Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Փոխադարձ վստահության սկիզբը իրատեսական խոստումներն են

am en ru
P`okhadardz vstahowt`yan skizbe iratesakan khostowmnern en_100357

  Ավարտին է մոտենում Երևանի քաղաքապետի պաշտոնի համար շուրջ երկու շաբաթ մղվող պայքարը: Վերջին օրերին այն ակնհայտ սրացման միտումներ ունի: Կողմերը սկսել են առավել կոշտ քննադատել իրար, հաճախ անցնելով թույլատրելիի սահմանները ինչպես գրված, այնպես էլ չգրված՝ փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա հիմնված օրենքներով: Իհարկե, այս ամենը խիստ մտահոգիչ է: Սակայն այսօր խոսելու եմ քարոզարշավի մեկ ուրիշ կողմի մասին:

Պարզապես, աչք է զարնում, որ գրեթե բոլոր թեկնածուները քիչ են մտահոգված իրենց ծրագրերի իրականացմամբ: Իհարկե, այս խնդիրը նոր չէ, համապետական ընտրությունների ժամանակ՝ «որքան շատ խոստում, այնքան լավ» սկզբունքն ինչ-որ տեղ արդարացված է, սակայն այս պարագայում այն կարող է աշխատել թեկնածուների դեմ: Խնդիրը այն է, որ քաղաքի ավագանին՝ քաղաքապետի գլխավորությամբ, կարող է իրականացնել գործողություններ միայն իր լիազորությունների շրջանակներում:

  Դրանցից են, մասնավորապես, տրանսպորտը, կոմունալ տնտեսությունը, աղբահանությունը, քաղաքացիների հանգստի կազմակերպումը և մի շարք այլ ոլորտներ, որոնք անմիջականորեն գտնվում են քաղաքապետարանի լիազորությունների ներքո:  Իսկ եթե խոսվում է ինչ-որ մտադրությունների մասին, որոնք դուրս են այդ շրջանակներից, անհրաժեշտ է հստակեցնել, որ դրանք ընդամենը բարի ցանկություններ են, իսկ դրանց իրականացումը չի կրում իմպերատիվ բնույթ:

Ի՞նչ է նշանակում, ասենք, երբ թեկնածուն հայտարարում է, որ քաղաքապետ ընտրվելու պարագայում նպաստելու է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը, մասնավորապես, նվազեցնելով վարկի կանխավճարի տոկոսադրույքները: Սա, ինչպես ժողովուրդն է ասում, միայն քաղաքապետի «հագով» չէ: Առանց շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման՝ ֆիննախ, ԿԲ և այլն նման նախաձեռնությունն ուղղակի անիրականալի է: Ոչ լիազոր մարմնի համար նման համաձայնություն ստանալը հաճախ շատ դժվարին և անշնորհակալ գործ է:

Իհարկե, վերևում նշված լիազորությունների իրականացումը նույնպես անհնար է առանց այլ պետական մարմինների և կառույցների հետ համագործակցության, սակայն դրանք, ինչպես ասում են, քաղաքապետարանի «սուրբ պարտականություններն» են և գնդակն, ինչպես ասում են, գտնվում է նրա դաշտում:

Հաջորդը: Որոշ թեկնածուներ խոսում են հայեցի դաստիարակությունը վերականգնելու, աղանդների և սեռական փոքրամասնությունների դեմ պայքարն ուժեղացնելու և այլ նման բաների մասին: Իհարկե, այս ամենը շատ դրական է գնահատվում մեր ազգի ճնշող մեծամասնության կողմից, սակայն ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքապետը, ո՞րն է նրա դերը: Նման պայքար կարող են մղել հասարակական կազմակերպությունները, անհատները, քաղաքական գործիչները, բայց ոչ՝ քաղաքագլուխը, քանի որ անմիջականորեն նման լիազորություններ նա, ուղղակի, չունի:

Այսպիսի օրինակների շարքը կարելի է շարունակել, սակայն չեմ ցանկանում շատ ծավալվել, առավել ևս՝ քար նետել որևէ թեկնածուի քամ քաղաքական ուժի «բոստանը»: Պարզապես, երազում եմ, որ մի գեղեցիկ օր Հայաստանում կունենանք ընտրողների և թեկնածուների միջև ձևավորված, փոխադարձ վստահության վրա կառուցված այնպիսի քաղաքական մշակույթ, երբ թեկնածուն իրեն պարտավորված կզգա ընտրվելու դեպքում տեր կանգնել իր բոլոր խոստումներին՝ ապահովելով ոչ միայն համապատասխան գործողություն, այլև՝ հստակ հաշվետվողականություն:

Ավաղ, այս մի «գնացքն» էլ արդեն գրեթե մեկնեց, ուստի՝ բարի և խաղաղ ընտրություններ մեզ:

Եվ թող հաղթեն արժանավորները:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ