«Ակունքներին վերադառնալու համար պետք չեն նոր գաղափարներ». Անտոն Մելնիկով

    «Հայ ձայնի» զրուցակիցն է ռուս գրող, սոցիալական աշխատանքի մասնագետ, ակտիվիստ, ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին լրագրող Անտոն Մելնիկովը:

     

    Սա Ձեր առաջին այցն է Հայաստան: Ինչու՞ եք այստեղ, ի՞նչ նպատակով:

     

    – Սա իմ առաջին այցն է Հայաստան, և, իհարկե, ես ցանկանում էի տեսնել այն սեփական աչքերով, քանի որ  ընկերներիցս  բազմաթիվ կարծիքներ եմ լսել այս երկրի մասին, և բոլոր այդ կարծիքները շատ հակասական են եղել և իրարից տարբերվող: Ոմանք ասում են, որ այստեղ հնարավոր չէ ապրել, և այստեղից հարկավոր է հեռանալ, կան նաև մարդիկ, ովքեր եկել են այստեղ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, կամ այլ երկրից մշտական բնակություն հաստատելու նպատակով, և նրանք իրենց հիանալի են զգում: Ես համոզված էի, որ այս ամենը պետք է անձամբ տեսնել, այցելել Հայաստանի պատմամշակութային վայրերը, սակայն, ամենակարևորը` տեսնել մարդկանց, իմ ընկերներին, որոնց հետ վաղուց էի ցանկանում հանդիպել:  

     

     

    – Ի՞նչն է Ձեզ մղել հայերի մասին տեղեկանալ, ի՞նչն է պատճառը, որ հաճախ հանդես եք գալիս հայամետ հոդվածներով, ստատուսներով:

     

    – Հայաստանում երևի ամենաշատը ինձ հիացնում է ոգին` յուրահատուկ ոգին, ես կասեի, հայկական ոգին, որում միահյուսվել են քրիստոնեական արժեքներն իրենց նախասկզբնական տեսքով և մինչքրիստոնեական մշակույթի սինթեզը: Այս ամենի հետ մեկտեղ, չնայած բոլոր ապրած դժվարություններին՝ հայերը պահպանել են հոգու մաքրությունը, բարությունը, անշահախնդրությունը, օգնելու պատրաստակամությունը, բաց են աշխարհի առջև: Չեմ վախենա ասել, որ ժամանակ առ ժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ սա ունիկալ, յուրահատուկ ժողովուրդ է, և այդ յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրա վրա կա Աստծո մատնահետքը, այն աստվածայինը, որ Արարիչը ինքն է ներշնչել մարդու մեջ:

    Ես, իհարկե, բոլորովին չեմ թերագնահատում իմ սերը Ռուսաստանի նկատմամբ, որն իմ հայրենիքն է, սակայն ես գնահատում ու հիանում եմ այն ամենով, ինչ տեսնում եմ Հայաստանում:

    Բերեմ մի փոքր օրինակ. երբ առաջին անգամ ես դիմավորեցի լուսաբացը Հայաստանում, ես տեսա մի պատկեր՝ ինչպես էր Արարատ լեռան պատկերը բացվում մշուշի միջից: Թվում էր, թե ինչ-որ մեկը մատիտով ուրվագծում է այն երկնքում, հետո ավելացնում ձնե գլխարկն ու լանջերը…Եվ վերջապես Արարատը երևաց ամբողջությամբ: Կարծես թե ամեն առավոտ Աստված մեծագույն սիրով նկարում է այդ տեսարանը, որպեսզի հայերը հիանան նրանով:  

    Հայաստանում Աստված ամենուր է, ոչ միայն բնության մեջ: Ինձ թվում է, որ նա գոյություն ունի նաև պատմության մեջ. որպես օրինակ նշեմ հայոց այբուբենը. այն գիտելիքները, որոնք ներդրվել են դրա ստեղծման մեջ՝ հաստատ Աստծո կողմից են ստացվել: Այդ պատճառով ես չեմ կարող անտարբեր մնալ, երբ տեսնում եմ այն ամենը, ինչ այժմ կատարվում է Հայաստանի շուրջ. երկիրը այս կամ այն բլոկ ներքաշելու փորձերը, որոշ գաղափարներ պարտադրելը, հայ ժողովրդին գործիք, խաղալիք դարձնելու ձգտումը սեփական շահերը իրականացնելու նապատակով: Այսօր այս ամենը շատ ակտիվ կերպով պարտադրվում է հենց նույն սոցցանցերի, ծախված բլոգերների միջոցով: Ընդ որում, դա արվում է ոչ միայն Հայաստանում, այլ երբեմն ինձ թվում է, որ Ռուսաստանում ևս կան ծախված մարդիկ, ովքեր շահարկում են այդ ցավոտ հարցերը` երկու ժողովուրդներին թշնամացնելու նպատակով: Այդ իսկ պատճառով ես՝ որպես ռուս, ով զգում է այդ բարեկամական կապը մեր երկու ժողովրդների միջև, չեմ կարող հեռու մնալ, անտարբեր լինել և ձգտում եմ հնարավորինս օգտակար լինել:

     

     

    – Դուք Ռուսաստանում շփվում եք տարբեր խավերի մարդկանց հետ, կա՞ն այնտեղ արդյոք Ձեզ նման մտածող մարդիկ, և ի՞նչ են ձեռնարկում նրանք, որովհետև, ինչպես գիտենք, այսօր Հայաստանում հատուկ ջանքեր են գործադրվում հակառուսական տրամադրություններ սերմանելու ուղղությամբ: Նամանավանդ դրսի հայերը լավ են հասկանում, որ Հայաստանն ունի մեկ հզոր հյուսիսային բարեկամ` Ռուսաստանը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է արվի, որպեսզի Հայաստանում ստեղծվի հակակշիռ, մշակվի հատուկ քաղաքականություն, որ Ռուսաստանը դրանում գրավի իր արդար տեղը:

     

    – Նախ՝ սկսենք ռուս գործիչներից: Ցավոք, նման մարդիկ քիչ են: Ես գիտեմ և անչափ վստահում եմ Վիկտոր Կոնոպլյովին, Վիկտոր Ալեքսանդրովին, Դենիս Դվորնիկովին: Բոլորովին վերջերս հայտնի է դարձել ռուս բանաստեղծուհի Քսենիա Բարանովան, ով լիրիկական բանաստեղծություններ է գրում Հայաստանի մասին: Ունեմ ևս մեկ լավ ընկեր` գրող, մանկավարժ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը, նրա հետ էլ պետք է հանդիպեմ, երբ վերադառնա արշավից, Ելենան լեռնագնաց է: Եվ, իհարկե բոլորին հայտնի Վլադիմիր Սոլովյովը, ով հայտնի է ընդգծված հայամետ դիրքորոշմամբ:

    Ողջ խնդիրը այն է, որ Ռուսաստանում ոչ ոք լրջորեն չի զբաղվում հայագիտությամբ, հայ-ռուսական հարաբերությունների հարցերով: Որոշ չափով դա կապված է այն բանի հետ, որ ՌԴ կառավարությունում բավականին ակտիվ ադրբեջանամետ, թուրքամետ լոբբի է առաջ տարվում, շատ են օլիգարխները, ֆինանսական գործիչները, որոնք իրենց գործունեության մեջ առաջնորդվում են սեփական շահերով, կարծելով, որ փողը հոտ չունի:  Իմ կարծիքով, միակ բանը, որ այս իրավիճակում կարելի է անել` գտնել և սովորեցնել համապատասխան մասնագետների, բլոգերների, սոցաշխատողների, հասարակական գործիչների, որոնք սոցցանցերում ակտիվ կերպով առաջ կտանեն հայամետ դիրքորոշում՝ ռուսաստանյան հասարակության շրջանում: Դրանով պետք է զբաղվի Ռուսաստանի հայկական սփյուռքը: Մեր Եկատերինբուրգի հայկական համայնքը բավականին ուժեղ է: Ոչ պակաս ակտիվ են նաև Վոլգոգրադի, Կրասնոյարսկի, Սանկտ Պետերբուրգի համայնքները:

     

     

    ՞նչ կցանկանայիք ավելացնել վերջում:

     

    – Ես կցանկանայի ավելացնել, որ դեռ որոշ ժամանակ առաջ սոցցանցերի և լրատվամիջոցների շնորհիվ ես բոլորովին այլ պատկերացում ունեի Հայաստանի, հայերի  մասին: Սակայն, այժմ, գտնվելով այստեղ, տեսնելով ամեն ինչ սեփական աչքերով, ուզում եմ ասել, որ Հայաստանը այլ է, քան ես պատկերացնում էի. այն ավելի լավն է, քան ներկայացնում են: Այստեղ ապրում են անկեղծ մարդիկ, որոնք զուրկ են ձևականություններից, չեն ձգտում երևալ ավելին, քան կան իրականում: Եվ ես կարծում եմ, որ պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես համացանցում, այլ պետք է տեսնել Հայաստանը սեփական աչքերով. միայն այդ ժամանակ ես հասկանում, որ ահա այստեղ է իրական կյանքը` քո կողքին: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ է պետք ձեռնարկել Հայաստանը հզորացնելու, նրան իր երբեմնի փառքը վերադարձնելու համար, ապա նշեմ, որ ոչինչ պետք չէ հնարել, պետք չեն որևէ հանճարեղ գաղափարներ, մեծ պլաններ… Դուք ամեն ինչ ունեք դրա համար: Ես հայերի մեջ տեսնում եմ այն գծերը, որոնք զարգացնելու դեպքում կարելի է շատ մեծ բարձրունքների հասնել: Դրանք են հոգու մաքրությունը, քրիստոնեականությունը, մեծ ներուժը: Եվ այն գիտակցումը, որ քո երկիրն ունի բավականին հարուստ, հագեցած, դրամատիկ, և դրա հետ մեկ տեղ փառավոր պատմություն, պետք է ստիպի հայերին վերադարձնել որոշակի պատմական պրոցեսների ընթացքում կորցրածը, վերադարձնել ու տեսնել ծովից ծով Հայաստան: Դա իրատեսական է, քանի որ ընդամենը պետք է գիտակցել, որ դա մերն է. Արարատ, Կարս, Արդահան, Էրզրում, Անի, Վան, Մուշ, Սասուն: Ես կարծում եմ, որ ակունքներին վերադառնալու համար պետք չեն նոր գաղափարներ:  

     

    Վստահ եմ, որ Արևմտյան Հայաստանի պատմական հողերի մեծ մասը հնարավոր կլինի վերադարձնել արդեն մոտակա 50 տարիների ընթացքում: Կարևորը` անհրաժեշտ է կենտրոնացնել ողջ ուժերը, և ամեն ինչ լավ կլինի:

     

    Հարցազրույցը վարեց Գոհար Իսախանյանը

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն