Ինքնավար Կիլիկիայի Տամատյանը (Տեսանյութ)

    Այսօր ՌԱԿ անվանի գործիչ Միհրան Տամատյանի հիշատակի օրն է:

    «Այն սքանչելի ոգին ու յստակ կեցուածքն է, ահա, խարիսխ հանդիսացողը Միհրան Տամատեանի դաւանանքին ու գործունէութեան։ Եւ անոնք, միեւնոյն պայծառութեամբ կը ցոլան անոր յուշերուն մէջէն, մեր ազգային մեծ ողբերգութիւններուն հիմնական տուեալները, պատճառները, հետեւանքները մեզի փոխանցելով անպաճոյճ ու անսեթեւեթ արձանագրութեամբ, Տամատեան, իր մեկնաբանութիւններով մեզի փոխանցած կ՛ըլլայ իր անշեղ ոգին ու համոզումներուն կրակը․․․Հայ ժողովուրդի պատմութեան մէկ ողբերգական շրջանի մեծ զաւակներէն մէկը եղաւ Տամատեան թէ՛ իր խօսքով եւ թէ՛ իր գործունէութեամբ»:

    Նուպար Ակիշեան

     

    Հայ քաղաքական մտքի գոհարներից մեկը հանդիսացող Միհրան Տամատյանը ծնվել է 1863թ․-ին Կ․Պոլսում։ Նախնական կրթությունը ստացել է Սուրբ Հակոբ, ապա Մխիթարյանների դպրոցներում։ 8 տարեկանում ընդունվել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան, որն ավարտել է գերազանցությամբ։ 1880թ․-ից աշխատում է Կ․Պոլսի դպրոցներում որպես ուսուցիչ, այնուհետև Ադանայի Աբգարյան վարժարանում, 1884թ․-ին՝ Մուշի Ներսիսյան վարժարանի տնօրեն, Տուրուբերանի ու Վասպուրականի հայկական դպրոցներում՝ տեսուչ։ Ստեղծում է նաև գաղտնի կազմակերպություն իր մի քանի համախոհների հետ։1888թ․-ին վերադառնալով Կ․ Պոլիս՝ Տամատյանն աշխատանքի է անցնում Օրթագյուղի հայ կաթոլիկ դպրոցում։ Համբարձում Պոյաճյանի հետ հիմնում է 7 հոգանոց վարչություն, որն, ըստ իրեն, Պոլսո գլխավոր հեղափոխական մարմինը եղավ։ 1889թ․-ին նրանք միացան Հնչակյաններին։

    Տամատյանը իր խմբի հետ միասին մասնակցել է 1890թ․-ի Գում Գափուի ցույցին, որի համար ենթարկվել է հալածանքների։ Այս ժամանակ Կ․ Պոլսից հարկադրաբար տեղափոխվել է Աթենք, որտեղ շարունակում է սուլթանական վարչակարգը տապալելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, մասնավորապես հանդիպումներ է ունենում մակեդոնացի և կրետացի հեղափոխականների հետ, լսում նրանց փորձը։

     

    Մեկ տարի Աթենքում անցկացնելուց հետո «Մելքոն» ծածկանունով տեղափոխվել է Սասուն և տեղի հայերին նախապատրաստել ինքնապաշտպանության։ 1890-ական թթ. Սասունի ազգային ինքնագիտակցության զարթոնքի և ազատագրական պայքարի կազմնավորման տարիներն էին, շարժումը գլխավորում էին հայկական գյուղերի իշխանները՝ Շենիկի ռես Գրգոն, Գելիեգուզանի իշխան Պետոն և Սեմալի իշխան Գորգեն։ Տամատյանը Սասունում գրկաբաց է ընդունվում տեղի իշխանների կողմից և ազատագրական շունչը տարածում Սասունի հայկական գյուղերում: Շուտով կառավարությունը տեղեկանում է Տամատյանի գործունեության մասին և շտապում նրան ձերբակալելու և քայքայելու վերջինիս կազմած միությունը։ Կառավարությունը մի քանի խորամանկ փորձ է կատարում ձերբակալելու նաև Շենիկցի Գրգոյին և Գելիեգուզանցի Պետոյին, սակայն հայ իշխաններին հաջողվում է խուսափել ձերբակալությունից։

    1893 թ․-ին կառավարությունը գտնում և Պետոյի տուն է ուղարկում նրա բարեկամ քուրդ Սոֆի Խուրշուդին, ում արդեն կաշառել էին, որ վերջինս Պետոյին խաբեությամբ տանի Մուշ` այնտեղ մատնելու, բայց Խուրշուդի` Գելիեգուզան հասնելուց առաջ Շենիկցիները Պետոյին հայտնում են քրդի նենգության մասին։ Պետոն հրաժարվում է Մուշ գնալուց։ Շենիկի ռես Գրգոն հետապնդում է Խուրշուդին և ետդարձի ճանապարհին սպանում։ Կառավարությունը Խուրշուդի վրեժը լուծելու համար ձերբակալում է Սեմալի իշխան Գորգեին և համոզում վերջինիս եղբորը, որ եթե օգնի ձերբակալել Տամատյանին, ապա ազատ կարձակեն Գորգեին։ Շատ չանցած, երբ Տամատյանը քարոզելով շրջում էր Սասունում, նրան նկատում են երկու քուրդ և ծպտված մի ոստիկան։ Տեղի է ունենում կռիվ, բայց Տամատյանին հաջողվում է անցնել Սեմալ։ Քրդերն ու ոստիկանը հետապնդում են նրան։ Գորգեի եղբայրը՝ Դավոն, իր ազգականների հետ միասին ծեծում է Տամատյանին և մատնում նրան։ Վերջինս ձերբակալվում և մեծ հանդիսավորությամբ տարվում է Մուշի բանտ։ Շենիկի քաջ իշխան Գրգոն, տեղեկանալով այդ մասին, իր զինված խմբով անմիջապես շտապում է` Տամատյանին ճանապարհին ազատելու, սակայն Դավոյի ուղարկած մի այլ դավաճան ընդառաջ է գնում Գրգոյին ու խաբում, թե Տամատյանն արդեն Մուշում է, և նրան ազատել չեն կարող։ Գրգոն խաբված վերադառնում է Շենիկ։ Տամատյանին փոխարինում է Հրայր Դժոխքը, որն անմիջապես կատարում է վրիժառությունը։ Սեմալում արդեն սպանվել էր դավաճան Դավոն, իսկ Տատրագոմի մոտ Հրայրը հարձակվում է Տամատյանին Մուշ տարած երկու քրդերի վրա, որոնցից մեկին սպանում է, իսկ մյուսին հաջողվում է ճողոպրել։

     

    1894թ․-ին կուսակցական որոշումով մեկնում է Վառնա՝ Բուլղարիայում և Ռումինիայում քարոզչություն անելու։ Սակայն նրան ձերբակալում և ուղարկում են Կ․

    Պոլիս, Տամատյանին հաջողվում է ճանապարհի կեսից փախչել և անցնել Աթենք, որտեղ և սկսում է աշխատել «Մասիս», «Բյուզանդիոն», «Շիրակ», «Ազգ» թերթերում։

    1896թ․-ին հրավիրվում է Լոնդոն, որտեղ էլ նա որոշում է դուրս գալ կուսակցության շարքերից։

                                                                                      

     

    1897թ․-ին հեռացել է Հնչակյանների շարքերից, անցել Արփիար Արփիարյանի կողմը և հետագայում մասը կազմել Սահմանադրական ռամկավար կուսակցության։ Սակայն նրանք ևս երկար ժամանակ միասին չեն գործում, Ալեքսանդրիայում կայացած ընդհանուր ժողովի որոշումներից դժգոհ, դուրս է գալիս նրանց շարքերից։ 1898թ․-ին Կահիրեում «Պերճ» մականունով տպագրու է բանաստեղծությունների հավաքածու՝ «Ներշնչանք»։

     

    Տամատյանն ամուսնանում է 1899թ․-ին Զարուհու հետ։ Ունենում է 2 դուստր՝ Շաքե և Նվարդ։

    1908թ․-ին Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության ստեղծումը վերածնունդ դարձավ Կահիրեի գործարաններում աշխատող Միհրանի համար։ Նա գրեց կուսակցության ծրագիրը, որի նպատակն էր ստեղծել սահմանադրական հանրապետություն։ Ծրագիրը երկար կյանք չունեցավ։

    Ներգրավված է եղել հայ ականավոր ազգային- քաղաքական գործիչ Պողոս Նուբար փաշայի գլխավորած ազգային պատվիրակության կազմում որպես Կիլիկիայի լիազոր ներկայացուցիչ։ Համարձակ փորձ է կատարել Կիլիկիայում ստեղծել ինքնավար հանրապետություն Ֆրանսիայի հովանավորությամբ։ 1920թ․-ի օգստոսի 4-ին Ադանայում ազգային գերագույն խորհուրդը հռչակվել է անկախ հանրապետություն՝ Ինքնավար Հայաստան Ֆրանսիայի հովանավորությամբ։ Սակայն կապված անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման և վերջինիս հետևանքով Ֆրանսիայի թուրքամետ քաղաքականության պայմաններում Տամատյանի գլխավորած կառավարությունը ցրվում է, սակայն, ինչպես Տամատյանն է նշում, այդ կառավարությունը երբեք հրաժարական չի տվել և չի տա։

     

    1924թ․-ին տեղափոխվում է Բեյրութ և գլխավորում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը։

    1937թ․-ից Տամատյանը Հովսեփ Սեքսենյանի հետ հիմնադրել է Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթը` «Զարթոնք» ազգային-քաղաքական, հասարակական ու գրական օրաթերթը ։

    Տամատյանը բացի ազգային-ազատագրական ու քաղաքական գործունեությամբ զբաղվելուց գրել է բանաստեղծություններ, կատարել բազմաթիվ թարգմանություններ․ գիտեր 10-ից ավելի լեզուներ։ Նրա ստեղծագործություններից են «Քայլերգ որբերու ընդհանուր միութեան» գործը․

    Մանկիկներ էինք դեռ մատաղի`

    Երբ տուինք հայր, մայր, զոհ մի սուրբ դատի

    Ու մենք մնացինք ծոցն անապատի

    Որբ անպատսպար, մերկ ծարաւ նօթի

    Բայց մեզ հայ օտար բարերարք անգին

    Ըստոյգ մահուընէ դարձուցին կեանքին:

    Խանդաղատօրէն ու սիրողաբար

    Ըսին մեզ, “Որբ չէք, Ազգն է ձեզի հայր,

    Մէկ մօր տեղ ունիք հիմա հազար մայր,

    Եղբայր քոյր մ’ողբամք բոլո՛րդ քոյր եղբայր“:

    Այսպէս հայ, օտար բարերարք անգին

    Ըզմեզ դարձուցին յոյսին ու կեանքին․․․․

    Բազմակողմանի զարգացած, ականավոր գործիչ, հրապարակախոս Միհրան Տամատյանը կյանքի վերջին հատվածն անց է կացրել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Մահացել է 1945թ․-ի օգոստոսի 12-ին Կահիրեում և այժմ Մարմինայի Սուրբ Մինաս ազգային գերեզմանատանը հանգչում է Եկարյանի, Արփիարյանի, Հերյանի և Թեքեյանի կողքին։ Նրա կյանքին և գործունեությանը մանրամասն կերպով անդրադարձել է Պ․ Տեփոյանը իր «Միհրան Տամատյան» գրքում, որը լույս է տեսել 1956թ․-ին։

    Share Button

    Հոդվածներ

    Եկէք Համաձայնինք` Որպէսզի 2018 Մայիսին, Հայոց Պետականութեան Հարիւրամեակը նշուի Համահայկական Եւ Համերաշխ Ոգիով. Դոկտ. Արշաւիր Կէօնճեան

    Օգոստոսի 15 , 2017 , 20:03
    Համաշխարհային չափանիշով գիտնական եւ համալսարանի դասախօս որ զուգահեռաբար ստանձնած է ղեկավար դերեր ազգային գլխաւոր կազմակերպութիւններէն ներս: Ելեքտրագիտութեան գծով University of Pennsylvania համալսարանէն իր դոկտորան ստանալէ ետք, ան 1965-ին հաստատուած է Գանատայի Մոնթրէալ

    Լրահոս

    Միջոցառումներ

    • 20:27
      14.08

      Կարապի լճում կներկայացվեն քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակները

    • 18:05
      14.08

      Հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորներն ու կատարողները կհանդիպեն Դիլիջանում

    • 18:07
      12.08

      Տեղի կունենա նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը

    • 20:31
      11.08

      Բացօթյա կինոդիտում՝ Գառնու տաճարի տարածքում

    • 19:06
      11.08

      Երևանում տեղի կունենա «Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոն