Մեր ճակատի գիրը մենք պիտի գրենք

Ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիան ձգտելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում. թուրքագետ

am ru
T`owrk`ian dzgtelow e hnaravorins erkar pahpanel ir rhazmakan nerkayowt`yowne Siriayowm. t`owrk`aget_41300

Աֆրինի շրջանում Թուրքիայի ձեռնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը հետապնդում է միանգամից մի քանի նպատակ. դրանցից առաջինը Սիրիայի քրդերին սաստելն է, որոնք վերջին տարիներին աննախադեպ հաջողություններ են գրանցել՝ վերահսկելով Սիրիայի տարածքի մոտ 25 տոկոսը և Թուրքիային սահմանակից Սիրիայի շրջանների 65 տոկոսը։ Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ խոսելով Թուրքիայի՝ «Ձիթենու ճյուղ» գործողության իրական պատճառների ու նպատակների մասին:

Վերջինիս խոսքով, Թուրքիան կոնկրետ Աֆրինի շրջանի հետ կապված ուներ (ունի) երկու հիմնական մտավախություն. ա) Սիրիայի քրդերը կարող են Աֆրինի շրջանից շարժվել դեպի Միջերկրական ծով, ինչը (դեպի ծով ելքը) հետագայում նրանց զերծ կպահեր Թուրքիայի տարածքից կախվածություն ունենալուց, բ) Թուրքիան մտավախություն ուներ, որ Սիրիայի քրդերի երեք շրջանները (Ջիզրե, Քոբանի և Աֆրին) կարող էին մի գեղեցիկ օր միավորվել՝ անգամ չնայած նրան, որ 2016թ. Թուրքիայի ձեռնարկած «Եփրատի վահան» գործողությունը սեպ խրեց Աֆրինի ու Քոբանիի կանտոնների միջև։ Միավորման դեպքում թուրք-սիրիական 911 կմ-անոց սահմանի մոտ 700 կմ-ը կհայտնվեր Սիրիայի քրդերի ձեռքում (ներկայիս 500-550 կմ-ի փոխարեն), և Թուրքիան Սիրիայի հետ սահմանին կստանար «քրդական միջանցք» («քրդական պատնեշ»)։

«Գործողությունների մեկնարկի մեկ այլ պատճառ է հետևյալը. Թուրքիան «Ձիթենու ճյուղ» գործողությամբ մեծացնում է իր ռազմական ներկայությունը հարևան Սիրիայում՝ ունենալով հեռու գնացող նպատակներ։ Թուրքիան, բնականաբար, ձգտելու է հնարավորինս երկար պահպանել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Թուրքիայի կրթության նախարարությունն ու կրոնական գործերի վարչությունը լայնածավալ գործունեություն են սկսել այսպես կոչված «Եփրատի վահան գոտում»»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ Թուրքիան, հայտարարելով, թե Աֆրինում «պայքարում է նաև ԻՊ-ի դեմ»՝ դրանով իսկ փորձում է մեծացնել «ահաբեկչության դեմ պայքարում» իր դերը, հետպատերազմյան Սիրիայում իր ձայնի իրավունքը, որպեսզի մեծացնի իր մասնաբաժինը և բանակցությունների ժամանակ պահանջի այն (Թուրքիան ահաբեկչական է համարում նաև Սիրիայի քրդերի PYD-ին և YPG-ին)։

Գաբրիելյանի դիտարկմամբ, վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակ հայտարարում է 1923թ. կնքված Լոզանի համաձայնագրի վերանայման անհրաժեշտության մասին, որը ֆիքսել է նաև թուրք-սիրիական սահմանը։ «Ուշագրավ է, որ «Ձիթենու ճյուղ» գործողությունը մեկնարկեց հենց հունվարի 20-ին, քանի որ 1920թ. այդ օրը սկսվել է Մարաշի ճակատամարտը (հետագայում Մարաշը դարձավ Քահրամանմարաշ՝ թարգմանաբար Հերոս Մարաշ), քեմալականները դրա արդյունքներով շարժվել են դեպի Աֆրին, որը մինչև 1921թ. ավարտը մնացել է թուրքերի վերահսկողության տակ։ Էրդողանը դրանով հիշեցնում է, որ Աֆրինը մոտ մեկ դար առաջ պատկանել է թուրքերին։ Էրդողանը նաև փորձում է երկրի տարածքը մեծացնելու համատեքստում կրկնօրինակել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին, որի հետ նա հեռակա մրցակցության մեջ է՝ պատմության մեջ իր հետքը թողնելու առումով (1930-ականներին Աթաթուրքի ջանքերի շնորհիվ Ալեքսանդրետի սանջակը մտավ Թուրքիայի կազմ՝ վերածվելով Հաթայ նահանգի)»։

Թուրքիան, ըստ Գաբրիելյանի, «Ձիթենու ճյուղ» գործողությամբ ցանկանում է ի ցույց դնել տարածաշրջանային գերտերության իր կարգավիճակը, մեծացնել իր հեղինակությունը, տարածաշրջանային ու արտատարածաշրջանային երկրներին ստիպել հաշվի նստել իր հետ։ «Սա առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, ով մեծապես աջակցում էր Սիրիայի քրդերին։ Թուրքիան սրանով փորձում է նաև հուսալքություն առաջացնել Սիրիայի քրդերի շրջանում և ԱՄՆ-ին նրանց աչքում ներկայացնել որպես անհուսալի գործընկեր»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյանը։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ