Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Նախիջևանը՝ համաշխարհային խաղացողների շահերի խաչմերուկում

am
Nakhijewane, hamashkharhayin khaghats`oghneri shaheri khach`merowkowm_66626

Նախիջևանը, շուրջ 5.5 հազ. քառ. կմ զբաղեցնող այս տարածքը գտնվում է համաշխարհային քաղաքականության և  մի շարք երկրների շահերի բախման խաչմերուկում: ՀԱՅ ՁԱՅՆ-ը հարցի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ՝ ներկայացնելով, թե տարածաշրջանի երկրներն ու գերտերություններն  ինչպիսի շահեր ունեն Նախիջևանի հարցի հետ կապված:

«Երբ քարտեզին ենք նայում, ակնհայտ է դառնում, որ Նախիջևանը  հանգույց է, որը Թուրքիա, Իրան, Հայաստան եռանկյուն մեջ է, և վարչականորեն լինելով Ադրբեջանի մաս, գոնե խորհրդային շրջանում, կարողանում է  վերահսկողություն իրականացնել մի շարք կարևոր հարցերի հետ կապված:

Թուրքիայի համար Նախիջևանն այն հողակտորն է, որի միջոցով նա միշտ երազել է միանալ  իրենից արևելք գտնվող  թյուրքական աշխարհի հետ: Պանթուրանիզմ գաղափարախոսությունը միշտ խարսխվել է նաև աշխարհագրական կապի վրա: Պատահական չէ, որ 1921 թ. Մոսկվայի և  Կարսի պայմանագրերով Թուրքիան ամեն ինչ արեց, որ այդ հողակտորը թեկուզ եթե իրեն չհասնի, գոնե իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին հասնի: Նույնն է վարվում նաև Արցախի հարցի հետ կապված:  Բացի այդ, նրանք ժամանակին  ամեն ինչ անում էին, որ Զանգեզուրը ևս Ադրբեջանին տրվի, որպեսզի այդ կապը ամբողջանա:  Ավելին, Թուրքիան ժամանակին Իրանին է զիջել մի մեծ հողակտոր, փոխարենը ստանալով մի փոքր հողակտոր, որը Թուրքիան կապում էր Նախիջևանի հետ: Այսինքն, իրենց մոտ այդ ծրագիրը միշտ է եղել: Անգամ 1920-ական թթ-ին, երբ թվում էր, որ Խորհրդային միությունը հավերժ է, և անկախ Հայաստանի և Ադրբեջանի մասին խոսք լինել չէր կարող, միևնույն է՝  Թուրքիան  այդ հողի փոխանակման միջոցով նախապատրաստվում էր այն բանին, որ մի օր դա իրեն հարկավոր է լինելու»,- ընդգծում է Արա Պապյանը:

Նախիջևանն Իրանի համար ևս շատ կարևոր նշանակություն ունի, ասում է Արա Պապյանը, հավելելով. «Որքանով մենք ենք պանթյուրքիստական վտանգից անհանգստացած, այնքան էլ Իրանն է անհանգստացած, նույնիսկ մեզանից էլ շատ: Չմոռանանք, որ Իրանի հյուսիս-արևմուտքում ապրում են թյուրքախոս ժողովուրդներ, որոնց հետ Թուրքիան և Ադրբեջանն աշխատանք են տանում, որպեսզի նրանք մեջ թյուրքականությունը  խրախուսեն և այդկերպ փորձեն Իրանը տրոհել:

Այս ամենից զատ, նշենք, որ Նախիջևանի տարածքով է անցնում Հայաստանից Իրան գնացող երկաթգիծը, և եթե մենք ժամանակին Նախիջևանն  ազատագրած լինեինք, ապա այսօր Իրանի հետ կունենայինք այլ մակարդակի հարաբերություններ»:

Իսրայելը ևս իր շահերն ունի՝ ընդգծում է Պապյանը. «Այս հարցի հետ կապված Իսրայելը ևս շահագրգիռ կողմ է, քանի որ նա Իրանին դիտարկում է որպես թշնամի երկիր, հետևաբար, այս հարցով աջակցում է Ադրբեջանին՝ փորձելով այդկերպ վերահսկել Իրանի տարածքը»:

 

Գերտերություններ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ևս անմասն չեն այս գործընթացից:

«ԱՄՆ-ն ևս իր շահերն ունի, նախևառաջ նրա համար, որ իրենց դաշնակցի՝ Իսրայելի շահը կա: Մյուսը նա է, որ ԱՄՆ-ն չի ուզում, որ Ռուսաստանն ու Իրանը մերձենան, ինչն այս պահին արդեն նկատելի է: Բնականաբար, ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որ դրան խոչընդոտի: Այնպես որ, այս փոքր հողակտորի վրա շահերի մեծ բախում կա»,- ասում է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի շահերին՝ Արա Պապյանը ասաց հետևյալը. «Ճիշտ է, Ռուսաստանը մեր դեմ զենք է վաճառում, Ադրբեջանին շատ հարցերով աջակցում է, բայց միևնույն ժամանակ շահագրգռված չի, որ հայկական գործոնը լրիվ վերանա: Նա ուզում է այս հակամարտությունից օգտվելով զենք վաճառել, Ադրբեջանին վերահսկել, բայց  միևնույն ժամանակ իր շահերից չի բխում, որ Հայաստանի դիրքերը թուլանան: Պատահական չէր, որ հենց Նախիջևանի սահմանին կանգնած կորպուսը դարձավ հայ-ռուսական զորախումբ, մյուս կողմից հակաօդային համատեղ պաշտպանության հարցը դրվեց: Այսինքն, եթե մի օր Ալիևը փորձ անի Երևանին հարվածել, Ռուսաստանը պարտավոր է միջամտել և պաշտպանել, ի  տարբերություն Արցախի պարագայի, որի հետ կապված Ռուսաստանը նշել է, որ ոչ մի պարտավորություն չունի:  Ռուսաստանի շահը նա է, որ ինքը կարողանա տարածաշրջանում ֆիզիկական ներկայություն ունենալ և հնարավորինս շատ տարածք վերահսկել»:  

Քաղաքագետը հավելեց, որ, ամեն դեպքում, Հայաստանը չպետք է բացառի և պատրաստ պետք է լինի ռազմական  գործողությունների հավանական տարբերակին:

«Նախիջևանն օրըստօրե վտանգ է ներկայացնում Երևանի և Արարատյան դաշտի համար, հետևաբար, մենք չպետք է բացառենք նաև այն, որ մենք մի օր ստիպված ենք լինելու ռազմական գործողություններ ծավալել Նախիջևանի տարածքում»,- եզրափակեց Արա Պապյանը:

ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ