Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի, Տեսնել Երևա՜նը…

Պարույր Սևակ

Պետական դավաճանությունը որպես հեղափոխության շարժիչ ո՞ւժ

am en ru
Petakan davachanowt`yowne orpes heghap`okhowt`yan sharzhich` o?wzh_55935

Շուրջ երկու օր առաջ հերթական հանրահավաքի համակարգողներից մեկը հայտարարեց, որ արտերկրի մեր որոշ հայրենակիցներ գումարներ են հավաքում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկաններին կաշառելու համար։ Մասնավորապես, առաջին ոստիկանը, որը կմիանա նիկոլենց, իբրև թե կստանա  10 հազար ԱՄՆ դոլար, իսկ յուրաքանչյուր հաջորդը՝ 2 հազարական։

Ցանկանում եմ հավատալ, որ նման բան չկա, և սա պարզապես հերթական սադրանքն է՝ երկրում վիճակն ավելի ապակայունացնելու ուղղությամբ։ Այս առումով ակնկալում եմ, որ մեր համապատասխան մարմինները պարզաբանում տան փաստորեն մեր պետության հիմքերը սասանելու մասին արված հայտարարության վերաբերյալ։

Իսկ եթե կա նման բան, ապա սա արդեն ոչ միայն կոպիտ և գռեհիկ միջամիտություն է մեր երկրի ներքին գործերին, այլև անմիջական վտանգ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Սա պետք է պարզ լինի ցանկացած բանական մարդու և հայրենասեր հայի համար։ Իսկ չհասկացողներին կամ հորթի հրճվանքով այս լուրը համացանցով տարածողներին և քննարկողներին, որոնց մեջ կան նաև մոլորյալներ, բացատրեմ, ինչու։

Սիրելիներս։ Ուժային կառույցների ներկայացուցիչները պաշտոնի անցնելուց առաջ երդում են  տալիս։ Նրանք երդվում են ոչ թե որևէ անհատի, այլ պետությանը, Հայրենիքին։ Եթե այդ Հայրենիքի ղեկավարը քաղաքացիների մի մասի, թեկուզև՝  70-80 տոկոսի կարծիքով չի արդարացնում իրենց սպասելիքները, դա դեռևս իրավունք չի տալիս ոստիկանին, զինվորականին, անվտանգության  մարմինների աշխատակցին դրժել Հայրենիքին տված իր երդումը։ Եվ բարոյական չէ համեմատություն անել ուկրաինացի, մոլդովացի կամ չգիտեմ էլ որտեղացի երդամնադրուժների հետ։ Մենք հայ ենք, մենք Արցախ ունենք մեր թիկունքում։

Հարց եմ տալիս ի՞նչ տարբերություն կա կաշառակերի, թալանչու, տարիներ շարունակ սեփական ժողովրդին կեղեքողի և երկրում կարգ ու կանոնը պահպանող ոստիկանին կաշառելու փորձ կատարող «հայրենասերի» միջև։ Ո՞րն է ավելի ստոր ու վտանգավոր։ Մինչև ո՞ւր կարող է տանել նման այլասերված հոգեբանությունը։ Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչպիսի հաղթաթուղթ եք տալիս մեր թշնամիներին։ Իսկ եթե վաղը, ասենք, Ադրբեջանը հայտարարի որ ոչ թե 10, այլ 100 հազար դոլար է տալիս յուրաքանչյուր հանձնված զինվորի՞ն։ Հավատացեք, եթե զգա, որ կհասնի հաջողության, կգնա այդ քայլին։

Ի՞նչ տարբերություն։ Չէ՞ որ երկրում քաոս ստեղծելը, ինչն այսօրվա շարժման կազմակերպիչների հիմնական նպատակն է, իսկ նրանք դա չեն էլ թաքցնում, միանշանակ կհանգեցնի Արցախում և սահմաններում իրավիճակի սրմանը։ Սա հասկանալու համար առանձնակի ուղեղ պետք չէ։

Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, կարելի է հարգել կամ չհարգել Սերժ Սարգսյանին և նրա թիմին, կարելի է բոլոր քաղաքակիրթ միջոցներով պայքարել այդ թիմի դեմ, սակայն ոչ Հայրենիքին դավաճանելու հաշվին։ Անձնական կարծիքս է՝ այո, ստեղծված իրավիճակի հիմնական մեղավորը իշխանությունն է, որն այդպես էլ վերջին 10-15 տարիներին չցանկացավ երկխոսության գնալ սեփական ժողովրդի հետ, նույնիսկ փորձ չարեց հասկանալ շարքային քաղաքացու իղձերը, մտնել նրա կաշվի մեջ, տեսնել նրա տառապանքները, փոխարենը ինքնագոհ կեցվացքով պարբերաբար ինչ-որ տնտեսական աճերի թվեր ներկայացնելով։ Իսկ ժողովուրդը դրան պատասխանում էր և պատասխանում է ահագնացող արտագաղթով։

Իշխանության հետ գրեթե հավասարապես այդ պատասխանատվությունը կիսում է նաև իրեն ընդդիմություն համարող յուրաքանչյուր ԱԺ ընտրությունից հետո թարմացվող այն կոնֆորմիստ քաղաքական շերտը, որը Խորհրդարանում հնչեցրած բոցաշունչ ճառերից այն կողմ այդպես էլ, ըստ էության, չգնաց։ Տուժողը եղել է և միշտ կմնա ժողովուրդը։

Այս ամենը ոչ ոք չի վիճարկում։ Բայց ամեն ինչին չափ ու սահման կա։ Մեր ժողովուրդը մեծ տառապանքի և բազմաթիվ զոհերի գնով է կերտել այսօրվա դե յուրե անկախ Հայրենիքը, որը դեռևս կարիք ունի այդպիսին դառնալու դե ֆակտո։ Սակայն երբեք չի դառնա, եթե հիմքում ընկած լինի պետական դավաճանությունը։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ