Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Ոչ թե բարձրաձայն, այլ` բարձրագոչ

am en ru
Och` t`e bardzradzayn, ayl` bardzragoch`_41585

Իլհամ Ալիևը ջանադրորեն նախապատրաստվում է ընթացիկ տարվա աշնանը վերստին գրավել երկրի թիվ մեկ աթոռը:

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին, հանդես գալով նոր էներգետիկ ու կոմունիկացիոն հնարավորություններին նվիրված կոնֆերանսում, Ադրբեջանի փոխվարչապետ, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը վստահություն էր հայտնել, որ գործող նախագահը 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում անպայման կհաղթի: Իսկ նման վստահության հիմքը երկրում տեղի ունեցող փոփոխությունններն են և աշխարհում Ադրբեջանի վարկանիշի բարձրացումը: Այս պայմաններում, ըստ փոխվարչապետի, ժողովուրդը միանշանակ կկանգնի իր անփոփոխ առաջնորդի կողքին:

Իլհամ Ալիևը դեռևս 2005-ին էր ստանձնել հոր` Հեյդար Ալիևի, կողմից ստեղծված կուսակցության ղեկավարումը, և առայսօր այն հեգեմոն դերակատարություն ունի երկրի քաղաքական կյանքում:

Իր տիկնոջը` Մեհրիբան Ալիևային, փոխնախագահի պաշտոնում հաստատելուց հետո, թվում էր, Իլհամը նախագահական աթոռը պիտի զիջեր նրան, մանավանդ որ կուլիսների հետևում խոսք էր գնում կրտսեր Ալիևի առողջական լուրջ խնդիրների մասին: Թե ինչքանով են առողջությանը վերաբերող խոսակցությունները համապատասխանում իրականությանը, դժվար է ասել. փաստն այն է, որ ամենաբարձր մակարդակներով արդեն իսկ ուղերձներ են հղվում ներքին ու արտաքին լսարանին, որ Իլհամ Ալիևն անփոխարինելի է, և երկրի կայուն առաջնըթացը պայմանավորված է միայն նրա անձով:

Ադրբեջանի երկարամյա ղեկավարը կարծեք լուրջ կռվաններ ունի իր անպարտելիությունը շեշտելու համար: Առաջինը «տնտեսական հաջողություններն են ու սոցիալական բարեկեցության անշեղ բարձրացումը»: Այս գործոնները զուգակցելով ղարաբաղյան ճակատում ունեցած «ռազմական հաջողությունների» հետ, Ալիևը ձգտում է առաջնորդի իր կերպարին բարեմասնություններ հաղորդել, թեպետ նախորդ երկու ընտրություններում էլ դարձյալ նույն փաստարկներով էր մրցակցել:

Նույն այս համատեքստում կարելի է դիտարկել Ալիևի հաշվետվությունը «Ադրբեջանական Հանրապետության տարածաշրջանների` 2014-2018թթ. ժամանակահատվածում սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» եզրափակիչ արդյունքներին նվիրված կոնֆերանսում: «Չնայած անցյալ տարի մեր բյուջեն համեմատաբար քիչ է եղել, իսկ նավթի գները մնացել են ցածր մակարդակում, այդուհանդերձ, ճիշտ քաղաքականություն վարելու և ֆինանսական կարգապահությունը բարձրացնելու շնորհիվ մենք ավելացրել ենք արտարժույթի պաշարները 4.5 միլիարդ դոլարով: Ես վստահ եմ, որ ընթացիկ տարում դրանք կշարունակեն ավելանալ»,- ասել է նա: Ընդ որում`Ալիևն իր նվաճումների մեկնարկ է համարում 2003 թվականը, երբ հորից ժառանգել էր գահը: Եվ տարեցտարի բազմավեկտոր զարգանալով, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, «Ադրբեջանում այսօր ապահովված են կայունությունը, անվտանգությունն ու ներքին հանգստությունը», ինչը կասպյան հանրապետությունը դարձնում է օրինակելի երկրներից մեկն աշխարհում: Զավեշտալի է, եթե ավելին չասենք, հատկապես Ալիևի պնդումը քաղաքացիական համերաշխության և ժողովուրդ-իշխանություն միասնության մասին…

Բայց քարոզչությունն ամեն տեսակ ստեր հանդուրժում է, և Ալիևը ոգևորությամբ շարունակում է այդ ուղղությամբ առաջ անցնել: Նա անդրադառնում է «տարածքային ամբողջականության վերականգնմանը», մասնավորապես շեշտադրում անելով նախորդ դարի 90-ականների սկզբին և 2016-ի ապրիլին իրենց վերահսկողության տակ հայտնված Շիխարխ և Ջոջուխ Մարջանլի բնակավայրերում իրականացված ծավալուն շինարարական աշխատանքներին վրա: Նկատենք, որ Շիխարխը կազմավորվել է Մարտակերտի շրջանի Մարաղա և Լենինավան բնակավայրերի վարչական հատվածում: Այս գյուղերը 1992-ին ասպատակվել են ադրբեջանական բանակի կողմից, բնակչության մի մասը սպանվել է, մյուս մասը բռնագաղթել: Իլհամ Ալիևը հպարտանում է հենց այս ցեղասպանված տարածքում 1170 ադրբեջանական ընտանիքների համար բնակարաններ կառուցելու հանգամանքով: Իսկ Ջոջուխ Մարջանլին Ֆիզուլիի շրջանի Լելե Թեփեի /Վարազաթումբ/ մոտ գտնվող, մինչ այդ անմարդաբնակ գյուղն է, որն ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանցիներն իբր բնակեցրել են: Բաքվի տիրակալը սա համարում է տարածքային ամբողջականության վերականգնում և հատուկ կարևորություն է տալիս դրան, քանի որ ըստ Ալիևի` այդ տարածքներն ազատագրվել են ադրբեջանական բանակի կողմից:

«Մենք, այսպիսով, վարում ենք լրիվ անկախ քաղաքականություն, բոլոր հարցերում ունենք մեր դիրքորոշումը և չվախենալով`այդ դիրքորոշման մասին ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք»,-ասել է Իլհամ Ալիևը:

«Ի լուր աշխարհի»-ն բարձրաձայն չէ` բարձրագոչ է հնչում, և այն թերևս լսելի է սոսկ Ադրբեջանում: Ավելի ճիշտ` Բաքվում: Իսկ գո՞ւցե պարզապես միայն ալիևյան պալատում: Մենք թերևս դրան կանդրադառնանք, այն էլ ոչ մեկ անգամ. առջևում նախագահական ընտրապայքարն է, որի արձագանքները, ցավոք, կարող են լինել նաև ղարաբաղա-ադրբեջանական սահմանին` շփման գծում:

 

 

Ստեփանակերտ

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ