Խաղաղությունը պարտադրում են և ոչ թե մուրում

ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Արցախի ՊՆ նախարար, գեներալ-լեյտենանտ

Մենք գրավյալ տարածք չունենք. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

menq-gravyal-taracq-counenq-davit-babayane-hh-oum-amn-despanin

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

ԱՄՆ դեսպանի վերոնշյալ հայտարարության մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը խոսեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

- Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը այն մասին, որ գրավյալ որոշ տարածքների վերադարձն անխուսափելի է: Ի՞նչ տարածքների մասին է խոսքը, արդյո՞ք ունենք գրավյալ տարածքներ:

-Մենք չունենք գրավյալ տարածք, ի՞նչ է նշանակում գրավյալ կամ օկուպացրած տարածք: Օկուպացիան նախօրոք ծրագրավորված ուրիշի տարածքի զավթումն է, մենք այդպիսի նպատակ երբևիցե չենք դրել մեր առաջ և չենք իրականացրել: Բոլորը գիտեն, որ «Արցախյան շարժումը» եղել է ժողովրդավարության, մարդու իրավուքների պայքար: Մենք ի սկզբանե փորձել ենք փոխել նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակը, քանի որ ցեղասպանության ու հալածանքների ենք ենթարկվել: Որևէ սահմանի փոփոխության հարց չի եղել օրակարգում, բացի ԼՂԻՄ-ից, որի կարգավիճակը պետք է փոխվեր: Ադրբեջանի կողմից բռնազավթումների, ցեղասպանության, տեղահանությունների պատճառով ձևավորվեց «Արցախյան շարժումը», մենք ստիպված էինք ազատագրել մեր պատմական տարածքները, որոնք դարձել էին հենակետեր` Արցախի տարածքի վրա մահ սփռելու նպատակով՝ չազատագրեի՞նք: Հիմա, ինչ-որ մարդիկ կանգնում, ասում են, թե պետք է մեր տարածքները վերադարձնենք, մենք էլ ասում ենք՝ թեև հարգում ենք բոլորի կարծիք հայտնելու իրավունքը, սակայն պետք է նշենք, որ չունենք օկուպացված տարածքներ: Եթե ինչ-որ մեկը պատկերացնում է, թե կարելի է վերադառնալ անցյալ՝ սահմանների, կարգավիճակի առումով՝ սխալվում է, որովհետև այլևս չկա Խորհրդային միություն, չկա հանրապետությունները իրար միացնող գաղափարախոսություն՝ կա Ադրբեջանի ֆաշիստական պետություն, որը մեզ՝ հայերիս դիտարկում է որպես վտանգ, որոնց պետք է սպանել: Կա մի երկիր, որը հերոսացնում է Սաֆարովին՝ բա ինչո՞ւ էր միջազգային հանրությունը պապանձված նստած, երբ որ Սաֆարովին բերեցին, հերոսացրին Ադրբեջանում, թող սանկցիաներ մտցնեին՝ ինչո՞ւ չարեցին: Բաքուն շարունակում է նացիզմը, մարդիկ էլ ասում են՝ դուք պետք է վերադառնաք անցյալին: Նոր ցեղասպանությո՞ւն են ուզում, որ լինի: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի գրեթե նախկին դեսպանը ուզում է, որ հայ ժողովրդի նկատմամբ կրկին ցեղասպանություն իրականացվի: Պետք է հասկանալ հետևյալը՝ Հայաստանի և Արցախի համար վերադարձ անցյալին չկա՝ լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով:

-Ի՞նչ եք կարծում՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարությունը, որևէ միտում ունի ազդելու Արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացի վրա:

-Միանշանակ իրավիճակի վրա ազդում է, բայց այդ մարդը գրեթե նախկին դեսպան է, հնարավոր է իր անձնական կարծիքի մասին է խոսել: Բազմիցս նշվել է, որ համանախագահները դատավորներ չեն՝ պետք է, անվերապահորեն լեքսիկոն չկա հակամարտության կարգավորման մեջ: Իրենք միջնորդներ են, եթե կա պարտավորեցում՝ սա արդեն կարգավորում չէ, սա արդեն այլ խնդիր է: Եթե կարգավորում՝ միայն համապարփակ ձևով պետք է լինի այդ կարգավորումը, որ հիմք չլինի նոր, ավելի արյունալի հակամարտության: Հարցերը պետք է կարգավորվեն բոլոր կողմերի միջև, այդ դեպքում Արցախի կարգավիճակը պետք է վերականգնվի և հարգվի միջազգային օրենքի նորմերով, որովհետև այդ կարգավիճակը հստակեցվել է ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Պետք է ստեղծվի հարթակ, բանակցելու համար բոլոր հարցերի շուրջ: Շահումյանի շրջանը հիմա ո՞ւմ վերահսկողության տակ է, Ադրբեջանն այն չի՞ օկուպացրել, կամ Գետաշենը, Հյուսիսային Արցախը։ Նախիջևանի խնդիրը պետք է դնենք, և Արցախն իրավունք ունի դա դնելու, որովհետև մենք նույն կազմավորման կազմում էինք և տեսանք, թե ինչ ճակատագիր ունեցավ Նախիջևանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշել էր.

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ