Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Տոնդ շնորհավո'ր, ազատ ու անկախ Արցախ

Tond shnorhavo'r, azat ow  ankakh Arts`akh_92547

Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Արցախը մեծ շուքով տոնում է Հանրապետության հռչակման տարեդարձը:

Արցախի Հանրապետության անկախության տոնն առիթ է մեկ անգամ ևս վերարժևորելու մեր անցած ուղին. սովորաբար, տոնին խոսում ենք միայն ձեռքբերումներից, դա իհարկե, լավ է` հաջողություններն արձանագրելու համար, բայց խախտենք ավանդույթն ու խոսենք նաև բացթողումներից՝ հետայսու սրբագրելու ակնկալիքով:

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախում կազմակերպվեց հանրաքվե, արդյունքում ստացանք շատ կարևոր հաղթաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղը անկախացավ անթերի իրավական հիմքով: Սակայն 27 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ԼՂՀ անկախությունն ընկալեի դարձնել աշխարհին ու Արցախը շարունակում է չհամարվել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ի՞նչ չենք արել այս ճանապարհին, ո՞րն է եղել մեր բացթողումը, ասում ենք` մեր բոլոր քայլերն արել ենք միջազգային իրավունքի համաձայն, մինչդեռ Արցախը շարունակում է մնալ չճանաչված: Այս հարցադրումները մեր ժողովրդի մտածումների մեջ են ու հնչում են 27 տարի շարունակ:

Երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, մեզ թվում էր, թե միջազգային իրավունքը, միջազգային հարաբերությունները բացարձակ արժեքներ են ու հավասարաչափ տարածվում են բոլորի վրա: Սակայն անկախ պետականության հաստատումից ի վեր տեսանք ու համոզվեցինք, որ դա այնքան էլ այդպես չէ, որ միջազգային իրավունքում ուժն է գերակահ:

Բերեմ օրինակ. Արևմուտքը շահագրգռված էր Կոսովոյի անկախությամբ և դա տեղի ունեցավ՝Կոսովոն անկախացավ, ավելի ճիշտ՝ օգնեցին, որ անկախանա, հանրաքվե իրականացվեց, օգնեցին, որ կարողանա ինքն իրեն պաշտպանել, ու սովորեցրին պետություն կառուցել: Միջազգային հզորները դա ուզում էին և իրականացրին:
Նույնը եղավ Ղրիմի դեպքում. Ռուսաստանը որպես հզոր պետություն որոշեց ու Ղրիմն իրեն միացրեց: Հիշենք նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի պատմությունը: Ըստ էության, կարելի է ասել, որ այս ժողովուրդներին հաջողվեց ամողջությամբ իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը, քանի որ թիկունքում ունեին հզոր Ռուսաստան…

Երբ սկսվեց 88-ի արցախյան շարժումը շատ երկրներ մեզ աջակցում էին բարոյապես, քանի որ մեր ազգային պայքարը (կամա, թե ակամա) նպաստում էր նաև խորհրդային պետության կազմաքանդմանը: Իսկ երբ ԽՍՀՄ-ը քանդվեց ու առաջ եկան անկախ պետություններ, նույն միջազգային հանրությունը մոռացավ Արցախին աջակցելու մասին, նախընտրեց արցախյան խնդիրը տեղափոխել զուտ միջազգային իրավունքի դաշտ,՝որտեղ իրենք են խաղի կանոններ սահմանողները: Եվ Հայաստանն ուր Արցախը հայտնվեցին գերտերությունների շահերի բախման խաչմերուկում:

Հասկացանք, որ միամտորեն կարծել ենք, թե բավական է միայն անթերի իրականացնել անկախության հռչակման իրավական գործընթացն ու անկախությունը մերը կլինի, հասկացանք նաև, որպեսզի լիարժեքորեն գործի միջազգային իրավունքը, դրա հետևում հզոր ուժ է պետք: Իսկ այդ ուժը օտարը չէ, այդ ուժը Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունն է, որը պետք է ու պարտավոր է լինել ուժեղ`տնտեսապես, քաղաքականապես և ռազմականապես:

Արցախի անկախության 27 ամյակն ենք նշում ու արդարացիորեն հպարտանում մեր հաղթանակներով, բայց տարօրինակ չէ՞, որ լինելով հաղթանակած կողմ անվերջ խոսում ենք մեր ազատագրված հայրենիքի հողերը հակառակորդին զիջելու մասին. այն էլ պարտված հակառակորդին Միջազգային հանրության առաջ դրել ենք ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը և այդ նույն հանրությունը մեզ հաճախ հարց է տալիս՝ եթե ուզում եք ինքնորոշվել, ապա ո՞ր տարածքների վրա: Պատասխանը միանշանակ է՝այն տարածքների, որտեղ ԼՂՀ ժողովուրդը ինքնորոշման հայտ է ներկայացրել ու իր Սահմանդրությամբ ամրագրել այդ սահմանները: Ու հիմա, դժվար է հասկանա, թե ի՞նչ զիջումների մասին են խոսում որոշ՝ լուսանքում հայտված քաղաքական ուժեր ու գործիչներ: Արդյոք պատվեր չե՞ն կատարում՝ մեր զգոնությունը ստուգելու նպատակով:

Թե՛ պատվեր տվողները, թե՛ պատվեր կատարողները մի բան պետք է իմանան՝ Հայաստանի որևէ իշխանություն, որևէ ղեկավար չի կարող գնալ այնպիսի զիջողական քայլերի, որին դեմ է հայ ժողովուրդը` Արցախում ու Հայաստանում:

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը գերտերությունների հակասությունների դաշտում է ինչը մեզանից պահանջում է մեծ զգոնություն, նշանակում է նաև պատրաստ լինել արտաքին պարտադրանքներին և ունակ՝ համարժեք հակազդելուն: Որպեսզի դուրսն անզոր լինի մեզ ինչ-որ բան պարտադրել՝ հարկավոր է մեկ բան՝ միասնականություն:

Հայկական երկու պետությունների` Հայաստանի անկախության զարգացման ու Արցախի անկախության ճանաչման հարցում մենք դեռ դժվարին ճամփա ունենք անցնելու: Եվ այդ ճանապարհին ամենակարևորը հենց այդ միասնականությունն է: Հիշեցի սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերը` մեզ պետք է համբերություն, բռունքված պայքար ու 21-րդ դարը մերն է լինելու:

Այսօր չե՞նք հեռացել մեր պայքարի հիմնական նպատակից`մայր Հայաստանին Արցախի վերամիավորումից: Այս փաստը, որն իրավական ուժ է ստացել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ, արդյոք այսօր ամբողջությամբ չի՞ անտեսվել, չի՞ դարձրել ընդամենը պատմական արժեք:

Հայաստանի ու Արցախի վերամիավորումը մեր ազգի վերջնական նպատակն է, այստեղ այլ կարծիք չկա ու չի կարող լինել: Հանձին Արցախի ունենք երկրորդ հայկական անկախ պետությունը: Արցախում ունենք անկախ մտածող քաղաքացիներ, որոնց նպատակը Հայաստանին միավորվելն է:

Մենք բոլորս` Արցախում ու Հայաստանում ունենք մի հստակ գիտակցում` մենք ենք մեր երկրի տերը ու մեր սահմանների պաշտպանը, մեր ենք մեր անկախության երաշխավորը` մեր տնտեսությամբ, մեր բանակով, մեր միասնական ժողովրդով, և մեր հույսը երբե՛ք օտարի վրա չենք դնելու:

Վկան՝ ապրիլյան քառօրյա պատերազմը, որով այս գիտակցումն ու արցախցու հավատը էլ ավելի ամրապնդվեց:

Տոնդ շնորհավո՛ր, Արցախ:

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ