Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Ոչ միայն ինքնաբավ, այլ նաև արտահանող Արցախ

am en ru
Och` miayn ink`nabav, ayl naew artahanogh Arts`akh_42756

Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը գյուղատնտեսական մթերքների արտադրության գծով, բնակչության մեկ շնչի հաշվով, ավելի բարձր սանդղակում էր գտնվում, քան նույնիսկ միութենական մի որոշ հանրապետություններ: Ադրբեջանը տարեցտարի ավելացնում էր մսի, կաթի, հացահատկի, խաղողի և մյուս գյուղմթերքների արտադրության պլանները` լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով մարզի ագրարային հատվածի աշխատողների համար: Ընդ որում` արտադրված մթերքները արտահանվում էին Բաքու և այլ քաղաքներ, իսկ բուն Ղարաբաղն ուներ առաջին անհրաժեշտության ապրանքների մշտական դեֆիցիտ: Փաստը աղաղակող էր, սակայն այդ մասին չէին խոսում հրապարակավ, որովհետև դա կընկալվեր իբրև քաղաքական դժգոհություն:

Սառույցը կոտրվեց, երբ սկսվեց Արցախյան շարժումը: Կոմկուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիխ Պողոսյանը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստում ոչ միայն խոսեց այդ մասին, այլև փաստին քաղաքական գնահատական տվեց` շեշտելով ԼՂԻՄ-ը ԱդրԽԱՀ կազմից հանելու և ՀԽՍՀ կազմ մտցնելու անհրաժեշտությունը:

Հետագա զարգացումները` արցախյան պատերազմ, հետպատերազմյան սինդրոմ և այլն, նկատելիորեն ազդեցին Ղարաբաղի գյուղատնտեսության վրա: Իր բացասական կնիքը թողեց առանձնապես 90-ական թվականներին կոլտնտեսությունների ու սովխոզների վերացումը: Բայց ահա 2000-ական թվականներին գյուղատնտեսությունը վերստին սկսեց աշխուժանալ: Հատկապես վերջին տարիներին հանրապետության ագրարային ոլորտում լուրջ տեղաշարժեր են նկատվում. ոլորտի պատասխանատուները տեսանելի ապագայում էական փոփոխություններ են նախատեսում:

Ինչպես տեղեկանում ենք ԱՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունից, նախարար Ժիրայր Միրզոյանն օրերս կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ գյուղատնտեսության համար 2018-ը լինելու է առանձնահատուկ տարի, և դա ոչ միայն նախանշված աշխատանքների ծավալի առումով, այլև պայմանավորված այն հանգամանքով, որ մոտ օրերս կընդունվի գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը, ինչը կնախանշի զարգացման նոր ուղղություններ և գյուղոլորտի պատասխանատուների կողմից նոր մոտեցումների որդեգրում, ինչպես նաև հարկ կլինի սահուն անցում կատարել ծրագրային ու իրավական փոփոխությունների։

Նախարարի խոսքով, հայեցակարգի ընդունմամբ ամբողջապես փոխվելու է գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը։ Հետևաբար, արմատական փոփոխություներ պիտի կրեն գյուղոլորտում ներգրավվածների և ոլորտի պատասխանատուների մոտեցումները։

-Այսուհետ մենք համակողմանի աջակցություն ենք ցուցաբերելու այն հողօգտագործողներին, անասնաբուծության ոլորտում ներգրավված այն տնտեսվարողներին, ովքեր պատրաստ կլինեն գյուղատնտեսություն վարել ժամանակակից մեթոդներով ու տեխնոլոգիաներով, -ասել է գյուղնախարարը:

Ժ. Միրզոյանն առանձին ուշադրություն է հատկացրել անասնաբուծության ոլորտի խնդիրներին` դրանց կարգավորման գործընթացում կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների և տեղերում գյուղոլորտի պատասխանատուների սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

Անդրադառնալով գարնանացանի նախապատրաստական աշխատանքներին՝ նա նշել է, որ նախարարությունը հողօգտագործողների կողմից ստացել է 18 տեսակի մշակաբույսերի սերմացուի հայտեր: Հիմք ընդունելով նպատակահարմարությունը՝ այդ ցուցակից հանվել են գարնանացան ցորենը, գարին, հաճարը, կարտոֆիլը և եգիպտացորենը։

Ըստ նախարարի` ստացվել է շուրջ 4000 հեկտարի վրա եգիպտացորենի մշակության համար սերմացուի հայտ։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկած գյուղատնտեսական տարում տեղումների քանակն աննախադեպ ցածր է, նման պայմաններում եգիպտացորենի մշակությունն արդեն ավելի քան ռիսկային է դառնում, ուստի որոշել են հրաժարվել եգիպտացորենի մշակությանն օժանդակելուց։

Նախորդ տարվա համեմատ աշնանացանն ավել է 22 հազար հեկտարով, ինչը վկայում է չմշակվող տարածքների աստիճանական վերացման մասին, մյուս կողմից` վնասատուների դեմ պայքարը բավարար մակարդակի վրա չէ. մեծ աշխարհագրություն ունի գնայուկ բզեզի տարածվածությունը։

Նախարարն անդրադարձել է նաև արտեզյան ջրհորերի խնդրին՝ նշելով, որ դրանք իրենց մնացորդային արժեքներով ներկայացվել են կառավարությանը՝ պետության սեփականություն գրանցելու համար, անկախ նրանից, թե ում հաշվեկշռում են գտնվել, որից հետո շահագործման համար հանձնվելու են նորաստեղծ շրջանային կառույցներին։

Արցախի Հանրապետությունը ոչ միայն կարող է գյուղմթերքների գծով լինել ինքնաբավ, այլև դառնալ արտահանող երկիր: Իսկ այդ ներուժն իրոք կա:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ