Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Սերժիկ Ավետիսյանի ընտրությունը հետքայլ կլինի, անգամ Մկրտումյանի համեմատ. փաստաբան

am
Serzhik Avetisyani entrowt`yowne hetk`ayl klini, angam Mkrtowmyani hamemat. p`astaban _76203

Հեղինակ՝ ԱԿԱԹԻ ՎԱՀԱՆՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է  փաստաբան  Երվանդ Վարոսյանը

-Պարո՛ն Վարոսյան, Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար շրջանառվում է նույն դատարանի քրեական պալատի նախագահ  Սերժիկ Ավետիսյանի անունը: Մամուլում և իրավաբանական շրջանակներում սա ոչ միանշանակ ընդունվեց, այն դիտարկմամբ, որ այս նշանակմամբ՝ Վճռաբեկ դատարանի նոր նախագահն  առանձնապես չի տարբերվելու նախորդից՝  սկանդալային  պատմություններով աչքի ընկած  Արման Մկրտումյանից: Ի՞նչ դիտարկումներ ունեք  այս թեկնածության վերաբերյալ:

-Ես այն կարծիքին եմ, որ Սերժիկ Ավետիսյանի ընտրությունը կլինի մեկ քայլ հետընթաց, անգամ Մկրտումյանի համեմատությամբ:
Սերժիկ  Ավետիսյանը հայտնի է օրենքի յուրահատուկ,  ռեպրեսիվ մեկնաբանություններով և բազմաթիվ  ակնհայտ ապօրինի վերջնական դատական ակտերով: Ես չեմ հասկանում, թե իր կերպարի ո՞ր հանգամանքը պետք է ստիպի, որ նա ընտրվի  Վճռաբեկ դատարանի նախագահ:  Նրա կենսագրությունում  և դատավորական  գործունեության ընթացքում չկա մի հանգամանք, որը հույս կտա ենթադրել նրա նշանակման ճիշտ լինելու մասին:

-Փաստաբանական շրջանակներում պատրաստվու՞մ  են բողոքել այս ընտորության դեմ՝ հաշվի առնելով Հայաստանի եռաստիճան դատական համակարգում Վճռաբեկ դատարանի կարևորության հանգամանքը:

-Վերջին  փոփոխություններից հետո լիազորությունների առումով  դա թեև այնքան էլ կարևոր պաշտոն չէ, բայց  ընդհանուր դատական համակարգի համար շատ կարևոր է տեսնել, թե ով է  ղեկավարում Վճռաբեկ դատարանը: 
Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ եմ պատրաստվում անել, ապա, ինչպես միշտ, պատրաստվում եմ օգտվել խոսքի ազատության իմ  իրավունքից և իմ կարծիքն ազատորեն արտահայտել:  Ես գտնում եմ, որ Սերժիկ Ավետիսյանն այն դատավորը չէ, ով իրավունք ունի ղեկավարել Վճռաբեկ դատարանը: Ես արտահայտվելու իմ կարծիքը՝  փաստերով հիմնավորված:

-Սերժիկ Ավետիսյանը  եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  մարտի 1-ի դեպքերով  քրեական գործը քննած դատավորներից մեկը: Դուք էլ եղել եք  Փաշինյանի պաշտպանը և գործին շատ լավ ծանոթ եք: Ի՞նչ եք կարծում, ներկա իշխանություններն արդյո՞ք հաշվի չեն առնելու այս հանգամանքը, և  այդ փաստն  ինչպիսի՞ ազդեցություն կունենա ընտրության վրա:

 

-Սերժիկ Ավետիսյանի մոտ ես ունեցել եմ բազմաթիվ գործեր և նշեմ, որ Նիկոլ Փաշինյանի գործի վերաբերյալ կայացված ակնհայտ ապօրինի որոշումը Սերժիկ Ավետիսյանի կարիերայի ամենախայտառակ որոշումը չէ: Ուստի,  նրան մերժելը միայն այդ որոշմամբ չէ, որ պետք է պայմանավորված լինի: Սերժիկ Ավետիսյանի  կողմից հեղինակած շատ ավելի «հետաքրքիր» որոշումներ կան:

-Տեղի ունեցած հեղափոխությունից հետո  հասարակության մի ստվար հատվածի  մոտ հույս արթնացավ, որ դատական իշխանությունն այսուհետ գործելու է որպես անկախ և անկաշառ ինստիտուտ: Ձեր դիտարկմամբ, այս փոփոխությունները ինչպե՞ս են ազդել դատական համակարգի անկախության վրա և  կարո՞ղ ենք արդեն որոշակի առաջընթացի մասին  խոսել, թե՞ դեռ վաղ է:

-Այս պահին, իհարկե, դեռ վաղ է նման եզրահանգումներ անել և  կարծում եմ, որ այդ մասին ճիշտ կլինի խոսել խորհրդարանական ընտրություններից հետո: Ինչու՝ մեծ հարց է,  թե մենք ի՞նչ ենք ակնկալում բարձրագույն դատական խորհրդից, որն այսօր դատական իշխանությունը ձևավորող մարմինն է:  Առավել մեծ հարց է, թե ԲԴԽ-ն՝ իր  այսօրվա կազմով իրավունք ունի՞ գոյություն ունենալ: Եթե մենք համարում ենք, որ նախկին  իշխանությունները լեգիտիմություն չունեին և հեռացան, ապա ինչու՞ պետք է  գոյություն ունենա  իրենց կողմից ձևավորված մարմինը:  Արդյո՞ք Գագիկ Հարությունյանն այն անձն է, ում մենք պետք է վստահենք մեր  դատական համակարգի ձևավորումը:
Դատական համակարգն այնքան բարդ և նուրբ երևույթ է, որ այստեղ կայծակնային փոփոխություններ ակնկալելն անհնար է, ես հույս ունեմ, որ կտեսնեմ գոնե այդ ճանապարհի սկիզբը:

 
-Եթե մինչ այս պարբերաբար շրջանառվում  էր, որ դատական համակարգը ղեկավարվում է  Բ26-ի կողմից, ապա այսօր, եթե ընդունենք, որ այդ գործոնը բացառվում է, իշխանություններից անկախ  գործելը կնպաստի՞ այս համակարգի կայացմանն  ու անկախ  գործունեությանը:

-Այո, ճիշտ էր շրջանառվում: Ինչ վերաբերում է իշխանություններից ազատ գործելուն, ապա դա ընդամենը համակարգի  կայացման տարրերից մեկն է: Դատական համակարգը դատավորներն են՝ համապատասխան կրթական մակարդակով  և անկախ որոշումներ կայացնելու ունակությամբ: Կայացումը պետք է ընդհանուր, համալիր ձևով լինի: Միայն իշխանություններից անկախացմամբ՝ կոռումպացված  և կախյալ համակարգն անկախ դատական համակարգ չի դառնա:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ