«Հայ ժողովուրդը յուրահատուկ է, նա այն ընկերն է, ում հետ քեզ ապահով ես զգում». Վիկտոր Կոնոպլյով

    «Հայ ձայնի» զրուցակիցն է ռուս բանաստեղծ, հրապարակախոս, «Նաշա սրեդա» կայքի գլխավոր խմբագիր, ԼՂՀ Գրողների միության անդամ, Արցախի հիմնի ռուսերեն թարգմանության հեղինակ Վիկտոր Կոնոպլյովը:

     

    – Մենք գիտենք, որ ԼՂ հակամարտության թեմային Ձեզ ծանոթացրել է Ձեր ընկերը` ղարաբաղցի գրող, Արցախյան պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանը, և որ Արցախի թեման Ձեզ համար չափազանց կարևոր է: Ձեր առաջին այցը Հայաստան ևս կապված էր ԼՂ հակամարտության հետ: Հայտնի է նաև, որ Հայաստանում և Արցախում ունեք բավականին մտերիմ բազմաթիվ ընկերներ: Ի՞նչ է Ձեզ համար  Հայաստանը: Փոխվե՞ց արդյոք Ձեր կարծիքը հայերի մասին՝ այնտեղ այցելելուց հետո:

     

    – Գործնականում մինչև 2006 թվականը ես ոչինչ չգիտեի Ղարաբաղյան հակամարտության մասին, ինչպես նաև ռուսաստանցիների մեծ մասը չգիտի այդ մասին:  Դրանում մասամբ մեղավոր են մեր լրատվամիջոցները, որոնք տարօրինակ կերպով են դասակարգում Ռուսաստանի բարեկամներին` քաղաքական նպատահարմարությունից ելնելով: Ի տարբերություն իմ համաքաղաքացիների, բախտս ավելի շատ բերեց: Հայ ազգի ամենալավ ներկայացուցիչներից մեկի (որքան էլ դա պաթետիկ է հնչում)` արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի հետ ծանոթության շնորհիվ ես սկսեցի ավելի խորն ուսումնասիրել Ղարաբաղյան հակամարտության խնդիրները` փորձելով հասկանալ դրանց խորքային պատճառները: Միայն հակամարտության երկու կողմերի սկզբնաղբյուրների խորը վերլուծությունից հետո, մի կողմ թողնելով քարոզչական շերտավորությունը, ես կարողացա կազմել ամբողջական պատկերը: Որքան էլ  տարօրինակ թվա, պատերազմի մասնակից Բեգլարյանը, որ սեփական կաշվի վրա է զգացել պատերազմի բոլոր սարսափները, իր ստեղծագործություններում կոչ է անում քաղաքական գործիչներին՝ չտրամադրել երկու ժողովուրդներին իրար դեմ, կանգնեցնել պատերազմի սարսափը, ընդհանրապես վերացնել այդ հասկացությունը: Հենց սա պետք է դառնա ելման կետը: Երկու կողմերն էլ խոսում են հարցի արդար լուծման մասին: Ուրեմն եկեք սկսենք ակունքներից, վերացնենք սկզբնապատճառները:

    Իմ բազմաթիվ շփումները հայերի հետ, այցելությունները Արցախ և Հայաստան, ավելի են ամրապնդում իմ համոզմունքները առ այն, որ հայ ժողովուրդը յուրահատուկ է, նա այն ընկերն է, ում հետ քեզ ապահով ես զգում, ում պետք է հարգես և գնահատես:

     

     

    -Դուք ծավալում եք ակտիվ գործունեություն` հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման ուղղությամբ, հայտնի եք Ձեր հայամետ, արցախամետ դիրքորոշմամբ, նպաստում եք  Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ամուր կապեր եք պահպանում Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի հետ: «Չնվաճված Արցախ» ֆիլմում Դուք շոշափում եք 100-ից ավել հայ զինվորների և խաղաղ բնակիչների կյանքերը խլած Ապրիլյան քառօրյա պատերազմի թեման: Հայտնի է նաև, որ Դուք կազմակերպել եք ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը Նիժնի Նովգորոդում: Ինչպե՞ս է առաջացել ֆիլմի ստեղծման գաղափարը: Հայերից բացի որևէ այլ ազգի ներկայացուցիչների հետաքրքրու՞մ է արդյոք այս թեման:

     

    -Երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները (այդպես եմ անվանում, որովհետև Ղարաբաղում պատերազմը երբեք չի դադարել, ուղղակի եղել են «թեժ» ժամանակահատվածներ, սակայն չի եղել խաղաղության պայմանագիր, և շփման գծում մշտապես հնչում են կրակոցներ, և մարդիկ են զոհվում), երբ սկսվեց հերթական «թեժ» ժամանակաշրջանը, ես մտածեցի` իսկ ի՞նչ կարող եմ անել ես որպես մարդ և որպես լրագրող Արցախի համար: Այդ սարսափելի իրադարձությանը ես նվիրեցի մի շարք հոդվածներ. ինձ գրում էին շատ մարդիկ, ովքեր գտնվում էին հայրենիքից հեռու, անհանգստանում էին կատարվածի համար, ինչ-որ տեղեկություն էին խնդրում ինձանից: Ես արձակուրդ ձևակերպեցի, հավատարմագրվեցի ու մեկնեցի Արցախ: Սկզբում ես մտադրված էի հոդվածներ գրել, սակայն անսպասելիորեն իմ 16-ամյա ընկեր Լևոն Սահակյանին նկարահանելու հնարավորություն ընձեռնվեց: Չորս օրվա ընթացքում մենք  նկարահանումներ էինք կատարում տարբեր վայրերում` Թալիշում, Մատաղիսում, Մարտունիում, Մարտակերտում, Ստեփանակերտում, եղանք առաջնագծում, հոսպիտալում, հանդիպեցինք փախստականների հետ: Այսպես առաջացան սյուժեներ մեր տեսածի վերաբերյալ, որոնք հետագայում մոնտաժվեցին` վերածվելով «Չնվաճված Արցախ» ֆիլմի:

    Չափազանցություն կլիներ ասել, որ ողջ Ռուսաստանը ցնցվեց, իմանալով այն մասին, որ տարածաշրջանում արյուն է թափվում: Ռուսաստանյան հասարակությունը անտարբեր է, քանի որ հասարակական կարծիքը հիմնականում կախված է ԶԼՄ-ների, առաջին հերթին` հեռուստատեսության տեղեկատվական և քարոզչական գործունեությունից: «Հայերը առանց մեզ ճար չունեն» ցինիկ արտահայտությունը, ցավոք, այժմ գերակշռում է: Ահա այսպիսի «ընկերներ» ենք: Դա ցավալի է…

     

     

    – Ինչպես գիտենք, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, ինչպես նշում էին բազմաթիվ հայկական լրատվամիջոցներ, Ռուսաստանը որոշակի դեր խաղաց զինադադարի հաստատման գործում: Միջազգային շրջանակները` նամանավանդ ապրիլյան պատերազմից հետո, ևս ընդգծում էին, որ Ռուսաստանը բավականին կարևոր դերակատարաություն ունի տվյալ հակամարտության լուծման մեջ: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի ԼՂ հակամարտության հանգուցալուծումը:

     

    -Այո, իհարկե: Տարածաշրջանը արյունով հեղեղել սպառնացող լայնածավալ ռազմական գործողությունները կասեցվել են Ռուսաստանի գործադրած ջանքերի շնորհիվ: Այս փաստը վկայում է այն մասին, որ ՌԴ-ն ունի բավականին շատ ազդեցության լծակներ, իսկ դա նշանակում է, որ հնարավորություն կա վերջակետ դնելու հակամարտությանը: Սակայն դա տեղի չի ունենում, քանի որ այս վայրում բախվում են համաշխարհային քաղաքականության գլոբալ խաղացողների շահերը, և Ադրբեջանը օգտվում է դրանից` շանտաժի ենթարկելով թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Խաղաղության մասին պնդող խաղացողների փոխադարձ ցանկության դեպքում առաջընթացը ակնհայտ կլիներ: Կրկնեմ, որ արդարության մասին խոսելիս նախևառաջ պետք է վերականգնել պատմական արդարությունը Արցախի ժողովրդի համար և չբաժանել նրանց հողերը աջ ու ձախ, այլ վերադարձնել դրանք իրենց իսկական տերերին` հայերին: Եվ այս արդարության մասին մենք պետք է իրազեկենք միջազգային հասարակությանը, որպեսզի մարդիկ իմանան ինչը և ինչ պատճառով է տեղի ունենում: Տարբեր երկրների ժողովրդներ պետք է իմանան, որ երբ Ադրբեջանի պես պետություն գոյություն չի ունեցել, Արցախի հայերը հարստացնում էին աշխարհը՝ բարձր հոգևոր մշակույթով, զարգացնում էին առևտուրը:

     

     

    – Հայատանում վերջերս հաճախ կարելի է լսել քննադատություններ Մոսկվայի հասցեին` կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Ինչպե՞ս եք գնահատում դա, և արդյո՞ք չեք կարծում, որ այս համատեքստում հայ-ռուսական հարաբերություւները զգալիորեն վատթարացել են:

     

    -Իրավիճակը, իհարկե, զայրացնող է: Ռազմավարական գործընկերը և բարեկամը զենք է վաճառում թշնամուն, որով նա սպանում է մեր ընկերներին: Դա լիակատար անբարոյականություն է: Սակայն, տվյալ դեպքում շարժիչ ուժ է հանդիսանում ոչ թե բարոյականությունը, այլ՝ փողը: Երեսպաշտությունը ակնհայտ է:

     

     

    -Վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրկին նկատվում է լարվածության աճ: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:

     

    – Իրավիճակի սրացումներ եղել են և դեռ կլինեն, և դա նորություն չէ, քանի դեռ ագրեսորին բարձրաձայն կերպով ագրեսոր չեն անվանել:

     

     

    -Ռուսաստանին ձեռնտու չէ Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախի առաջացումը: Ձեր կարծիքով Ռուսաստանն ունի՞ բոլոր անհրաժեշտ լծակները նման պայթունավտանգ իրավիճակը կանխելու համար:

     

    -Նախորդ հարցերում ես արդեն ներկայացրի իմ կարծիքն այդ մասին: Առաջինը` ճանաչել Ադրբեջանը որպես ագրեսոր և պահանջել նրանից ռեալ կերպով պահպանել հրադադարը: Երկրորդ` դադարեցնել զենքի վաճառքը ագրեսոր երկրին: Երրորդ` պահպանել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները: Չորրորդ`արձանագրել  հայերի պատմական իրավունքը՝ ապրել սեփական հողում և կառուցել պետականություն: Հինգերորդ` տվյալ տարածքում դադարեցնել մրցակցությունը Արևմուտքի հետ` գտնելով աշխարհաքաղաքական շահերի բալանսի փոխզիջումային տարբերակներ:

     

     

    – Այժմ շատ են խոսակցությունները ՌԴ-ի` Կովկաս վերադառնալու մասին: Եթե ընդունենք, որ այս մոտեցումը չի համապատասխանում իրականությանն այն առումով, որ Ռուսաստանը երբեք չի էլ լքել Կովկասը, ապա ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի այժմյան ներկայությունը Հարավային Կովկասում, և կարելի է արդյո՞ք մոտ ապագայում ակնկալել լուրջ փոփոխություններ Մոսկվայի արտաքին քաղաքականության մեջ:

     

    -ԽՍՀՄ փլուզումից ի վեր մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան երկրները պլանավորված կերպով դուրս մղում Ռուսաստանին` իր համար ռազմավարական նշանակություն ունեցող բոլոր երկրներից: Գործելով ավելի շատ էմոցիոնալ, քան պրագմատիկ` ռուսական իշխանությունները արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ սխալներ են թույլ տվել: Գնահատելով այդ տարիները` տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում կան ուժեր, որոնք հատուկ հող են ստեղծում ինքնամեկուսացման համար` գործելով 19-րդ դարի վերջին հնչեցրած Պալմերսթոնի սկզբունքը՝ «Անգլիան չունի ոչ մշտական դաշնակիցներ, ոչ էլ մշտական թշնամիներ: Անգլիան ունի միայն մշտական շահեր»: 21-րդ դարի գլոբալիզացվող աշխարհում հարկավոր է լինել ավելի ճկուն և հեռատես: Ես լավատես եմ, և հուսով եմ, որ Ռուսաստանը ունի անհրաժեշտ ներուժը՝ իր հեղինակությունը վերականգնելու համար:

     

     

    -Մոտ ապագայում ունե՞ք որևէ պլաններ, նախագծեր կապված Հայաստանի կամ Արցախի հետ` նոր ֆիլմերի նկարահանում, հանդիպումներ, քննարկումներ:

     

    -Տարին երկու անգամ ես այցելում եմ Հայաստան և Արցախ, շփվում բազմաթիվ մարդկանց հետ, մասնակցում տարբեր միջոցառումների ու հանդիպումների: Իմ վերջին այցի ժամանակ որպես «Նաշա Սրեդա» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր, ես կնքեցի համագործակցության մասին երկու համաձայնագիր` «Արցախպրես» արցախյան լրատվական գործակալության և հայկական ՀԿ «ՀՀ-ում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի» հետ:  Մտադիր եմ շարունակել նման համաձայնագրերի կնքումը: Մոտ ապագայում սպասվում է հայկական հասարակական նախագծի շնորհանդեսը, որը ես մաս-մաս հավաքում եմ երկար տարիներ շարունակ, այն կոչվում է «Մոսկվայի ղարաբաղյան ճակատ»: Նախագիծը նվիրված է սովետական և ռուսական մտավորականությանը, ովքեր ԼՂ իրադարձությունների մասին լրատվական շրջափակման դժվարին ժամանակներում չվախեցան ձայն բարձրացնել  Արցախի հայ բնակչության պաշտպանության օգտին, ովքեր ըմբոստացած` հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշգրիտ տեղեկություններ էին տրամադրում: Այսօրվա դրությամբ դա լրագրողների և հասարակական գործիչների հրապարակումների առավել համապարփակ էլեկտրոնային արխիվն է, որը թույլ է տալիս ստանալ ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին օբյեկտիվ պատկերը արցախյան շարժման կայացման և ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանում:

     

     

    – Ի՞նչ կմաղթեք Հայաստանին և հայերին:

     

    – Հայաստանին, Արցախին, հայ ժողովրդին նախևառաջ ցանկանում եմ խաղաղություն: Շարունակե՛ք ձեր փառավոր նախնիների ավանդույթները, մի՛ նահանջեք արդարության և ճշմարտության հարցերում: Դուք օժտված եք չափազանց մեծ էներգիայով և ունեք բազմաթիվ հնարավորություններ, որպեսզի բարգավաճող դարձնեք ձեր երկիրը: Իմ մտքերը ձեզ հետ են, իսկ հոգիս լի է ձեր սիրո էներգիայով:

     

    Հարցազրույցը վարեց՝ Գոհար Իսախանյանը

     

    Share Button

    2 responses to “«Հայ ժողովուրդը յուրահատուկ է, նա այն ընկերն է, ում հետ քեզ ապահով ես զգում». Վիկտոր Կոնոպլյով”

    1. Արմեն Պապյան says:

      Ձեր լրատվամիջոցը շատ օգտակար գործ է անում, հանրությանը ներկայացնելով ռուսական քաղաքական գործիչների տեսակետը: Շնորհակալություն:

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն