Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Նավզիկե. Եղիշե Չարենց

am
Navzike. Eghishe Ch`arents`_48606

Արիփկին, Արփիկին,

Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե. Չար. 1936. 21. IX

 


 

ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵ



Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ...

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Նախ՝ կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ՝
Իբրև ցնորք գայթող կամ երազանք անգին
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն։

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո
Պատկերացել է ինձիմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացածիմ Նավզիկեն...

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ՝ քնարի քնքուշ նվագի պես,—
Մերթ՝ դարերո՛վ ծանոթ, մերթ միայն նո՛ր
Ինձ հարազատ ձայնովիմ Նավզիկեն։

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի՛ մեջ,—
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն,—
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե՛։

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե...

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես,—
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կըճանաչենք իրար, իմ Նավզիկե՛։

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,—
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե։

Մանկությունից իմ լուրթմինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում՝ անցած երազի պես,—
Ես սպասել եմ, որահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛։

Ե՛վ իմ գրքերն ամեն, և՛ իմ երգերն անմեռ,
Ե՛վ բորբք հուրն իմ այս ծարավի կեզ,—
Ի՛նչ որ արել եմ ես, ի՛նչ անելու եմ դեռ
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե՛...

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազիքեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելիիմ սեր, իմ Նավզիկե՛...

Ե՛վ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնաքամ երգի, երազի սե՛ր, —
Ես տենչացել եմ՝ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե՛...

Որ վարդերի՛ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե...

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ,—
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ ու կարոտի կսկիծ։

Եղիշե Չարենց

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ