Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Նոր հարաբերություններ Անդրկովկասում. Պ.Ք.

am
Nor haraberowt`yownner Andrkovkasowm. P.K`._39183

Թբիլիսին բարդ ընտրության առջեւ

 

Իրանի Պետական գազային ընկերության ղեկավար Առաքին օրերս հանդես եկավ շատ կարեւոր հայտարարությամբՙ ասելով, որ, նախ եւ առաջ, Վրաստանին իրանական գազի մատակարարումը չի բացառվում: Երկրորդ, վերջնական համաձայնության կայացման դեպքում Վրաստանին գազի առաքումը կիրականացվի մասնավոր հատվածի միջոցովՙ Հայաստանի տարածքով, եւ գազը կվերավաճառվի Վրաստանին: Այդպիսով Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր, ինչի դեմ մշտապես հանդես է եկել Բաքուն:

 

Բանն այն է, որ Վրաստանին կարելի է գազ մատակարարել նաեւ Ադրբեջանով, որն ունի անհրաժեշտ ենթակառուցվածք: Բացի դրանից, Բաքուն Վրաստանին գազի գլխավոր մատակարարն է եւ ներկայումս առաքում է այնտեղ սպառվող գազի գրեթե 100 տոկոսը: Դրա շնորհիվ ռուսական գազը գրեթե լիովին փոխարինվել է ադրբեջանականով: Ռուսասկան գազը Վրաստանի տարածքով արտահանվում է Հայաստան, ուստի Վրաստանի եւ Ադրբեջանի փորձագետները գրեթե միակարծիք են, որ Վրաստանին իրանական գազի մատակարարումը կրում է ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բնույթ: Եվ մոտ ապագայում իրանական գազը գնով եւ առաքումների ծավալով դժվար թե դառնա ադրբեջանականի մրցակիցը:

 

Ուրեմն ո՞րն է նման քաղաքականության իմաստը: Երեւանի դեպքում Թեհրանի դիրքորոշումը հասկանալի է: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկրորդ պաշտոնակալության արարողությունից առաջ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել տարածաշրջանային նախագծերին: Ի դեպ, այդ ժամանակ շատ էր խոսվում Իրան-Հայաստան-Վրաստան գազամատակարարման եռակողմ ծրագրի մասին, որը Բաքվում համարում էին կասպիական գազը Թուրքիա առաքելու ադրբեջանական ծրագրի այլընտրանք: Իրանի նավթի նախարարությունում հայտարարում էին, որ Վրաստանին իրանական գազի մատակարարումը Իրանի ռազմավարական քաղաքականության մի մասն է եւ ուղղված է Վրաստանի ներքին կարիքների բավարարմանը: Սակայն Վրաստանը դրա կարիքն առանձնապես չունի:

 

Ավելի շուտ, Թեհրանն ուզում է Անդրկովկասում ստանձնել միջանցքի դեր, որը Պարսից ծոցը կմիացներ Սեւ ծովին, մյուս կողմից Թեհրանն ուզում է Վրաստանին ազատել ադրբեջանական գազից նրա կախվածությունից, չլինել Ադրբեջանի ու Թուրքիայի կցորդը եւ հնարավորություն տալ դառնալու ինքնուրույն գործոն: Դա կարեւոր է հատկապես այժմ, երբ Մերձավոր Արեւելքում իրադրությունը զգալիորեն փոփոխվում է:

 

Սաուդյան Արաբիայի հետ Իրանի խորացող հակասությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Թեհրանը կզարգացնի հարաբերությունները ավելի շատ Անդրկովկասի, քան արաբական աշխարհի հետ: Անդրկովկասը համեմատաբար անվտանգ թիկունք է եւ տնտեսական նախագծերի հավանական ասպարեզ: Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով դա մասամբ պայմանավորված է Իրանի ներկայիս ճգնաժամով եւ վերջերս կայացած բողոքի ելույթներով, ինչպես նաեւ Իրանում ազգային որոշ փոքրամասնությունների ներկայությամբ:

 

Վրաստանի գազային խողովակաշարը պետական է, ուստի մասնավոր ընկերությունները գազի առաքման համար պետությանը պետք է ներկայացնեն գազային պայմանագրեր: Այս սյուժեն միայն լրացնում է Վրաստանի քաղաքական նոր պատկերը, որտեղ կառավարությունը կարեւոր որոշումներ ընդունելիս աստիճանաբար հեռանում է տնտեսական պարամետրերից: Թեեւ Թբիլիսիի համար շատ դժվար կլինի ընտրություն կատարել այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր գործընկերներին դրդում է հանդես գալ Իրանի դեմ:

 

 

Պ.Ք./ԱԶԳ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ