ունենալով դարավոր արհեստի ու արվեստի քաղաքին բնորոշ ավանդույթներ, այսօր չունենք կառույցները, որոնց  կառուցումն առաջնհեդրթություն է Գյումրիում. Չունեք պատկերասրահն է, երկրագիտական թանգարանի շենք, մարզահամերգային տարածքներ, կինոթատրոնների բավարար չափով առկայություն:

    Ըստ իս , նախքան Մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի շատ լավ կլիներ նախ լուծել նմանատիպ հարցերը: Այսինքն, մշակութային այդ ենթակառուցվածքները պետք է զարգացնել, հետո նոր նախարարությունը տեղափոխել Գյումրի: Սա նաև  աշխատատեղերի հարց է լուծում:

Պետության կողմից այժմ ևս մեկ ենթակառուցվածքի հարց է լուծվում: դա Երևան-Գյումրի ճանապարհն է, որը Հյուսիս-Հարավ կապող ճանապարհն է  ու կարևոր նշանակություն ունի, կօգնի տուրիզմի զարգացմանը, ինչպես  նաև, Մշակույթի նախարարության տեղափոխմանը: Միանշանակ, կարևոր է տեղափոխումը , բայց առանց ճանապարհի վերանորոգման անհնար է և կդժվարացնի աշխատանքը: Ամեն դեպքում նախարարության տեղափոխումն իրատեսական է ու իրականանալի:

 

Մ. Սուքիկյան

 

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ