Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Սիրիահայությունը, չնայած կրած մարդկային, գույքային կորուստներին՝ կարողացավ պահպանել իր գոյությունը

am
Siriahayowt`yowne, ch`nayats krats mardkayin, gowyk`ayin korowstnerin, karoghats`av pahpanel ir goyowt`yowne_95539

 

 2016թ. դեկտեմբերին Հալեպի ազատագրումից հետո սիրիահայության համար ավարտվեց ճգնաժամի ամենաթեժ փուլը, որից հետո այն աստիճանաբար պետք է անցներ պատերազմի վերքերն ապաքինելու երկարատև ու դժվարին գործին։ Չնայած կրած հսկայական մարդկային և գույքային կորուստներին՝ համայնքը, այնուամենայնիվ, կարողացավ պահպանել իր գոյությունը։ Դրա վկայություններն են.

 

    Սիրիական ճգնաժամի հետևանքով ամենամեծ կորուստը կրեց Հալեպի հայ համայնքը։ Եթե մինչ ճգնաժամը այն հաշվվում էր մոտ 50 հազար, ապա քաղաքի ազատագրման պահին այնտեղ մնացած հայերի թիվը կազմում էր 8-10 հազար։ Կորուստն, ինչ խոսք, ահռելի է։ Այնուամենայնիվ, թեկուզ այդ թվաքանակով հայության ներկայությունը թույլ տվեց կանխել համայնքի իսպառ վերացումը։ Բացի այդ, քաղաքի ազատագրումը և խաղաղ միջավայրի ամրապնդումը թույլ են տալիս հատկապես Սիրիայի այլ շրջաններ (օրինակ՝ Լաթաքիա) և Լիբանան տեղափոխված հալեպահայերին վերադառնալ իրենց ծննդավայր, ինչը և ներկայում աստիճանաբար տեղի է ունենում։ 

  Ավելի նվազ չափերով նման միտում կա նաև Հայաստան գաղթած հալեպահայերի շրջանում։ Թե որքան է հիշյալ միտումների արդյունքում ավելացել հալեպահայության թվաքանակը և դեռ որքան ավելանալու ռեսուրս կա՝ դժվար է ասել։ Փաստ է, որ չնայած ստացած մահացու վերքերին՝ Հալեպի հայ համայնքը, այնուամենայնիվ, կարողացավ գոյատևել։

 

Սիրիական ճգնաժամի հետևանքով տուժած մյուս համայնքը Քեսապն էր, որը 2014թ. մարտին, ենթարկվելով հարձակման, ամբողջությամբ հայաթափվեց։ Երեք ամիս անց, այնուամենայնիվ, սիրիական կառավարական զորքերը կարողացան ազատագրել հայկական շրջանը, և այնտեղից հեռացած հայությունը սկսեց աստիճանաբար վերադառնալ։ Ներկայում Քեսապը կրկին հայկական է։

Միակ համայնքը, որ դեռևս չի ապաքինվում պատերազմի վերքերից, Դեր-Զորի հայ համայնքն է։ Ահաբեկիչների կողմից այդ շրջանի գրավումից և հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումից հետո այնտեղի հայությունը գրեթե ամբողջությամբ հեռացավ։ Ներկայում էլ, չնայած շրջանն ազատագրված է, սակայն հայերի՝ Դեր-Զոր վերադառնալու մասին տեղեկություններ հայտնի չեն, հակառակ ավերված եկեղեցու վերականգնման տեսլականներին։

Սիրիայի մյուս հայաշատ շրջանները՝ Դամասկոսը, Հոմսը, Լաթաքիան, Ղամիշլին և այլն, չեն եղել ուժգին և տևական ռազմական գործողությունների թատերաբեմ։ Հետևաբար, այս բնակավայրերի հայ համայնքները համեմատաբար քիչ են տուժել սիրիական պատերազմի հետևանքով։ Ներկայում սիրիահայության ընդհանուր թվաքանակը կազմում է 20-25 հազար, ինչը թույլ է տալիս խոսել համայնքի կարգավիճակով այնտեղ հայկական ներկայության մասին։

 

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կադալ noravank.am կայքում

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ