Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ:

Րաֆֆի

Տիգրան Բոյաջյան

am
Tigran Boyajyan_66778

Տիգրան Բոյաջյանը ծնվել է 1895թ․-ի հունիսի 25-ին Արմտանում, այնուհետև 1910թ․-ին գաղթել է ԱՄՆ՝ ազգականների մոտ։ 6 տարեկան հասակից բնակվել է առանձին։ Բոյաջյանը աշխատանքի է անցնում «Ազգ» թերթում որպես գրաշար։ Այնուհետև սկսած 1913թ․-ից Բոյաջյանը հաճախում է երկրորդական վարժարան, իսկ արդեն 1916թ․-ին ընդունվում է «Բրաուն» համալսարան, որից հետո ուսումը շարունակում Բոստոնի համալսարանում և ստանում «Պսակավոր արվեստից» վկայական։

1917թ․-ին որպես կամավոր մասնակցում է Արևելյան լեգեոնի գործողություններին, որն ավելի ուշ վերանվանվում է Հայկական լեգեոն։ Կռվել է ֆրանսիական բանակի կազմում՝ Պաղեստինի ճակատում։ Պատերազմից հետո մնում է Կիլիկիայում և կազմակերպում հայ գաղթականներին հատկացվող օգնությունը։ Զինվորական ծառայությունը թողնում է 1919թ․-ին և արդեն հոկտեմբերից վերադառնում Բոստոն, որտեղ ևս նվիրվում է կիլիկիահայության օգնության գործին։ Դժբախտաբար, քեմալական շարժումն ու ֆրանսիացիների երկդիմի քաղաքականությունը ի չիք են դարձնում Տիգրանի բոլոր նպատակները։

1920թ․-ին Բոյաջյանն ընդունվում է Նորթվեստերնի համալսարան և արդեն 1924թ․-ին ավարտում վերջինիս իրավաբանական բաժինը և դառնում փաստաբան։ Հաջորդ տարում ստանում է նույն համալսարանի մագիստրոսի աստիճան։

Երիտասարդ տարիքից սկսած անդամագրվում է Վերակազմյալ հնչակյանների ազատական թևին, ապա՝ Ռամկավար Ազատական կուսակցությանը։ Անդամակցել է նաև ՀԲԸՄ-ին և հատկապես վերջինիս կենտրոնական վարչությանը։ Պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի եկեղեցիների թեմական կառույցներում՝ ներկայացնելով Ամերիկայի թեմը Ազգային ժողովին։ Իր 4 սիրելի կազմակերպություններում ստանձնել է ղեկավար պաշտոններ։

Բոյաջյանը աշխատակցել է Բոստոնի «Ազգ» և «Պայքար», ինչպես նաև անգլերեն լեզվով լույս տեսնող «THE ARMENIAN MIRROR-SPECTATOR» թերթերին։ 1965թ․-ին «Պայքար»-ում լույս է տեսնում իր «Հայկական լեգեոն» պատմական հուշագրությունը՝ Միհրդատ Թիրյաքյանի առաջաբանով։ Այնուհետև՝ 1972թ․-ին Նյու Ջերսիում լույս է տեսնում իր «Armenia: The Case for a Forgotten Genocide» (Հայաստան․ Մոռացված ցեղասպանության հարցը) աշխատությունը, որտեղ հավաքել էր հավաստի աղբյուրներից ստացած բազմաթիվ փաստատթղթեր և ներկայացրել անասելի ոճրագործության նախապատմությունը, միևնույն ժամանակ՝ ապացուցել, որ այդ ամենի պատասխանատուն թուրքական կառավարությունն է և վերջինիս դաշնակից Գերմանիան։

Անգլերեն է թարգմանել Եղիշեի պատմական երկը՝ «Հայոց ճակատամարտը ընդդեմ պարսիկների» խորագրի ներքո։

Տիգրան Բոյաջյանը մահացել է 1985թ․-ին Ուոթերթաունում (Watertown)։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից

Լրահոս
Ամենաընթերցված

Նմանատիպ նորություններ