«Գեղեցիկ կարգախոսներով հայրենիք չի կերտվի»

    ՌԱԿ-ում վերջին շրջանում ծավալվող ներկուսակցական հարցերի շուրջ «Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ: Վերջինս 40 տարուց ավել կուսակցական կենսագրություն ունի, ՌԱԿ ղեկավար կազմում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել:

     

    – Պարոն Նազիրեան, անցած տարի Հայաստանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ ՌԱԿ պատգամավորական ժողով, որի ընթացքում ընտրվեց Գերագույն խորհուրդ:  Կբացատրե՞ք, ինչ մարմին է դա:

    ՌԱԿ Գերագույն խորհուրդը ծնունդ առավ հոկտեմբեր 2016-ին, Երեւանի մեջ գումարված Արտակարգ Ընդհանուր Պատգամավորական Ժողովում, որին ներկա էին Հայաստանի տարբեր շրջանակների 139 լիազորված պատգամավորներ եւ սփյուռքի զանազան գաղութներից՝ ավելի քան 30 ՌԱԿ ի կառույցների  ղեկավարներ, որի ընթացքում որոշում կայացվեց կուսակցությունը դարձնել Հայաստանակենտրոն. ընտրվեցին ՌԱԿ Կենտրոնական վարչություն եւ Գերագույն Խորհուրդ։

    – ՌԱԿ Գերագույն Խորհուրդը ՌԱԿ  Կանոնագրում ընդգրկվա՞ծ է:

    – Կուսակցության Գերագույն հեղինակությունը Ընդհանուր Պատգամավորական Ժողովն է։ Այս ժողովը իրավունքը ունի բարեփոխելու, պակասեցնելու կամ հավելումներ կատարելու կուսակցության Կանոնագրի մեջ`ձայների մեծամասնությամբ։ ՌԱԿ Գերագույն Խորհուրդը վավերացվեց այդ Պատգամավորական Ժողովում՝ ձայների միաձայնությամբ։ Հետեւաբար, ՌԱԿ Գերագոյն Խորհուրդը օրինավոր եւ օրինական է, ամրագրված է Հայաստանակեդրոն Ռամկավար Ազատական Ընդհանուր Պատգամավորական Ժողովի կողմից եւ հաստատված ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։

    Գերագոյն Խորհուրդը միացնող, կամրջող, համադրող եւ ընդհանուր քաղաքականությունը որոշող եւ գործունեությունները ծրագրող, դասավորող մարմին է, որին  մաս են ՌԱԿ ի Հայաստանի եւ սփյուռքի ղեկավարությունների անդամներ։

    – Սփյուռքի որոշ անհատներ չեն ընդունում եւ չեն ցանկանում հաշվի նստել կուսակցության Գերագույն խորհուրդի հետ:

    – Ժամանակավոր է այդ։ Մենք իրենց ալ հրավիրեցինք մաս կազմելու ՌԱԿ Գերագույն Խորհուրդին, բայց անհասկնալի պատճառներով մերժեցին ժողովին մասնակցել, հակառակ որ ժողովների տեղերն ու ժամանակները համաձայնեցված էին։ Անձնական շահերից ելնելով վերջին օրերին, չկարողացան կամ չուզեցին հաշտության ժողովներին մասնակցել։

    – Ձեր այլախոհների խոսքերով` իրենք եկել են այն եզրակացության, որ ՀՀ-ում ՌԱԿ-ը չպետք է գոյություն ունենա որպես կուսակցություն`առկա 70 կուսակցությունների շարքում, այլ պետք է հետապնդի Արցախի եւ Ցեղասպանության միջազգային ճանաչումը:

    – Անկեղծ լինելու համար, ես եւ բազմաթիվ կուսակցական ընկերներ զարմացանք այս անհասկնալի հայտարարության վրա։ Որեւէ կուսակցության  գոյության հիմնական նպատակը երկրի իշխանության տիրանալն է որպեսզի իր դավանած սկզբունքները գործադրե այդ երկրին ժողովուրդի բարօրության համար։ Ինքն իրեն հարգող որեւէ կուսակցություն այդ ուղղությամբ կ՚աշխատի։ Մենք, որպես Ռամկավար Ազատականներ, կհավատանք ռամկավարական եւ ազատական սկզբունքներին։ Մեր նպատակը պետք է լինի Հայաստանում հիմնել ռամկավարական, ժողովրդավարական եւ ազատական, լիբերալ սկզբունքների վրա հիմնված իշխանութիյն։ Սփյուռքում հայկական ավանդական կուսակցությունները չեն կարող տեղի կառավարություններին, իշխանություններին տիրանալ, եւ հետեւաբար չեն կարող քաղաքական ամբողջական աշխատանք տանել։ Կարող ենք մշակութային, մարզական, կրթական, պատանեկան, երիտասարդական եւ այլ տեսակի գործունեություններ ունենալ` հայապահպանման համար: Ինչպես նաեւ, ցեղասպանության իրողությունն ու հայ դատի արդար լուծման երազը վառ պահել նոր սերունդի մեջ։ Անշուշտ պետք չէ մոռնանք Ցեղասպանության ճանաչումի եւ մեր դատի եւ իրավունքների պահանջը հետապնդելու սրբազան պարտականությունը։

    – Իսկ Արցախի միջազգային ճանաչումը:

    – Արցախի հարցը մաս կկազմե Հայ Դատի ընդհանուր պատկերին։ Հողային ամբողջականության, բռնագրավված հողերու վերադարձի մաս կկազմե Արցախի հարցը։ Մենք պետք է մեր քաղաքականությունը համադրենք Արցախի եւ հայրենի իշխանությունների քաղաքականության հետ եւ այստեղ աշխատանք տանենք այդ ուղղությամբ։ Մեր, հայկական թերթերում Արցախի հարցի մասին գրելով չենք կարողանա Արցախը ճանչեցնել պետությունների մոտ։ Շատ լուրջ, հետեւողական եւ քաղաքական լայնածավալ աշխատանք  կպահանջի դա, որի մասին շատ երկար պետք է ծրագրել եւ խոսել։

    ՌԱԿ-ն առաջին կուսակցություններից մեկն է, որ գրանցվեց Հայաստանում, սրանից 25 տարի առաջ։ Քաղաքական զարգացումների հետ, անվանափոխություններ եղան, ժամանակի զարգացումների հետ քայլ պահելու համար։ Մենք կհավատանք բազմակարծությանը։ Եթեն Հայաստանի մեջ շուրջ 70 կուսակցություններ կան, դա չի նշանակում, որ առաջին գրանցված կուսակցությունները պետք է հեռանան քաղաքական ասպարեզից։ Շատ լավ գիտեք որ այդ 70 կուսակցություններերից շատ շատերը մի քանի անդամ հաշվող կազմակերպություններ են։ Մենք նրանց հետ չենք մրցելու։ Մենք քաղաքական լուրջ կուսակցություն ենք եւ տարածված ենք Հայաստանի բազմաթիվ մարզերում: Տակավին վերջին մի քանի ամիսներին Վարդենիսի, Արմավիրի, Սիսիանի, Եղվարդի շրջաններում եւ մայրաքաղաք Երեւանում երիտասարդական, մարզական եւ այլ տիպի ակումբներ հաստատեցինք, տասնյակներով երիտասարդներ կուսակցական օծեցինք եւ այդ շրջաններում, պետք է ասել, որ խանդավառությունը մեծ է։ Տակավին ծրագիրեր ունենք եւ նախաքայլերն արված են`տարբեր մարզերում եւ քաղաքներում կուսակցական, մշակութային, երիտասարդական եւ այլ մարմիններ ստեղծելու։

     

    – ՌԱԿ Արգենտինայի կառույցի ներկայացուցիչ Սերխիո Նահապետյանը Երեւանում կայացած մամուլի ասուլիսում դժգոհեց, որ իրենց թույլ չեք տալիս կուսակցական ատրիբուտներն օգտագործել: Ի դեպ, նա նաեւ ասաց, որ Հայաստանում է իբրեւ ՌԱԿ ատենապետ:

    –  Սերխիո Նահապետյանը իրավունք ունի իր գաղափարներն արտահայտելու աշխարհի որեւէ մեկ անկյունում, կարող է Հայաստանում ներկայանալ, որպես սփյուռքի ՌԱԿ-ի անդամ, սակայն ոչ ՀՀ ՌԱԿ ի ներկայացուցիչ։ Հայաստանի ՌԱԿ-ը պաշտոնապես գրանցված է ՀՀ Արդարադատության նախարարությունում։ Ընկեր Նահապետեանի արարքը ՀՀ ներքին գործերին միջամտել է։ Բան, որն օրենքով արգելված է: Ասեմ, որ ՀՀ առաջին խորհդրարանում   ՌԱԿ-ը 21 պատգամավորներ ուներ։ Իսկ այդ ժամանակ, ՌԱԿ-ի Կեդրոնական վարչության Ատենապետ ընկեր Արշավիր Կէօնճեանը պաշտոնապես ՌԱԿ- ի դրոշն ու զինանշանը փոխանցեց Հայաստանի ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչությանը։

    – Սերխիո Նահապետեանը նաեւ մտահոգություն հայտնեց առ այն, որ ՌԱԿ-ը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին`ընդդիմության դրոշի ներքո: Իր բառերով՝ «Այս ընդիմութիւնը սփիւռքում համարվում է  բաւականին վտանգաւոր երեւոյթ, որոհետեւ եթէ այդ ընդիմութիւնը մտնելով սփիւռք մէջ, բաժանումներ կստեղծի, որոնք կը կործանեն մեր սփիւռքը»։ Այս մասին ի՞նչ կասեք:

    -Ռամկավարական, ժողովրդավարական երկիրներում, ընդիմությունը անհրաժեշտություն է։ Ընդիմության մեջ կամ ընդդիմությանը կողմ լինելը չի՛ նշանակու` վարկաբեկել իշխանություններին։ Այդ չի՛ նշանակում իշխանությունների դեմ աշխատել։ Պետք է գտնվեն մարդիկ, կուսակցություններ, որոնք կարենան «ոչ» ասել իշխանությունների սխալ քաղաքականությանը։ Մենք, ռամկավարներս, պարտականությու՛նը եւ իրավու՛նքը ունինք դրական, շինիչ քննադատությամբ մոտենալու իշխանությունների արարքներին։ Եթե դրական երեւույթ տեսնենք`կգնահատենք, եթէ, ըստ մեր հայեցողության, սխալ քայլեր նշմարենք, պե՛տք է քննադատենք, պիտի՛ քննադատենք։

    – Դա չի՞ կործանի սփյուռքը, ինչպես համոզված է Ձեր ընդդիմախոսը:

    – Դա ոչ մի կերպով սփյուռքին վնաս չի հասցնի։ Հակառակը, կկազմակերպե սփյուռքը եւ նրա զանազան միավորները կհամախմբի Հայաստանի շուրջ, հայրենիքի շուրջ։ Իշխանությունը ի՛նքը պետք ունի շինիչ քննադատության։ Գեղեցիկ լոզունգներով հայրենիք չի կերտվի։

    – Խոսեցիք Հայրենիքը շեացնել-զորացնելու մասին, ՀՀ վարչապետը կոչով դիմեց սփյուռքի գործարարներին` Հայաստանում ներդրումներ կատարելու: Պատրաստվո՞ւմ եք:

    – Շատ դրական կոչ է։ Մենք արդեն իսկ ծրագրած ենք գործարարների հետ գործակցելու՝ հավաքական կերպով ներդրումներ կատարելու։ Սակայն, նախքան այդ, ՀՀ-ն պետք է օրենքով ապահովի արտասահմանյան ներդրողների վստահությունը եւ ներդրումները, սփյուռքահայերն իրենց կարողականության չափով կաշխատեն օգնել Հայաստանի վերելքին եւ բարգավաճումին։

    Զրույցը`Նելլի Գգրգորյանի

     
    Share Button

    Հոդվածներ

    Կհայտնվի արդյո՞ք Հայաստանից հարավ քրդական պետություն. Արմեն Մանվելյան

    Հունիսի 24 , 2017 , 17:11
    Քրդական հարցի շուրջ նոր զարգացումներ են սպասվումՙ պայմանավորված Քրդական ինքնավար շրջանի նախագահ Մասուդ Բարզանիի հայտարարության հետ, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին այնտեղ կազմակերպվելու է հանրաքվե անկախ պետություն ստեղծելու հարցի շուրջ: Այն, որ այդ շրջանում բնակվող քուրդ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 19:32
      22.06

      Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան՝ Մեծամոր քաղաքի մշակույթի տան բեմում

    • 15:30
      22.06

      Հայ-ֆրանսիական պատանեկան նվագախմբի համերգները՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում

    • 14:02
      22.06

      Մոսկվայում տեղի կունենա «ԾԻՐԱՆ–2017» բազմազգ տոնը

    • 20:33
      19.06

      Հունիսի 20-ին տեղի կունենա բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի գրքի շնորհանդեսը

    • 20:52
      09.06

      Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբելու է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը