Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Թուրքիայում ազատությունը շատ չի տարբերվում բանտից

am ru
T`owrk`iayowm azatowt`yowne shat ch`i tarbervowm bantits`_80927

Հեղինակ՝ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆ

   2016թ. հուլիսին Թուրքիայում փորձ արվեց ռազմական ճանապարհով պետական հեղաշրջում իրականացնել: Ապստամբությունը, սակայն, ճնշվեց 161 զոհի ու 1440 վիրավորի գնով: Եթե այդ փորձը ձախողման չմատնվեր, ապա հանրապետական Թուրքիայի 95 տարվա պատմության մեջ այն կդառնար 5-րդ պետական հեղաշրջումը: Նախորդ 4 հեղաշրջումներով թուրքական գեներալիտետը տապալել էր գործող կառավարությունները՝ երեքը արյունալի, մեկը՝ անարյուն ճանապարհով:

 

  Հեղաշրջման փորձի կասեցումից հետո երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: Թուրքական իշխանություններն եռամյսա ժամկետներով անընդհատ երկարաձգում էին (7 անգամ) արտակարգ դրության ռեժիմը: Օրերս այն վերջապես դադարեցվեց: Ուշագրավ է այն փաստը, որ արտակարգ դրությունը վերացվեց միայն այն բանից հետո, երբ նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում երկրի նախագահ վերընտրվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ամրապնդելով իր գլխավորած քաղաքական ուժի իշխանությունը:

 Պետական հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիան ըստ էության ավելի է հեռանում եվրոպական արժեքներից, Եվրամիության ուղեգծից և աստիճանաբար վերածվում է ավտորիտար երկրի: Բանն այն է, որ պետական կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Էրդողանն օժտվել է ավելի լայն լիազորություններով, քան նույնիսկ արտակարգ դրության հաստատման ժամանակ: Սա ակնհայտորեն նշանակում է, որ միապետական կարգերի հունով ընթացող Թուրքիան եվրահամայնքի համար դառնում է անցանկալի թեկնածու, իսկ տարածաշրջանի երկրների համար՝ անտանելի հարևան: Այդ անցանկալիությունը և անտանելիությունը պայմանավորված են, թերևս, 2 հիմնական բնորոշիչ գծով:

Վտանգավոր

80 միլիոնանոց բնակչություն և ՆԱՏՕ-ում 2-րդ խոշոր բանակն ունեցող Թուրքիան դարձել է մեկ մարդու, (իմա՝ Էրդողանի) ամբիցիաներից, քմահաճույքներից, հույզերից կախված երկրի: Սա Թուրքիային դասում է անկանխատեսելի պետությունների շարքին, քանի որ Էրդողանը հայտնի է իր անհավասարակշիռ պահվածքով ու պոռթկումներով: Այս իմաստով բնավ պատահական չէ պաշտոնական Բեռլինի խոհեմ քայլը. Գերմանիայի նորընտիր կառավարությունը գրեթե լիովին դադարեցրել է զենք-զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվ դրա համար կա հիմնավոր պատճառաբանություն. Էրդողանն այժմ ունի անսահամանափակ լիազորություններ:

Եվ իսկապես, խիստ ընդարձակ են նրա լիազորությունները: Արդեն միանձնյա կարող է ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ, լուծարել խորհրդարանը, նշանակել նախարարներ ու բարձրագույն դատական ատյանի անդամներ: Այլ կերպ ասած՝ Թուրքիայի նախագահն ունի տոտալ վերահսկողություն իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի վրա: Ըստ փորձագիտական հաշվարկների և ըստ գործող Սահմանադրության հնարավորությունների՝ սպասվում է, որ արդեն 16 տարի իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Էրդողանը դեռ, մոտավորապես, 12 տարի էլ կմնա իշխանության ղեկին:

Հակաժողովրդավարական

Շուրջ 2 տարի Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը որպես գործիք են օգտագործել մարդկանց քաղաքացիական ու մասնագիտական ազատությունները բռնատիրելու համար: Այլախոհությունը ենթարկվել ու ենթարկվում է հետապնդումների, ազատ խոսքը՝ բռնաճնշումների: Թերևս սա այն դեպքն է, երբ թվերը ավելի կարևոր են, քան՝ բառերը:

Երկու տարվա ընթացքում Թուրքիայում դադարեցվել է շուրջ 200 մեդիա կառույցի գործունեությունը: Փակվել է 6 լրատվական գործակալություն, 18 ամսագիր, 33 հեռուստաալիք,  37 ռադիոալիք և 50 թերթ: Այդ ընթացքում 2500 լրագրող զրկվել է աշխատանքից, իսկ իսկ 135 լրագրող զրկվել է ազատությունից: Արտակարգ դրության հայտարարումից հետո մինչ օրս ձերբակալվել է ավելի քան 150.000 մարդ, որոնցից 78.000-ի նկատամամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Այդ ընթացքում 130․000  պետաշխատող հեռացվել է աշխատանքից՝ զինվորական ու քաղաքացիական ծառայությունից:

 

Սոցցանցերում կառավարությանը քննադատող գրառում կատարելու համար քաղաքացիների են բերման ենթարկում: Հրապարակային ելույթներում իշխաննություններին քննադատելու համար ընդդիմադիր գործիչների են դատի տալիս: Օրինակ՝ բոլորովին վերջերս նախագահ Էրդողանը 3 առանձին դատական հայց էր ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Դատարանը բավարարել է բոլոր երեք հայցերը: Արդյունքում Քըլըչդարօղլուն մոտ 20.000 դոլար  պիտի վճարի Էրդողանին՝ որպես բարոյական փոխհատուցում: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ էլ՝ Բյուլենթ Թեզջանը, դատարանի որոշմամբ Էրդողանին կվճարի 30.000 թուրքական լիրա (6000 դոլար)՝ նրան «ֆաշիստ դիկտատոր» անվանելու համար: Էրդողանի պատկերով ծաղրանկար ցուցադրելու համար նաև ուսանողներ են կալանավորվում: Ձերբակալվել են մինչև անգամ ծաղրանկար պատվիրողն ու տպարանի աշխատակիցը: Այս առումով, էրդողանական Թուրքիայի մասին դիպուկ բնորոշում է տվել 2016-ից բանտարկված քրդամետ ընդդիմադիր գործիչ Սելահաթթին Դեմիրթաշը.

«Դժբախտաբար, այս իշխանությունների օրոք ազատությունը շատ չի տարբերվում կիսաբաց ռեժիմի բանտից»:

Երկու տարի տևած արտակարգ դրությունը ոչ միայն քաղաքական ճգնաժամ ու հասարակական լարում առաջացրեց Թուրքիայում, այլև բացասական հետևանքներ թողեց տնտեսության վրա: Գործազրկության մակարդակը հատեց 18 տոկոսի, իսկ գործազուրկների թիվը՝ 6 միլիոնի սահմանը: Ինֆլյացիայի (գնաճ) ցուցանիշը 8 տոկոսից հասել է 11 տոկոսի:

Պետք է փաստել, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումը չի նվազեցրել առկա լարվածությունը Թուրքիայում: Վախի և հետապնդումների մթնոլորտը դեռ շարունակում է բանտերը լցնել քաղաքացիներով, իսկ միջազգային մամուլը՝ քննադատություններով: Ավելին, իշխող կուսակցության կողմից խորհրդարանի օրակարգ բերված նոր նախագծերի շնորհիվ արտակարգ դրությանը բնորոշ իրողությունները դեռ զգալի մասշտաբներով կշարունակեն գոյություն ունենալ։ Հիմա Էրդողանը պատրաստվում է փոփոխություններ մտցնել ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող օրենքներում, որպեսզի առավել ազատ գործելու լծակներ և հենարաններ ունենա:

Պետք է սպասել, որ հակաահաբեկչական պայքարի քողի ներքո Թուրքիան հաշվեհարդար կտեսնի քննադատական դիրքորոշում ունեցող սեփական քաղաքացիների հետ: Տպավորությունն այն է, թե Անկարան գերարագ տեմպերով սպառում է միջազգային համայնքի վստահության պաշարը: Եվրամիության պահանջած ժողովրդավարական բարեփոխումները թուրքերի կողմից արդեն դիտվում է ոչ թե որպես անհրաժեշտություն իրենց զարգացման համար, այլ՝ միջամտություն իրենց ներքին գործերին:

Եթե նախորդ հեղաշրջման փորձին չհաջորդի հաջողված նոր ապստամբություն, ապա Էրդողանը կշարունակի իշխանավարել Թուրքիայում որպես «աստծո ստվերը երկրի վրա». ինչ ուզի՝ կարգելի, ինչ ուզի՝ կարտոնի: Փաստորեն թուրքական իշխանությունները օրակարգից հանել են «արտակարգ դրություն» անունը, բայց, կարծեք թե՝ ոչ ռեժիմը:

 

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ