Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Շատ դանդաղ է փոփոխությունների ընթացքը Հայաստանում. Վերապատվելի Ռընե Լեւոնյան

am
Shat dandagh e p`op`okhowt`yownneri ent`ats`k`e Hayastanowm. Verapatveli Rhene Lewonyan_30535

Հայ Ավետարանչական համաշխարհային խորհրդի եւ Եվրասիայում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչ, Ֆրանսիայի Աստվածաշնչային ընկերության նախկին քարտուղար, Վերապատվելի Ռընե Լեւոնյանը հաճախ է այցելում Հայաստան: Նա տարիներ շարունակ ծառայություն է իրականացրել Հայաստանում, եւ այստեղ շատ լավ գիտեն Արցախի խնդրի եւ հայկական հարցերի ջատագով ու աջակից գործչին:

Ռընե Լեւոնյանի հայաստանյան հերթական այցի ժամանակ «Հայ Ձայնը» զրուցեց նրա հետ, փորձելով իմանալ ֆրանսահայ գործչի կարծիքը հայաստանյան ներկա իրավիճակի մասին, մանավանդ Վերապատվելին երկար տարիներ ապրել եւ գործել է Հայաստանում եւ շատ լավ տեղյակ է իրավիճակից: Ըստ մեր զրուցակցի, անզեն աչքով նկատելի է, որ Երեւանը զարգանում է, գեղեցկանում է, ինչը դրական տպավորություն է թողնում դրսից եկողների վրա, սակայն ներքին փոփոխություններն ու զարգացումը այդքան արագ չէ, որքան՝ արտաքինը:

«Ես, 17 տարի, բացի եկեղեցական ծրագրերից, նաեւ Ամերիկայի եւ Ֆրանսիայի հայկական բարեգործական ծրագրերի պատասխանատու էի Հայաստանում: Այդ օրերին կարողացանք բարեգործական ծրագրեր իրականացնել, մեր կապը, շփումը ժողովրդի հետ բավական աշխույժ եւ ամուր էր: Այսօր շատ եմ ուզում հայտարարել, թե Հայաստանում դժվարությունները, աղքատությունը վերացել են կամ ավելի քիչ են, սակայն այդպես չէ:

Դժբախտաբար, իրավիճակը նույնն է, ինչպես՝ 10-20 տարի առաջ, նույնիսկ մի շարք ընտանիքների վիճակն ավելի է վատացել: Ես սա տեսնում եմ, զգում եմ, քանի որ շփումներ ունեմ ինչպես Հայաստանում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող տարբեր մակարդակի մարդկանց, այնպես էլ՝ հասարակ ժողովրդի հետ: Երբ փողոցով քայլում եմ եւ երբ ինձ ճանաչողները բարեւում են, խոսում են հետս, դժվար չէ հասկանալ՝ ինչ իրավիճակ է տիրում երկրում: Իհարկե, գնահատելի է այն ջանքը, որ միտված է Հայաստանում բարեփոխումներին, պետական մարմինների, ժողովրդի, սփյուռքահայ ներդրողների կողմից, սակայն միաժամանակ այս ընթացքը շատ դանդաղ է»,-նշեց Վերապատվելի Ռընե Լեւոնյանը: Նա ասաց նաեւ, որ իր անկեղծորեն արտահայտվելը Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իր սիրո եւ սրտացավության դրսեւորումն է:

 

«Մենք՝ սփյուռքահայերս շատ բաներ ունենք ասելու, անելու եւ օգնելու Հայաստանին, բայց նաեւ հայաստանցին մեզ եւ ընդհանրապես աշխարհին սովորեցնելու ու տալու շատ բան ունի, ուստի այս պատճառով էլ ես ուզում եմ իրատես լինել: Այն 10 տարին, երբ ես եւ կինս այստեղ ապրեցինք, շատ հեշտ ընտելացանք կյանքին, դժվարություններ չունեցանք: Հաճախ կիրակնօրյա պատգամների ժամանակ ես ասում էի՝ «մենք հայաստանցիներս», ես տարբերություն չէի դնում մեր եւ հայաստանցիների միջեւ: Հայը հայ է մնում, եւ նախքան հայ լինելը նա մարդ է,-«Հայ Ձայնի» հետ զրույցում ասաց Վերապատվելի Ռընե Լեւոնյանը, հույս հայտնելով, որ կվերանան Հայաստանի զարգացման խոչընդոտները եւ տարետարի դրսից եկողները ավելի արագ կզգան հայրենիքի բարգավաճումը:

 

 

 

Հարցազրույցը ՝ Ս.Ա.ի

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ