Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Ընտրապայքար կծավալվի ընդդիմադիր ՀՀԿ-ի՞, թե՞ իշխող ՔՊ-ի դեմ

entrapayqar-kcavalvi-enddimadir-hhk-i--te-isxox-qp-i-dem

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեկ ամիս է մնացել, սակայն դեռ նոր կուսակցություններ են ձևավորվում, որոնց գաղափարական ու ծրագրային դրույթների մասին մինչ օրս որևէ տեղեկություններ չունենք: Մյուս կողմից էլ՝ այս ընտրություններին դեռ գործելու է ռեյտինգային ընտրակարգը, հետևաբար, կուսակցությունները խնդիր են ունենալու տարածքներում թեկնածուներ առաջադրելու: Նման իրավիճակում ընտրությունների պատկերն ինչպիսի՞ն է լինելու, ռեյտինգային պայքարում, արդո՞ք, այդ կուսակցություններն ունեն հնարավորություններ:

-Ես շատ դրական եմ գնահատում, որ նոր կուսակցություններ են առաջանում Հայաստանում: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկար ժամանակ, ըստ էության, ծանր իրավիճակ է եղել, և շատ քաղաքական անձինք, հասարակական գործիչներ խիզախություն չեն ունեցել այդ իրավիճակում նոր կուսակցություն ստեղծել: Բայց կան նաև նրանք, ովքեր շատ ակտիվ են եղել, նաև անվախ են եղել և այսօր իրենք ևս կուսակցություն են ստեղծում: Հետևաբար, ողջունելի է նոր կուսակցությունների ստեղծումը, և ցանկացած պարագայում այն դրական ազդեցություն կթողնի ընդհանուր քաղաքական գործընթացի վրա:

Ռեյտինգային ընտակարգով, իհարկե, այդ կուսակցությունները հնարավորություն ունեն որոշակի ձայներ հավաքելու: Իսկ՝ խորհրդարան անցնելու շանսը մե՞ծ է, թե՞ փոքր՝ լուրջ խնդիր է: Պետք է խոստովանենք, որ մենք նորից վատ ընտրական համակարգով ենք գնում ընտրությունների, ինչը, բնականաբար, նվազեցնելու է քաղաքական ուժերի հնարավորությունները: Այսինքն, երբ մենք նախորդ անգամ պայքարում էինք՝ դա բոլորովին այլ ընտրություն էր, և հույս ունեմ, որ այս ընտրություններում նախորդների հետ համեմատելի չի լինի ընտրակաշառքի թիվը, ադմինիստրատիվ ռեսուրսի բանեցումը, վարչական ճնշումները: Բայց ցանկացած պարագայում ակնհայտ է՝ կունենանք մի իրավիճակ, երբ կուսակցությունների համար խիստ ծանր է լինելու քաղաքական պայքարի իրականացումը:

-Եթե հերթական անգամ չենք տեսնելու քաղաքական ծրագրեր, գաղափարներ, փաստարկված մոտեցումներ, ստացվում է՝ այս ընտրություններ ևս լինելո՞ւ են անձերի պայքար:

-Ռեյտինգային ընտրակարգն է դա թելադրում: Եվ այո՛, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ իսկապես խնդրահարույց է լինելու գաղափարական դաշտում, քաղաքական մոտեցումների շուրջ պայքար իրականացնելը, ու կրկին լինելու է անձերի պայքար: Այսինքն, քաղաքացիները գնալու են ընտրության՝ չիմանալով, թե տվյալ քաղաքական ուժն ի՞նչ տնտեսական ծրագիր է առաջարկում, ի՞նչ տեսլական ունի, և այլն:

-Շատ է խոսվում այն մասին, որ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում միանշանակ կունենա մեծամասնություն, իսկ մնացած կուսակցությունները պայքարելու են խորհրդարանական ընդդիմության 30 տոկոս ձայների համար: Մյուս կողմից էլ ՀՀԿ-ն, օրինակ, հայտարարում է, որ միայն ինքը կարող է հավակնել իրական ընդդիմության դերին: Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս ՀՀԿ-ն կարող է լինել այդ իրական ընդդիմությունը խորհրդարանում:

-Վայը մեզ տարել է, եթե հանկարծ Հանրապետականը դառնա ընդդիմություն Հայաստանի հանրապետությունում, և մենք ունենանք մի իրավիճակ , երբ Հանրապետականի շուրջ ձևավորվի այդ ընդդիմություն կոչվածը: Դրա համար մեզ անհրաժեշտ կլինի այնպիսի պայքար տանել, որի արդյունքում կարողանանք քաղաքացիներին բացատրել, թե ինչքա՞ն կարևոր են համակարգային փոփոխությունները երկրում, և որ այդ փոփոխությունները Հանրապետականի միջոցով հնարավոր չի լինի իրականացնել:

-Նույնիսկ այն պարագայում, երբ Հանրապետականը ընդդիմությո՞ւն է:

-Այո, նույնիսկ եթե ընդդիմություն լինի: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, միայն այն գործիչներով է հնարավոր պայքար տանել, ովքեր տարիներ շարունակ եղել են առաջնագծում և պայքարել են մեր իրավունքների համար:

-Ստացվում է՝ այս ընտրություններում քաղաքական ուժերը պայքարելու են ընդդիմադիր ՀՀԿ-ի, այլ ոչ թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դեմ:

-Անկախ ամեն ինչից, այսօր պետք է պայքարել հենց այն ուղղությամբ, որը կհանգեցնի համակարգային փոփոխությունների, ինչը մեզ առաջին հերթին է պետք:

- «Ժառանգությունը» հայտարարել է, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին, հետաքրքիր է լսել ձեր կուսակցության մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումների վերաբերյալ:

-Բնականաբար, մենք շարունակելու ենք աշխատել մեր ծրագրային դրույթների ուղղությամբ: Դուք գիտեք, որ մենք դեմ ենք ԵԱՏՄ-ի անդամակցությանը, և դեմ ենք նաև նրան, որ որևէ կերպ Հայաստանն իր ինքնիշխանության "ծվենները" չկորցնի: Մենք կողմ ենք երկրում համակարգային փոփոխություններին, և, բնականաբար, «Ժառանգությունը» փորձելու է կյանքի կոչել դա իր կարողություններով, իր փորձով և աշխատանքով:

-Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը պետք է հստակ իրենց դիրքորոշումն արտահայտեն արտաքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերում: Կցանկանայի լսել «Ժառանգություն» կուսակցության մոտեցումը հայ-իրանական հարբերությունների առնչությամբ. մանավանդ, որ հարևան երկրի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները լուրջ մարտահրավեր են դառնում նաև մեր պետության համար:

-Բնականաբար, Իրանը Հայաստանի ամենալավ բարեկամներից ու գործընկերներից է եղել այս ամբողջ ժամանակահատվածում, և այստեղ, կարծեք թե, քննարկելու հարց էլ գոյություն չունի: Միանշանակ է մեզ համար, որ Հայաստանն Իրանի հետ պետք է շարունակի իր բարիդրացիական հարաբերությունները: Ուստի և, կարծում, եմ, որևէ խնդիր չի կարող այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Իրանի հետ մեր հարաբերությունները խաթարվեն:

Մի այլ բան էլ ասեմ, Միացյալ Նահանգների հաջորդ իշխանությունն, օրինակ, հնարավոր է նույն քաղաքականությունն իրականացնի, ինչ ասենք Օբամայի ժամանակ էր: Դրա համար էլ՝ խոսել այն մասին, թե պետք է հեռու մնանք Իրանից՝ տեղին չէ: Ես չեմ կարծում, որ այդ աստիճանի ճնշումներ լինեն Հայաստանի վրա: Բացի այդ, Հայաստանը միշտ ունի այդ ճնշումներին պատասխանելու հնարավորություն:

-Ինչպիսի՞ն է լինելու Ձեր կուսակցության մոտեցումը մեզ համար կենասախնդիր համարվող Արցախյան հարցում:

-Արցախյան հարցում էլ մեր կուսակցության դիրքորոշումը երբևիցե չի փոխվել: Մենք կողմ ենք Արցախի տարածքային ամբողջականությանն ու անկախության ճանաչմանը: Հայաստանում որևէ իշխանություն այլ տեսակետը՝ մինչ օրս չի հայտնել: Ես չեմ լսել, օրինակ, որ Մադրիդյան սկզբունքներին դեմ արտահայտվեն և կողմ լինեն Արցախի անկախության ճանաչմանը, նրա տարածքային ամբողջականությանը: Ներկա իշխանություններն էլ միայն ասում են, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, բայց գործուն քայլեր, կարծեք թե, չի արվում:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ