Օտարի օգնությունից մեզ շահ չկա: Դժբախտ է այն ազգը, որ օտարի օգնության կարոտ է:

ՐԱՖՖԻ

Թրամփ-Պուտին հելսինկյան հանդիպումը և աշխարհաքաղաքական նոր իրողությունը

am en ru
T`ramp`-Powtin helsinkyan handipowme ew ashkharhak`aghak`akan nor iroghowt`yowne_78523

  Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելիսնկիում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը, անկախ դրա արդյունքներից, արդեն իսկ կարելի է համարել պատմական՝ այն պարզ պատճառով, որ  կայացավ։ Դեռ մի քանի ամիս առաջ ամերիկյան և ռուսական ԶԼՄ-ները և վերլուծաբանները համոզված պնդում էին, որ այս հանդիպումը չի կայանալու, այն պարզ պատճառով, որ ռուս-ամերիկյան վատթարացող հարաբերությունները «այլընտրանք» չունեն և ոչ ոք այդ ընթացքը չի կարող փոխել։

    Նշվում էին մի քանի խնդիրներ, որոնք ընկած էին այդ վատթարացման հիմքում՝ Ուկրաինա, Սիրիա, և աշխարհաքաղաքական պայքարը այդ տարածքներում գերիշխանություն հաստատելու համար։ Երբ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները թևակոխեցին լարվածության փուլ, իշխող էր այն կարծիք, թե այս երկրները չեն կարող իրար մրցակից լինել այն պարզ պատճառով, որ տիրապետում են ոչ համաչափ ռեսուրսների։ Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ-ը տիրապետում է համաշխարհային ՀՆԱ-ի 15%-ը, այն դեպքում, երբ Ռուսաստանն ընդամենը՝ 1.8% տոկոսը:

 Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը կարողացավ դիմակայել Արևմուտքի ճնշումներին և նույնիսկ իր փոքր ՀՆԱ-ով խաղի կանոններ թելադրել իր համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում։ Այս իրողությունը, նաև պատժամիջոցների ցածր արդյունավետությունը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին ստիպեցին փոխել իրենց մարտավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։

 Թրամփը դեռ նախընտրական շրջանում խոստացել էր հանդիպել ՌԴ նախագահի հետ ու կարգավորել հարաբերությունները: Սակայն, իր դեմ՝ երկրի ներսում, սկսված արշավի պայմաններում, ստիպված էր որոշ դադար վերցնել և նույնիսկ ավելի կոշտ հակառուսական պատժամիջոցներ սահմանել, քան դա արել էր ԱՄՆ նախկին վարչակազմը։

ԱՄՆ նախագահի տնտեսական քաղաքականությունն իր արդյունքները տվեց, ինչն ազդեց նաև վերջինիս քաղաքական ռեյտինգի վրա ու ազատեց նրա ձեռքերը արտաքին քաղաքականության բնագավառում։ Բարձր քաղաքական վարկանիշ ունեցող Թրամփը այլևս կարիք չունի իր հակառուսականությունը ցուցադրել ԱՄՆ կոնգրեսի մեծամասնության աջակցությունը վայելելու համար, նա արդեն կարող է ինքնուրույն լինել նաև ռուսական ուղղության մեջ և բանակցություններ նախաձեռնել Պուտինի հետ։

Կգա՞ն, արդյոք, նրանք որոշակի հարցերում ընդհանուր հայտարարի,  կլուծվե՞ն կնճռոտ  խնդիրները, սա արդեն հռետորական հարց է, քանի որ այս հանդիպման նպատակը, գոնե այս փուլում, սա չէր։

   Հանդիպման կարևորությունը այդ փաստի իրականացումն է, ինչը ցույց է տալիս, որ Թրամփն արդեն ազատ է իր արտաքին քաղաքական օրակարգը ձևավորելիս և ինչպես ցույց տվեց նրա հանդիպումները ՆԱՏՕ-ում, կարիք չունի իր դաշնակիցների կարծիքը լսելու, քանի որ այնտեղ նա թելադրողի դերում է: Եվ ամենակարևորը՝ նա կարող է այդ քաղաքականությունը իրականացնել նաև շրջանցելով հակառուսական տրամադրված ԱՄՆ Կոնգրեսը։

Անկեղծ լինենք, բոլորը սարսափով են նայում Հելիսինկյան իրադարձություններին, քանի որ, եթե Պուտինն ու Թրամփը մեկմեկու հետ լեզու գտնեն և ինչ-որ համատեղ ծրագիր իրականացնեն, ապա դրանից կարող է տուժել թե՛ Արևմուտքը՝ հանձին Եվրոպայի, թե Արևելքը՝ հանձինս Չինաստանի։ Թրամփ-Պուտին հանդիպումը և բանակցությունները, բացի այդ երկու պետությունների քաղաքական շահերից, չեն բխում աշխարհում հիմնական խաղացող հանդիսացող այլ պետությունների աշխարհաքաղաքական շահերից։

Լրահոս
Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ