Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Թուրքիայի հրթիռային ծրագիրը միջուկային զենք ստեղծելու նպատակի կարևոր ապացույցներից է. Թուրքագետ

am
T`owrk`iayi hrt`irhayin tsragire mijowkayin zenk` steghtselow npataki karewor apats`owyts`nerits` e. T`owrk`aget_51990

«Հայ ձայն»ի զրուցակիցն է թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը

1. Օրերս Թուրքիան սեփական արտադրության 2 բալիստիկ հրթիռ փորձարկեց: Սա ի՞նչ վտանգներ կարող է պարունակել տարածաշրջանի համար:

Թուրքիան շարունակում է տենդագին սպառազինվել, դրա հետ մեկտեղ գնալով ավելի շատ է առաջնահերթություն տալիս սեփական կամ օտար երկրների (ընկերությունների) հետ համատեղ արտադրությանը, որպեսզի նվազեցնի սպառազինությունների ներկրման ոլորտում իր մեծ կախվածությունը։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ռազմական կարիքների արդեն 60 տոկոսն ապահովվում է սեփական ռազմական արտադրանքի միջոցով։ Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան ծրագրել է 10 տարում իրականացնել ռազմական արդյունաբերության ոլորտի ավելի քան 600 նախագիծ՝ ընդհանուր 60 միլիարդ դոլար արժեքով, որից ընդհանուր 13 միլիարդ դոլարի նախագծերի շուրջ արդեն իսկ ստորագրված են համաձայնագրերը։ Բալիստիկ հրթիռները կարևոր տեղ են զբաղեցնում այդ պլաններում։ Թուրքիան հաջողությամբ փորձարկել է Gökdoğan մանր ու միջին հեռահարության և Bozdoğan մեծ հեռահարության սեփական մշակման բալիստիկ հրթիռները, որոնք առաջին անգամ ցուցադրվել են 2017թ. Ստամբուլում անցկացված IDEF-2017 միջազգային ռազմական ցուցահանդեսի ժամանակ։ Այս հրթիռների նախագիծը մեկնարկել է 2013թ. և ավարտվելու է 2020թ.։ Այսինքն, դրանց զանգվածային արտադրությունը սկսվելու է միայն հաջորդ տասնամյակում, այն էլ՝ բոլոր փորձարկումների հաջողության դեպքում (Թուրքիան ծրագրել է բալիստիկ հրթիռների հեռահարությունը հասցնել 2500 կմ-ի)։ Սա նշանակում է, որ դեռ վերջնականապես հստակեցված չեն այս հրթիռների պարամետրերը և դեռ վաղ է խոսել տարածաշրջանի համար դրանց վտանգների մասին։ Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այդ հրթիռները հաջողության դեպքում կմեծացնեն թուրքական բանակի ու օդուժի հարվածային ուժը, և Թուրքիան կարող է հերթական հաջողությունը գրանցել ռազմական արդյունաբերության ևս մեկ ոլորտ յուրացնելու համատեքստում։

2. Արդյո՞ք համաձայն եք այն կարծիքների հետ, ըստ որոնց՝ Թուրքիայի կողմից բալիստիկ հրթիռների մշակումը միջուկային զենք ստեղծելու ճանապարհին արվող քայլ է:

Ես համակարծիք եմ այն փորձագետների (Հանս Ռյուհլե, Սեմյոն Բաղդասարով) հետ, որոնք պնդում են, որ Թուրքիայի կողմից բալիստիկ հրթիռների մշակումն ու փորձարկումը միջուկային զենք ստեղծելու ճանապարհին արվող քայլերից մեկն է, որ Թուրքիայի հրթիռային ծրագիրը միջուկային զենք ստեղծելու նպատակի կարևոր ապացույցներից է։ Այդ քայլերի թվում է նաև Թուրքիայում արբանյակների արձակման կենտրոն (տիեզերակայան) կառուցելու նախագիծը (համարվում է, որ Թուրքիան արբանյակների արձակման կենտրոնի նախագիծն օգտագործելու է սեփական արտադրության արբանյակներն արձակելու համար, սակայն հիմնական նպատակն այլ է. տիեզերք արբանյակ արձակելը նշանակում է ավարտին հասցնել բալիստիկ հրթիռի տեխնոլոգիայի մեծ մասի յուրացումը)։ Կարելի է հիշատակել նաև Թուրքիայում ատոմակայաններ կառուցելու ծրագրի առաջ քաշումը և հատկապես Աքքույուի ու Սինոպի ատոմակայանների վերաբերյալ ռուսական «Ռոսատոմի» և ֆրանս-ճապոնական Areva-Mitsubishi կոնսորցիումի հետ կնքված պայմանագրերի բովանդակությունը (ուրանի մատակարարում, թափոնների, կաղապարաձողերի հանձնում և այլն)։ Հատկապես մտավախություններ կան Աքքույուի ԱԷԿ-ի հետ կապված, որի կառուցման հիմնարկեքը տեղի է ունենալու օրեր անց, և որին ներկա է գտնվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վերջինս փորձում է ամեն գնով Թուրքիան պոկել ՆԱՏՕ-ից (Արևմուտքից), և կան մտավախություններ, որ ՌԴ-ը հանուն այդ նպատակի հեռանկարում կարող է Թուրքիայի հետ կիսվել անգամ միջուկային զենք արտադրելու տեխնոլոգիաներով։ Անկասկած է, որ ՆԱՏՕ-ն ու հատկապես ԱՄՆ-ն իրենց հերթին կոշտ հակազդեցություն կցուցաբերեն Թուրքիայի կողմից միջուկային զենք արտադրելու փորձերին. ՆԱՏՕ շրջանակներում անդամ երկրների համար գոյություն ունի միջուկային կոշտ ռազմավարություն:

Ակնհայտ է, որ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր միջուկային հնարավորությունները՝ անհրաժեշտ պահի միջուկային զենք արտադրել կարողանալու համար։ Ամեն դեպքում տարածաշրջանի երկրները, ըստ իս, պետք է մեծ ուշադրություն հատկացնեն ոչ միայն Թուրքիայի ռազմական նախագծերի իրագործմանը, այլև՝ արտաքին քաղաքական-դիվանագիտական ոլորտում Թուրքիայի գործադրած ջանքերին, որոնք՝ ա) հնարավորություն են ընձեռում արտերկրում ձեռնարկել ռազմական գործողություններ, բ) հնարավորություն են տալիս մեծ հաշվով մնալ անպատիժ նման գործողությունների համար։ Այսինքն, այն, որ ագրեսիվ, կոշտ արտաքին քաղաքականություն վարող Թուրքիան ստեղծում է բալիստիկ հեռահար հրթիռ, դա ինքնին վտանգավոր է տարածաշրջանի երկրների համար, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այդ բալիստիկ հրթիռի արձակման հնարավորություն ընձեռում է առաջին հերթին արտաքին քաղաքական (դիվանագիտական) ոլորտում Թուրքիայի կատարած մեծածավալ աշխատանքը։

Գոհար Մակարյան
Share Button
Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ