Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Սիրիական հակամարտությանը ներգրավված բոլոր արտաքին դերակատարներից ամենաշահեկանը Թուրքիայի դիրքերն են. արաբագետ

am
Siriakan hakamartowt`yane nergravvats bolor artak`in derakatarnerits` amenashahekane T`owrk`iayi dirk`ern en. arabaget_55619

Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների շուրջ «Հայ Ձայն»-ի հարցերին պատասխանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը

 

 

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք արևմտյան եռյակ երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի դեմ ուղղված հարվածներից հետո հավանական է, որ բանակցային փուլը՝ այս տագնապի հետ կապված, վերաշխուժանա:

-Անշուշտ, բավական սակավ, այնուամենայնիվ, կա որոշակի հնարավորություն, որ սիրիական իշխանությունների դեմ, այսպես կոչված, «պատժիչ հարվածից» հետո կարող է նախաձեռնվել նաև հակամարտության կարգավորմանը միտված որոշակի քաղաքական գործընթաց, մինչդեռ կասկածից վեր է, որ դրա արդյունավետությունը գրեթե զրոյական է լինելու: Պատճառն այն է, որ շարունակում են խորը տարաձայնությունները, ինչպես հակամարտությանը ներգրավված աշխարհաքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային հիմնական դերակատարների միջև, մյուս կողմից՝ Սիրիայի ներսում դիրքային շարժերը հիմնականում սիրիական վարչակարգի օգտին են, ինչը որևէ հնարավորություն չի ստեղծում քաղաքական սակարկությունների համար: Իսկ միջազգային հարաբերություններում առկա բազմաշերտ լարվածությունը և դրա խորացման միտումները թույլ են տալիս կանխատեսելու, որ սիրիական հիմնախնդիրը հակամարտ բևեռների համար հետագայում էլ ծառայելու է ոչ թե բանակցելու, այլ տրամագծորեն հակառակը՝ առնվազն որպես «մկաններ ցուցադրելու» հարթակ:

 

-Մի շարք արաբ վերլուծաբաններ, խոսելով անցյալ շաբաթ տեղի ունեցած զինվորական հարվածի մասին, նկատել են տվել, որ այդ հարվածի գլխավոր նպատակն էր զրոյացնել Սիրիայի քիմիական զենքի արտադրության բոլոր մակարդակները: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, և ինչքանո՞վ է ճիշտ այս մոտեցումը:

Ես կարծում եմ՝ Սիրիայի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ կապ ունեցող օբյեկտների դեմ իրականացված գործողությունը պետք է դիտարկել մի քանի մակարդակում. Ձեր նշած փորձագետների ներկայացրած տեսակետը միայն մեկ բաղադրիչն է: Իսկ սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի տիրապետելու վերաբերյալ մեղադրանքները գնահատում եմ «ենթադրյալ», քանի որ 2013 թ. վերջին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցելուց հետո 2 տարվա ընթացքում, ըստ նույն կազմակերպության, Դամասկոսը հանձնել է քիմիական զենքի ողջ զինանոցը: Իսկ Սիրիայի դեմ իրականացված հարվածի մյուս թիրախային ուղղությունները կարելի է դիտարկել նաև սիրիական իշխանություններին, նրանց արտաքին հովանավորներին ուղղված նախազգուշացումներն առ այն, որ այս հակամարտության շրջանակներում որևէ սկզբունքային գործընթաց չի կարող անտեսել Աևմուտքի և նրա տարածաշրջանային դաշնակիցների շահերը: Բացի այդ, ռազմագործողությունը կարելի է գնահատել նաև՝ որպես վերջին շրջանում Մոսկվայի և Թեհրանի դեմ գործադրվող համակողմանի ճնշման քաղաքականության հերթական բաղադրիչ՝ միտված մերձավորարևելյան տարածաշրջանում այս առանցքային դերակատարների հեղինակության սասանմանը:

 

 

-Խոսելով ռուսական դերի մասին, կարծիք կա նաև, որ Ռուսաստանը, չհակարդաձելով այս հարվածներին, աշխարհը փրկեց բավական լուրջ և վտանգավոր պատերազմից կամ զարգացումներից: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

-Նախ և առաջ, հարկ է նշել, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված համատեղ ռազմագործողությունը չափազանց զգույշ և մանրազնին կերպով իրականացված «ոսկերչական» գործողություն էր, որը նպատակ էր հետապնդում թիրախավորել բացառապես Սիրիայի քիմիական զենքի հետ կապված օբյեկտները՝ խուսափելով վնասել այդ երկրի տարածքում եղած որևէ այլ արտաքին դերակատարի դիրքերը՝ հարվածելուց առաջ կանխավ տեղեկացնելով մի շարք շահագրգիռ խաղացողների, այդ վում նաև՝ Ռուսաստանին. այլ կերպ ասած՝ «պատժիչ հարվածը» նաև Արևմուտքի «երեսը» փրկելուն միտված թիրախային գործողություն էր: Նշվածի տրամաբանության շրջանակներում էր նաև Մոսկվայի կողմից պատասխան գործողության բացակայությունը: Մինչդեռ ենթադրվում է, որ Ռուսաստանի պատասխան գործողությունները տեղի կունենան որոշակի ժամանակահատված անց՝ նույն Սիրիայի տարածքում Արևմուտքի հովանավորյալ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների դեմ իրականացվելիք հարվածների տեսքով կամ սիրիական վարչակարգի համապատասխան գործողություններին ցուցաբերվելիք աջակցությամբ: Զուգահեռաբար նաև հատկապես ռուսական և ռուսամետ ԶԼՄ-ները Մոսկվայի կողմից պատասխան գործողության չգնալու իրողությունը ներկայացնում են՝ որպես խոհեմ քայլ, որի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այսպես կոչված «Երրորդ համաշխարհայինից»: Մինչդեռ, իմ խորին համոզմամբ՝ վերջին օրերի լարվածության նման հանգուցալուծումն արդյունք է այն պարզ ճշմարտության, որ աշխարհաքաղաքական դերակատարներից որևէ մեկը նախ պատրաստ չէ, հետևաբար նաև չի ցանկանում բախումները տանել գլոբալ առճակատման հունով:

 

-Հնարավո՞ր է, որ Արևմուտքը կրկնի այս հարձակումները, նկատի ունենալով, որ ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Իրանը պատասխանեցին այս հարվածներին:

-Անշուշտ հնարավոր է, քանի որ արևմտյան երկրները նաև սիրիական հակամարտության շրջանակներում ունեն սեփական շահերը և դրանց պաշտպանության համար անհրաժեշտության դեպքում կարող են գնալ նաև նման քայլերի: Պետք է արձանագրել մի պարզ ճշմարտություն, սիրիական հակամարտությունը մերօրյա աշխարհի միջազգային բախման ամենաթեժ հարթակն է, և դրան ներգրավված հակամարտ ճամբարներից մեկի հաղթանակն ուղղակիորեն կնշանակի մյուսի պարտությունը, ինչը, բնականաբար, տարբեր մակարդակներում լրջորեն կվնասի պարտված ճամբարների ներկայացուցիչների հեղինակությանը: Իսկ այս սցենարի հնարավորությունը միջազգային հարաբերություններում առկա ներկա իրողությունների պայմաններում գրեթե անհնար է: Հետևաբար, սիրիական հակամարտությանը մասնակից որևէ լուրջ դերակատարի անգամ ժամանակավոր ընկրկումը և հարաբերական հավասարակշռության խախտումը կարող է վերականգնվել ցանկացած հնարավոր եղանակով:

 

-Խոսելով այս վերջին գրոհի մասին, Թուրքիայի արտգործնախարարությունը դրական է գնահատել տեղի ունեցածը՝ նկատել տալով, որ հարվածը տեղին էր և ինչ-որ տեղ՝ ողջունելի: Անսպասելի՞ կարելի է համարել այս արձագանքը՝ նկատի ունենալով Անկարա-Մոսկվա վերջին շրջանի բացահայտ մերձեցումը: Թուրքիայի այս կեցվածքն ինչ-որ կերպ կվնասի՞ այս հարաբերություններին:

-Թուրքիայի իշխանությունների արձագանքը Սիրիայի դեմ իրականացված հարվածի առնչությամբ, ընդ որում, բոլոր մակարդակներում ինձ համար անընդունելի չէր: Բանն այն է, որ, չնայած անգամ սիրիական վարչակարգի արտաքին հովանավորների՝ Մոսկվայի և Թեհրանի հետ համատեղ ձևաչափում գործելու իրողությանը, այդուհանդերձ, պաշտոնական Անկարայի և Դամասկոսի միջև անմիջական հարաբերությունները շարունակում են գոնե առերևույթ թշնամական բնույթ կրել: Հետևաբար, սիրիական իշխանություններ դեմ իրականացված ցանկացած գործողություն դեռևս ընդունելի է Թուրքիայի համար և միանշանակորեն ողջունվելու է: Միևնույն ժամանակ, կցանկանայի ընդգծել, որ սիրիական հակամարտությանը ներգրավված բոլոր արտաքին դերակատարներից ամենաշահեկանը Թուրքիայի դիրքերն են, քանի որ այն երկխոսելու էական հնարավորություններ ունի հակամարտ ճամաբարներից յուրաքանչյուրի ներկայացուցիչների հետ, ինչը մանևրելու բավական լայն դաշտ է բացում Անկարայի համար, իսկ այս հնարավորությունը, համոզված եմ, հնարավորինս կօգտագործվի թուրքական իշխանությունների կողմից նաև հետագա զարգացումներում:

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ