• USD 486.78
  • GBP 644.89
  • EUR 574.01
  • RUB 8.17
  • GEL 178.88
Նոյեմբեր 19, 2017
Լրահոս, Մեր ձայնը, Special reports, 24 ապրիլի
23.04.2017 | 00:11

ՌԱԿ-ի հովանավորած երկու գրքերի շնորհանդես (Լուսանկարներ)

Ապրիլի 21-ին ՌԱԿ Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՌԱԿ-ի հովանավորությամբ թրքերենով լույս տեսած Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի կարևոր նշանակություն ունեցող աշխատության՝ «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» գրքի շնորհանդես-քննարկումը:

Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական Վարչությունը, հրատարակելով պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի աշխատությունը, նպատակ է ունեցել վերջապես բացել հայ-քրդական հարաբերությունների թղթածրարը և հրապարակային քննարկումների առարկա դարձնել դրանց ոչ այնքան անցյալի, որքան ներկայի ու տեսանելի ապագայի կարգավիճակն ու հարակից խնդիրները, միաժամանակ ներկայացնելով հայեցակարգային որոշ մոտեցումներ այդ հարաբերությունների հետագա կարգավորման համար: Միջոցառմանը ներկա էին մի շարք հյուրեր՝ անվանի թուրքագետներ, իրանագետներ, արաբագետներ, քաղաքագետներ և այլն:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Ռամկավար Ազատական Կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որը խոսեց գրքի ստեղծման ու դրա կարևորության մասին՝ իր խոսքում մասնավորապես նշելով հետևյալը՝ «Քրդական գործոնի հարցում վերջին շրջանում որոշակի փոփոխություններ են նկատվում, արձանագրվում, ինչին, անշուշտ, պետք է անդրադառնալ: Ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո Թուրքիայում բացարձակապես նոր իրավիճակ է տիրում, սուլթանիզմի վերադարձը արդեն օրենսդրորեն հաստատվել է այդ երկրում»:

Պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը գրքի մասին խոսելիս նշեց, որ գիրքը մի քանի հատորից բաղկացած, հարուստ ասելիք ունեցող աշխատության արժեք ունի և հատորյակների ստեղծման համար հիմք կարող է լինել:

Գրքի հեղինակ պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ գրքում ընդգրկված հարցերին նախկինում ոչ ոք անդրադարձ չի կատարել, և քրդական հարցն էլ անտեսվել է: «Ինձ հետաքրքրում էր, թե հայ մտավորականությունը և հասարակությունը ինչպես կվերաբերի այս գրքին և այդտեղ արծարծված հարցադրումներին: Արձագանքն ու ընկալումը սպասվածից ավելին էր, իսկ քննադատական խոսքի գիրքը չի արժանացել»;

«Հայ ձայնի» հետ զրույցում Ն. Հովհաննիսյանը կարևորեց մեկ տարի առաջ նույնպես կուսակցության հովանավորությամբ հայերենով հրատարակված քուրդ-հայկական հարաբերություններին՝ մասնավորապես քրդական գործոնը Հայոց ցեղասպանության մեջ և քրդական գործոնի հնարավոր օգտագործումը հայերի կողմից հայկական հարցում հարցադրումներն ընդգրկվող այս աշխատության գոյությունը: Այժմ գիրքը նաև ունի թուրքերեն տարբերակ, որի միջոցով այն հայտնի կդառնա թուրք-քրդական աշխարհին: «Այսինքն՝ գրքի հասցեատերը հայտնի է, և այն ստանալով կարող են ծանոթանալ հայ քաղաքագիտական մտքին, թե ինչպես պետք է մոտենալ նշված հարցերին»: Հովհաննիսյանի խոսքով՝ մեզ ծանր պայքար է սպասվում, և այն հաղթահարելու համար պետք է գիտելիքով զինված լինել:

Միջոցառման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «Արմենական կուսակցություն -130 »՝ Վարդան Նազիրյանի մեկենասությամբ լույս տեսած գրքին, որտեղ ամփոփված են 2015թ-ի նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում Ռամկավար Ազատական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցած Արմենական կուսակցության հիմնադրման 130-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերը:

Նշենք, որ գիրքը կազմել և խմբագրել է պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանը, ով ներկայացրեց կուսակցության պատմությունը, ծավալած գործունեությունը և գիտաժողովի մանրամասները: Վերջինս նշեց, որ սույն գիրքը թարմ խոսք պարունակող գիրք է: Նյութերի ժողովածուում տեղ են գտել Երվանդ Ազատյանի, Լեւոն Շիրինյանի, Սուրեն Սարգսյանի, Աշոտ Ներսիսյանի, Ռուբեն Սահակյանի, Համլետ Գեւորգյանի, Քնարիկ Ավագյանի եւ Արմեն Կարապետյանի զեկուցումները:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas