Հողը ոչ թե մերն է, որովհետև արյուն ենք թափել, այլ արյուն ենք թափել, որովհետև այդ հողը մերն է…

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Պատերազմի վտանգ չեմ տեսնում, բայց Բաքվում անհանգստություն կա. ադրբեջանագետ

am
Paterazmi vtang ch`em tesnowm, bayts` Bak`vowm anhangstowt`yown ka. adrbejanaget _67150

Հեղինակ՝ ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ 

Հայաստանում «թավշյա հեղափոխության» արդյունքում ստեղծված նոր իրավիճակը և Նիկոլ Փաշինյանը ընկալվում են որպես երկսայր սուր Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանի իշխանությունները բացարձակապես չեն պատկերացնում՝ ում հետ են բանակցելու և ինչ ընթացք է դա ունենալու: ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ նկատելով, որ Բաքվում շատ ծանր են տանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու վերաբերյալ արած հայտարարությունը:

«Ամբողջ ադրբեջանական քարոզչամեքենան այս շրջանում փորձում է ապացուցել, որ Ղարաբաղը երբեք չի եղել բանակցային կողմ և Փաշինյանի այն մոտեցումը, թե ինքը ծագումով Արցախից չէ, ըստ Ադրբեջանի՝ չի կարող դեր խաղալ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս Ղարաբաղից չէր, սակայն բանակցություններ էր վարում: Այժմ ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել այս մոտեցումը: Օրերս էլ կայացավ Մամեդյարովի այցը Փարիզ, որտեղ նա հավաստիացնում էր, որ իրենք պետք է սահմանված ձևաչափով շարունակեն բանակցությունները»,- նշեց մեր զրուցակիցը:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ հայաստանյան հեղափոխությունից հետո Բաքվում անհանգիստ տրամադրություններն ավելացել են: «Ռեժիմը գնալով խստացնում է վերահսկողական լծակները հասարակության նկատմամբ: Վերջերս էլ նոր ձերբակալություններ եղան, նոր օրենքներ ընդունվեցին գործադուլների անցկացման մասին և այլն: Ադրբեջանում ամեն ինչ անում են, որ այդ վարակիչ ալիքը ինչ-որ կերպ չանդրադառնա իրենց վրա: Այդ իսկ պատճառով սահմանային լարվածության ավելացումը պետք է դիտարկել որպես մեսիջ՝ ուղղված ինչպես Հայաստանին, այնպես էլ իրենց բնակչությանը»,- բացատրեց Հայրապետյանը:

Մեր զրուցակիցը կարծում է, որ սահմանային լարվածություն ստեղծումը Ադրբեջանի «պատասխանն» է Հայաստանին: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ հայկական հեղափոխությունն իրենց վրա մեծ ազդեցություն չի թողել և հարկ եղած դեպքում՝ պատրաստ են գնալ ռազմական գործողությունների վերսկսման:  «Սակայն վերլուծելով ամբողջ տարածաշրջանային իրավիճակը, չեմ կարծում, թե այս պահին Ադրբեջանը կգնա ինչ-որ լարվածության»,- ասաց Հայրապետյանը:

Մեր այն դիտարկմանը, որ Նախիջևանի հարցում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիան և փորձում է ուժեղացնել իր գործոնն այնտեղ, Տաթև Հայրապետյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ Թուրքիան փորձելու է հետզհետե ուժեղացնել իր դիրքը Նախիջևանում: Եթե հիշենք, նախորդ տարի այդ տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժություներ անցկացվեցին, ու մենք հստակ էլեմենտներ ենք նկատում, որ այդ ֆրոնտը, որը համարվում էր ամենախաղաղը, նրանք դարձնում են թիրախ: Ավելին ասեմ, Թուրքիան հայտարարել է, որ ինքը երկաթուղի է կառուցելու դեպի Նախիջևան: Այսինքն մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են մեծացնել իրենց ազդեցությունն այդտեղ»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարել էր, թե Բաքուն իրավունք ունի ռազմական ճանապարհով ազատագրելու «իր տարածքները»: Օրերս էլ Ադրբեջանը հայտարարեց Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի հրթիռային կայանների ձեռքբերման մասին: Ըստ ադրբեջանագետի, դրանք դեմոնստրատիրվ քայլեր են, որոնց Ադրբեջանը հաճախակի է դիմում: Նման հայտարարություններ և զինամթերքի ցուցադրություն կազմակերպել էին նաև Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ:

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ