Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքիան ստեղծում է ոչ թե իրավական պետություն, այլ պատրանք

am
T`owrk`ian steghtsowm e och` t`e iravakan petowt`yown, ayl patrank`_89423

Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

«Թուրքիան իրավական պետություն է,-

«Reuters»-ի հետ զրույցում հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը, ապա՝ շարունակել,

- ԱՄՆ-ն պետք է հարգի թուրքական դատարանի որոշումը»:

 

Ի՞նչ կլինի, եթե հավատանք այս խոսքերին: Չի լինի: Երբ տեղեկանում ենք, թե ինչ է իրականում կատարվում Թուրքիայի ներսում, պարզ է դառնում, որ իրավական պետության մասին պատկերացումներն էապես տարբեր են քաղաքակիրթ աշխարհի և Թուրքիայի համար:

Իր խոսնակի շուրթերով Էրդողանը Թուրքիան հռչակում է իրավական երկիր, մինչդեռ փաստերը հուշում են հակառակի մասին: Այդ «իրավական պետությունում» խոսքի ազատության ճգնաժամ է, իսկ ազատ խոսողները՝ երկաթե ճաղերի հետևում: Այդ «իրավական երկիրը» ամեն տարի համաշխարհային ռեկորդներ է սահմանում բանտարկված լրագրողների թվով: Ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» հրապարակած տվյալների՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Թուրքիան բանտարկված լրագրողների թվով առաջինն է ողջ աշխարհում: 2016-ին Թուրքիայում անազատության մեջ է եղել 81 լրագրող, իսկ 2017-ին՝ 73:

«Իրավական պետության նորմերին Թուրքիայում փոխարինում են եկել կամայական որոշումները»,- ասված է մեկ այլ կազմակերպության՝ «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցում:

Էրդողանի խոսնակի կողմից իրավական պետություն հայտարարվող Թուրքիայում ընդդիմադիր գործիչները, քաղաքական այլախոհները կամ բանտում են անազատության մեջ, կամ էլ ազատության մեջ են շարունակ հետախուզվում:

«Թուրքիան վերածվել է հետախուզական երկրի, որտեղ հետախուզական մարմինները աշխատում են միայն մի մարդու՝ Էրդողանի համար: Նույնիսկ մի անգամ Էրդողանն ինձ ասաց, որ իրենք հետևում են անգամ, թե ինչպես եմ ես շնչում»,- պատմել է ազատության մեջ գտնվող ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուն: Իսկ անազտության մեջ գտնվող քրդամետ ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշն էլ նկատել էր տվել. «Դժբախտաբար, այս իշխանությունների օրոք ազատությունը շատ չի տարբերվում կիսաբաց ռեժիմի բանտից»:

«Իրավական պետություն» ձևակերպումով փաթեթավորվող Թուրքիայում քաղաքացիները, որպես համացանցի օգտատերեր, ազատ ու անկաշկանդ չեն անգամ սոցիալական կայքերի իրենց անձնական հարթակներում: Թուրքական արդարադատությունը վախի ու հետապնդման մթնոլորտ է ձևավորել տարաբնույթ սոցիալական կայքերում: Համացանցի օգտատերերի նկատմամբ իրականացվում է տոտալ վերահսկողություն: Քաղաքական աղմկալի իրադարձությունների, ահաբեկչական հարձակումների, ռազմական օպերացիաների դեպքում շատ հաճախ իշխանությունները սահմանափակում կամ լիովին դադարեցնում են սոցցանցերի հասանելիությունը քաղաքացիներին: Սիրիայի Աֆրին բնակավայրում թուրքական զինուժի օպերացիայից հետո Թուրքիայի քննչական մարմինները սոցցանցերում ստուգեցին շուրջ 40.000 էջ և ձերբակալեցին 3000 մարդու:

Եվ ուրեմն, Թուրքիայում մարդուն կարող են քարշ տալ դատարան, իսկ դատարանի դահլիճից էլ՝ բանտախուց, ինչ է, թե նա համարձակվել է սոցիալական ցանցերում այնպիսի գրառում կատարել, որն օրինակ  եղել է Էրդողանի դեմ, կամ՝ քրդերի օգտին: Սովորաբար, Էրդողանին քննադատող գրառումները մեկնաբանվում են իբրև նախագահի անձը վիրավորող արտահայտություններ, իսկ քրդերի պայքարին սատարող գրառումները՝ ահաբեկիչներին աջակցող քարոզչություն: Ուշագրավ է, որ «Միսս Թուրքիա 2006» մրցույցի հաղթող Մերվե Բույուքսարաչին թուրքական դատարանը դատապարտել էր ավելի քան 1 տարվա ազատազրկման սոցկայքում արված գրառման համար:

Մինչ թուրքական իշխանությունները իրենց երկիրն անվանում են «իրավական պետություն», Եվրամիության զեկույցներում քանիցս նշվում ու մատնանշվում են  իրավական պետության հարցում Թուրքիայի ունեցած լուրջ թերացումները: Դրանցից մեկն այն է, որ այստեղ քաղաքական իշխանությունը ահռելի մեծ ազդեցություն ունի դատաիրավական համակարգի վրա։ Ինչպես դիպուկ նկատել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը. «Թուրքիան իրավական երկիր է միայն սահմանադրության մեջ, իսկ գործնականում՝ոչ»։

Հիմա, երբ թուրք-ամերիկյան հարաբերությունների գերլարված ճգնաժամում Էրդողանի կառավարությունը Վաշինգտոնից պահանջում է հարգել թուրքական դատարանի որոշումը, կալանավորված ամերկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դատական գործընթացը, հարց է առաջանում, ամենևին ոչ հռետորական: Իսկ երբ Էրդողանը միջամտության խնդրանքով դիմում էր ԱՄՆ նախագահին Իսրայելում կալանավորված Թուրքիայի քաղաքացի Էբրու Օզքանի ազատ արձակման համար, մի՞թե Էրդողանը չէր հասկանու՞մ, որ պետք է հարգել այլ երկրի դատարանի որոշումը, թե՞ Իսրայելն էր պակաս իրավական պետություն Թուրքիայից:

Թուրքիայի՝ իրավական պետություն լինելու մասին թուրք պաշտոնյաների քաղաքական հայտարարությունները նման են ավազի վրա կառուցված տների: Այս առումով պետք է հիշեցնեմ թուրք պատգամավորներից մեկի՝ «Ազգայնական շարժում» կուսակցությունից Աթիլա Քայայի գնահատականը.

«Հիմա Թուրքիայում խփում են իրավական պետության դագաղի վերջին մեխը»։

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ