Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմությունը կենդանի է իր կերտողներով

am en ru
Patmowt`yowne kendani e ir kertoghnerov_42479

Ղարաբաղյան շարժումը երիցս ճիշտ էր: Մենք ծանր ու դժվարին ճանապարհ անցանք դեպի անկախություն` մեր սրտում փայփայելով մայր հայրենիքին միավորվելու երազանքը: Եվ քանի որ մեր ընտրած ուղին ճիշտ է, ուրեմն, խոտորվելու իրավունք չունենք: Երբեք և ոչ մի պարագայում:

 

Պատմությունից դասեր քաղելու պարտադրանքը միշտ ուղեկցելու է մեզ:

 

 

Փետրվարի 10-20-ը Արցախում կանցկացվեն մի շարք միջոցառումներ` նվիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին: Այս մասին ասվել է տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստում:

Համաձայն ծրագրի` մեկնարկը կտրվի Մարտունի և Հադրութ քաղաքներում, այնուհետև կշարունակվեն մյուս շրջկենտրոններում, որից հետո, փետրվարի 13-ին, Ստեփանակերտ քաղաքում տեղի կունենա գլխավոր միջոցառումը: Ներկայանալու հարթակ կտրամադրվի 88-ի առաջամարտիկներին, ովքեր հանդես կգան ելույթներով ու դասախոսություններով:

Կարևոր միջոցառումներ են նախատեսվում նաև փետրվարի 19-ին ու 20-ին: Հանրապետության ողջ տարածքում  Արցախյան շարժման զոհված և մահացած ակտիվիստների հիշատակին  կմատուցվի հարգանքի տուրք, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենա պաշտոնական ընդունելություն:

Այսքանն` ըստ պաշտոնական լրահոսի: Իսկ տեղական և հայաստանյան մամուլն արդեն ձեռնամուխ է եղել «88»-ականների ակտիվիստների հետ հարցազրույցներ վարելուն, որի նպատակը պատմական փաստերի արժևորումն է: Ոչ այնքան հեռու անցյալում տեղի ունեցած իրադարձությունները նաև սուբյեկտիվ մեկնակետով են պատմվում, անշուշտ, պահպանելով թեմայի առանցքը: Չկա գլխավոր նյութից շեղում, կան յուրովի վերապատմումներ, որոնցով ևս հարստանում է մեր գոյապայքարի պատմությունը: Թերևս հստակեցնելու, համալրելու և ամբողջացնելու խնդիր կա, որ պիտի անենք այսօր, որովհետև պատմությունը կենդանի է իր կերտողներով:

Արցախյան շարժման հոբելյանական թեման, անշուշտ, «Հայ ձայն»-ի արծարծումենրի օրակարգում կլինի ամբողջ տարվա ընթացքում, իսկ առայժմ փորձենք գնահատել 88-ի դասերը գոյամարտի մեկնարկային փուլից: Ինչպիսի՞ն կլիներ Արցախի ճակատագիրը, եթե երեսուն տարի առաջ չբարձրացվեր ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ենթակայությունից հանելու հարցը:

Կա կարծիք, որ հենց Լեռնային Ղարաբաղը պատճառ դարձավ ԽՍՀՄ փլուզման, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացման պահանջն այս երկրամասից սկսվեց` հետայդու փոխանցվելով մյուս միութենական սուբյեկտներին, և հատկապես ազգային հանրապետություններին: Այս տեսակետը, սակայն, կարելի է ոչ միարժեք ընդունել: Փաստն այն է, որ շուրջ յոթանասուն տարի ադրբեջանական գերության մեջ գտնվող Ղարաբաղն իր մեջ ուժ գտավ հակադրվելու խորհրդային կարծրատիպերին, բարձրաձայնելու «ինտերնացիոնալ» կայսրությունում առկա անարդարությունների մասին, մատնանշելու ազգային խտրականության ծանր հետևանքը և, վերջապես, հաստատելու ազատ կամարտահայտության իրավունքը` թեկուզև Խորհրդային Միության պես բռնապետական երկրում:

Միևնույն ժամանակ, համայնավարական հասարակարգն արդեն սպառել էր իրեն ու այլևս չէր կարող դիմագրավել ծառացած մարտահրավերներին: ԽՍՀՄ-ը քայքայվում էր կայուն օրինաչափությամբ, և այն անպայման ճեղք էր տալու` եթե ոչ Ստեփանակերտից, ապա հսկայածավալ երկրի մեկ այլ վարչաքաղաքական տարածքից:

Արժանին պիտի մատուցել Շարժման առաջամարտիկներին, ովքեր կանխատեսեցին գորբաչովյան Վերակառուցման հնարավոր հետևանքները և ունակ եղան իրենց հետևից տանելու ժողովրդական զանգվածներին: Անգամ եթե կայսրության փլուզումն անխուսափելի էր, միևնույնն է, տրոհումն ընթացավ ծանր ցնցումներով: Այն, ինչ տեղի է ունեցել 1988-1991 թվականներին, այսինքն` մինչև ԼՂՀ հռչակումը, այլ կերպ չես որակի, քան Ադրբեջանի և կենտրոնական իշխանությունների կողմից իրականացված պետական ահաբեկչություն: Հայերի բռնի տեղահանումներ ու զանգվածային ջարդեր, ապօրինի ձերբակալություններ և պետական կառույցների կազմալուծում. այս բոլոր դաժանությունները նպատակաուղղված էին ազատության ձգտումն օրորոցում խեղդելուն: Բայց ըմբոստ Արցախը կարողացավ դիմագրավել այդ փորձություններին ու վերածվեց ֆորպոստի ոչ միայն աշխարհագրական իմաստով, իրավամբ դարձավ միասնականության գաղափար, որի շուրջ համախմբվեց ողջ հայ ժողովուրդը:

Ինքնին պարզ է, որ եթե արցախահայությունը չընդվզեր ու ԽՍՀՄ-ի քայքայումից հետո մնար անկախություն ստացած Ադրբեջանի կազմում, անպայման կարժանանար Նախիջևանի դառը ճակատագրին: Մեկընդմիշտ կմարեր ազատության հուրը հայի կրծքում, և նույնիսկ ավելին` նոր սպառնալիքներ կառաջանային Հայաստանի սահմաններում, որպիսին այսօր առկա է Նոյեմբերյանում, Իջևանում… Իսկ Արցախի Հանրապետության սահմաններն, ինչպես հայտնի է, յուրօրինակ մարտադաշտի են վերածվել:

Ղարաբաղյան շարժումը երիցս ճիշտ էր: Մենք ծանր ու դժվարին ճանապարհ անցանք դեպի անկախություն` մեր սրտում փայփայելով մայր հայրենիքին միավորվելու երազանքը: Եվ քանի որ մեր ընտրած ուղին ճիշտ է, ուրեմն, խոտորվելու իրավունք չունենք: Երբեք և ոչ մի պարագայում:

Պատմությունից դասեր քաղելու պարտադրանքը միշտ ուղեկցելու է մեզ:

 

 

 

Ստեփանակերտ

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»-ի համար 

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ