Արմավիր քաղաքի հանրային զբոսայգին ՌԱԿ երիտասարդների օգնությամբ նոր տեսք է ստացել

    Արմավիր քաղաքի հանրային այգին իր այցելուներին է ներկայանում արդեն բոլորովին այլ տեսքով. այգու պատերը նկարազարդվել են՝ քաղաքի բնակիչների սիրելի զբոսայգուն հաղորդելով նոր շունչ ու առավել գեղագիտական տեսք: Այգու նկարազարդման ու գեղեցկացման ամբողջ աշխատանքներն իրեն ուսերին են վերցրել Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները ՝ ամեն ջանք գործադրելով իրենց քաղաքի տեսքը բարելավելու ու բարեկարգելու համար:

     

    «Հայ ձայնի» հետ զրույցում ակումբի ատենապետ Օժենի Ավետիսյանն ասաց, որ ծրագրի կազմակերպչական աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս, որոնք ներառում են տարածքի ընտրություն, քաղաքապետարանի հետ փոխհամաձայնեցում և այլն: «Արմավիրում նման ձեռնարկ առաջին անգամ էր տեղի ունենում, և մեծ էր բոլորի ոգևորությունը: Արմավիր քաղաքի հանրային այգու գեղեցկացման աշխատանքներին   մասնակցել է շուրջ 25 ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ: Այս ընթացքում մեր շարքերում նաև համալրումներ ենք ունեցել. մարդիկ, տեսնելով մեր ակտիվությունն ու կատարած աշխատանքը, ցանկություն են հայտնել դառնալ մեր ակումբի անդամներ: Այս քայլի շնորհիվ մեր հանդեպ հավատը մեծացավ, քաղաքապետարանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքի համար և համագործակցության առաջարկներ ևս եղան»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ նկարիչների կատարած աշխատանքը բավականին բարձր է գնահատվել մարդկանց՝ քաղաքի բնակիչների կողմից. բոլորը մոտեցել ու իրենց գոհունակության ու հիացմունքի խոսքեր են հայտնել երիտասարդներին: Վերջինիս խոսքերի համաձայն՝ նաև առաջարկներ են եղել նմանատիպ ակցիաներ իրականացնել մարզի այլ քաղաքներում ևս:

     

    Արմավիրի քաղաքապետարանի «Զբոսայգի» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ երիտասարդների նախաձեռնությունը շատ լավ ու դրական է ընդունվել քաղաքապետարանի կողմից: «Ողջունելի է, որ այսօր մարդիկ ցանկություն ունեն գեղեցկացնելու իրենց բնակավայրը, դրան մաս կազմող զբոսայգիները. նման ծրագրեր նախկինում չեն եղել: Հարկավոր է նմանատիպ լավ և հետաքրքիր գաղափարներին աջակցել, և մենք հեշտությամբ ենք համաձայնել երիտասարդների ներկայացրած ծրագրի հետ, և խոչընդոտող հանգամանքներ չեն եղել: Նկարիչների աշխատանքները շատ գեղեցիկ են ստացվել, հաջողված են և ամբողջացնում են զբոսայգու տեսքը»,- նշեց մեր զրուցակիցը, ով նաև հավելեց, որ մեծ հաճույքով կհամագործակցեն երիտասարդների հետ այսօրինակ ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու համար:                

           

    «Հայ ձայնը» զրուցեց նաև Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ նկարիչների հետ, ովքեր իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել զբոսայգու գեղեցկացման աշխատանքներին:

     

    Ակումբի վարչական անդամներից Նազիկ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառման  նպատակը եղել է Արմավիրում հետաքրքիր ու տեսարժան վայրերի թիվն ավելացնելը, քաղաքը գեղեցկացնելն ու ավելի գրավիչ դարձնելը: Նախապես քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ քաղաքի հանրային այգում նկարազարդումներ իրականացնելն ավելի նպատակահարմար կլինի: «Սա մեր առաջին խմբակային աշխատանք էր: Մի փոքր դժվար է նկարչի համար աշխատել խմբում, քանի որ յուրաքանրյուրն իր ձեռագիրն ու մտածելակերպն ունի, բայց անշուշտ, խմբային աշխատանքը նաև իր հետաքրքիր կողմերն ունի: Միասին ընտրեցինք աշխատանքի թեմատիկան՝ Սարյանի ու Վան Գոգի ստեղծագործությունները, որոնց համադրվել են նաև մեր անհատական աշխատանքները: Բոլորը շատ հավանեցին մեր կատարած աշխատանքը, արձագանքները բավական դրական էին, անցորդներն անգամ զարմացած էին տեղի ունեցածով: Նկարազարդվել են այգու 3 պատերը, որոնք այնքան էլ լավ տեսք չունեին. ուստի նկարների միջոցով դրանց երկրորդ կյանք է հաղորդվել»,- նշեց Նազիկը՝ հայտնելով, որ Արմավիր քաղաքի բարելավման  վերաբերյալ նմանատիպ աշխատանքները շարունակական բնույթ կրեն: Խոսելով քաղաքային այգու նկարազարդման գաղափարի մասին՝ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամ Հայկ Շահինյանը նշեց, որ աշխատանքները մի քանի օր են տևել. յուրաքանչյուր պատը նկարազարդելու համար պահանջվել է 3  օր: Աշխատանքները սկսվել են վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, եղանակային պայմանների պատճառով կեսօրից հետո ընդհատվել են, ապա վերսկսվել ու տևել մինչև ուշ երեկո: Հայկը ևս ներկայացրեց համաքաղաքացիների գոհունակությունը, դրական արձագանքը, որին արժանացել են իրենց աշխատանքները:

     

    Նշենք, որ Արմավիր քաղաքի հանրային զբոսայգու արտաքին բարելավման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ՌԱԿ   հովանավորչությամբ:   

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն