• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
05.08.2017 | 16:45

Հայոց պետականութեան խորհրդանշանները. Սուրէն Թ. Սարգսեան

Հայաստանի անկախութեան վերականգնման մօտալուտ 100-ամեայ յոբելեանի կապակցութեամբ դիտարկւում ու վերարժեւորւում են անցեալի շատ իրադարձութիւններ ու երեւոյթներ, որոնք անմիջականօրէն կապ են ունեցել անկախութեան ու պետականաշինութեան գործընթացների հետ: Շեշտադրւում են յատկապէս Սարդարապատի ու Բաշ-ապարանի յաղթամարտերի նշանակութիւնը, ժողովրդի աննախադէպ միակամուելու, բռունցքուելու եւ անպայմանօրէն յաղթելու վճռականութիւնը: Միաժամանակ վերջին ժամանակներս յաճախակի են դարձել խօսակցութիւնները հայ պետականութեան խորհրդանիշերի` օրհներգի, զինանշանի եւ դրօշի մասին: Տպագիր ու ելեկտրոնային մամուլում եւ այլ տեսակի լրատու միջոցներում դրանց վերաբերեալ առկայ է նաեւ խուլ ու կիսաձայն բանավէճ: Աւելին, այդ առերեւոյթ խաղաղ բնոյթ ունեցող բանավէճը նաեւ կուսակցականացուել է, դարձել սկզբունքային խնդիր որոշ քաղաքական ուժերի համար: Հէնց սա էլ դարձաւ այս յօդուածը գրելու շարժառիթը:

 

Որեւէ երեւոյթ, իրադարձութիւն արժեւորելու կամ մերժելու համար անհրաժեշտ է նախ դիտարկել դրանց արմատները: Հայոց պատմութիւնը հազարամեակների ընթացքում հարթ չի ընթացել: Ունեցել ենք հզօր ու աշխարհակալ պետականութիւն, նաեւª միջին հզօրութեան, երբեմն էլ վասալական կախման մէջ ենք եղել: Եղել են նաեւ տեւական ժամանակներ, երբ կորցրել ենք այն, սակայն անկախ պետականութիւն ունենալու յիշողութիւնն ու ձգտումը յարատեւ ու մշտական է եղել հայ ժողովրդի գոյութեան բոլոր ժամանակներում: Հէնց սա է մեր ժողովրդի մեծագոյն նուաճումը, հէնց սրանից է հարկաւոր դասեր քաղել:

 

Իսկ ինչ վերաբերում է պետականութեան ներկայ խորհրդանիշերին, ապա նկատենք հետեւեալ կարեւոր հանգամանքը, որը յաճախ աչքաթող են անում շատերը: Նախ` մենք ունեցել ենք երեք հանրապետութիւն, որոնցից իւրաքանչիւրն ունեցել է (եւ ունի) իր թէ՛ դրական եւ թէ՛ բացասական կողմերը: Թէեւ այսօր կարելի է հանդիպել հրապարակումների, որոնց յատուկ է սեւացնել յատկապէս Խորհրդային կամ Երկրորդ հանրապետութիւնը, շատ դէպքերում նոյնիսկ այն անկախ ու ինքնիշխան պետութիւն էլ չեն համարում: Կþասեմ ընդամէնը մէկ բան. մեր պատմութեան ողջ ընթացքում չկայ մէկ այլ օրինակ, երբ պատմական համեմատաբար այդքան կարճ ժամանակահատուածում (70 տարում) հայ ժողովուրդն այդպիսի քանակական եւ որակական աճ տուած լինի: Այնպէս որ, համոզուած եմ, որ ոչ մի խելացի եւ իրեն յարգող պատմաբան, քաղաքագէտ, վերլուծաբան կամ տնտեսագէտ միանշանակ չի կարող պնդել, որ այդ հանրապետութիւններից որեւէ մէկը բացարձակ լաւն է: Այդ նոյնն էլ կարելի է ասել պետական խորհրդանիշերի առումով:

 

Ինչպէս իրաւացիօրէն նկատել է Հայաստանի Գիտութիւններու արտասահմանեան անդամ Երուանդ Ազատեանը` ՙԿառչիլ մէկուն կամ միւսին, եւ առաւել եւս հակադրել մէկը միւսին` ոչ հայրենասիրութիւն է, ոչ ալ պատմագիտութիւն՚ (տես ՙԱզգ՚ 21 Յուլիս 2017): Իսկ մեր կարծիքովª նաեւ անշնորհակալ գործ: Ընդունուած է համարել, որ Հայաստանի Հանրապետութեան գործող խորհրդանշանները` օրհներգը, դրօշն ու զինանշանը սկսել են գործածուել 1918-1920 թթ. ՀՀ Առաջին Հանրապետութեան շրջանից: Ինչպէս գրում է ՀՀ Առաջին Հանրապետութեան կենսագիրներից Սիմոն Վրացեանը, դրանցից երկու խորհրդանշանները` զինանշանն ու դրօշը, ընդունուել են ՀՀ կառավարութեան որոշումներով, որոնց վերջնական հաստատումը յետաձգուել է մինչեւ ակնկալուող, բայց այդպէս էլ չկայացած Սահմանադիր ժողովի գումարումը:  Այնպիսի պայմաններում, երբ ՙպատմական կամ գեղագիտական ուսումնասիրութիւն անելու ժամանակ չկար՚: ՀՀ Եռագոյն դրօշը հաստատուել է 1918թ. Յուլիսի վերջին, առաջին արտասահմանեան պատուիրակութեան` Գերմանական կայսրութեան ներկայացուցչի Երեւան այցելութեան նախօրէին: Զինանշանը հաստատուեց գրեթէ երկու տարի անց` 1920թ. Յուլիսի սկզբներին:

 

Նկատենք, որ հայոց եռագոյնի` դրօշի մասին յստակ տեղեկութիւններ բացակայում են: Յայտնի է միայն(1), որ 1885 թ. մայիսին, երբ համընդհանուր մթնոլորտի ազդեցութեամբ եւ միւս ազգերի ուսանողներից հետ չմնալու նպատակով Փարիզի հայ ուսանողներն էլ են որոշում մասնակցել Վիքթոր Հիւկոյի(2) թաղմանը: Հայ ժողովրդի անունից պաշտօնական արարողութեանը մասնակցութիւն բերելու համար պահանջւում էր հայկական դրօշով ներկայանալ: Սակայն ինչպիսին պիտի լինէր այդ դրօշակը: Նրանք որպէս ժամանակի նշանաւոր հայագէտի, հեռագրով հարցնում են Վենետիկ` հայր Ղեւոնդ Ալիշանին: Վերջինս պատասխանում է, թէ հայոց դրօշակը եղել է կարմիր, կանաչ եւ սպիտակ գոյներով: Այսպիսի դրօշակով էլ հայ ուսանողները մասնակցում են մեծն Հիւկոյի թաղմանը, մասն կազմելով երկու միլիոնանոց թափօրին:

 

Յետագայում, 1892 թ. արդէն հնչակեան նշանաւոր գործիչ դարձած Ռուբէն Խանազատը Վենետիկ այցելելու ժամանակ անցնում է Մխիթարեանների սուրբ Ղազար վանքը, հանդիպում Ալիշանին եւ հարցնում նրան դրօշակի ծագման, ինչպէս նաեւ գոյների մասին: Վերջինս մեղմ ժպտալով պատասխանում է. ՙԳիտէք պատմական ոչ մի աղբիւրէ քաղած չեմ հայկական դրօշակի մասին հեռագրածս: Ի նկատի ունենալով, որ հայերս զատկուան առաջին Կիրակին Կարմիր Կիրակի կþանուանէին, իսկ երկրորդը` Կանաչ Կիրակի, մտածել եմ, որ հայկական դրօշակն ալ այդ գոյներով ու դասաւորութեամբ ըլլալու էր՚(3):

 

Առաջին Հանրապետութեան շրջանում դրօշի գոյների` կարմիր, կապոյտ, նարնջագոյն, քննարկման եւ ընդունման մանրամասները մեզ չյաջողուեց ճշդել: Գիտենք միայն, որ քննարկման մասնակիցները լսել են նշանաւոր հայագէտ, բառարանագիր Ստ. Մալխասեանցի(4) զեկուցումը հայոց պատմական դրօշների եւ գոյների մասին, տեղեակ են եղել նաեւ 1896թ. յետոյ յատկապէս արեւմտահայ մտաւորականութեան շրջանում ֆրանսիական եռագոյնի կազմութեան նման տարածում գտած կարմիր-սպիտակ-կանաչ, ոչ թէ հորիզոնական, այլ ուղղահայեաց երիզներով դրօշին: Տարակարծութիւնների վերջնական լուծումն ապագային թողնելով, կառավարութիւնը հաստատել է կարմիր-կապոյտ-նարնջագոյն հորիզոնական երիզներով դրօշը: Ընդ որում, վերջին գոյնը, ըստ Ս. Վրացեանի, ՙառանձնապէս պաշտպանում էր Քաջազնունին, որ ղեկավարւում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմրի, կապոյտի եւ նարնջագոյնի ներդաշնակութիւնը դուր էր գալիս նրա ճաշակին՚(5): Ըստ նոյն հեղինակի` ՙդրօշակն իր ամբողջութեան մէջ, գոյների ընտրութիւնն ու դասաւորութիւնն աւելի շուտ արդիւնք էր քուէարկութեան պատահականութեան՚(6):

 

Հնարաւոր չեղաւ պարզել նաեւ, թէ յատկապէս ինչ տեղեկութիւններ է հաղորդել Ստ. Մալխասեանը գործադիր մարմնին, եւ ինչ չափով է նրա զեկուցումը ազդել դրօշի գոյների ընտրութեան վրայ: Դրօշի կիրառութիւնից կարճ ժամանակ անց` 1919թ. Վենետիկում լոյս տեսած Վ. Հացունու(7) ՙՀայ դրօշները պատմութէան մէջ՚ աշխատութեան վերջում հեղինակն առաջարկում է եռագոյնի հետեւեալ կազմութիւնը` ծիրանի, կարմիր, կապոյտ, ընդ որում չի նշում Հայաստանի Հանրապետութեան արդէն ընդունուած դրօշին իր առաջարկութեան որեւէ առնչութիւն, թէեւ նշուած գոյները, բացառութեամբ ՙծիրանի՚ (purple, porphyros) - ՙնարնջագոյն՚ (orange) համընկնում էին Հայաստանի Հանրապետութեան արդէն կիրառութիւն գտած դրօշի գոյներին: Հացունին մշակութաբան Արտակ Դաբաղեանի ասելով իր գոյները ներկայացնում է որպէս պատմական հայկական դրօշապաստառների առաւել տարածուած գոյներ` բերելով նաեւ Աքեմենեան դարաշրջանից մինչեւ ուշ բիւզանդական շրջանը ներառող մատենագրական եւ պատկերագրական փաստարկումներ հայերին հարեւան ժողովուրդների դրօշների գոյների եւ ձեւերի մասին(8):

 

 

Քանի որ ժամանակը շատ սուղ էր եւ երկար քննարկելու հնարաւորութիւն չկար, դրօշի գոյների եւ կառուցուածքի վերաբերեալ հապճեպ որոշումն անդրադարձաւ դրա յետագայ կիրառութեանը գունաւոր երիզների վերից վար դասաւորութեան, ինչպէս նաեւ ՙնարնջագոյն՚ կոչուող գոյնի առումով: Բաւական է նշել, որ նոյն Ս. Վրացեանը դրօշի այս գոյնն անուանում է ոչ միայն ՙնարնջագոյն՚, այլեւ ՙոսկի՚, ինչը բոլորովին այլ հերալդիկ գոյն է` ՙaureus՚ կամ դեղին: Օրինակ` 1918-1920թթ. միջեւ Նիւ Եորքում թողարկուած մի կրծքանշանի վրայ այս դեղին կամ ոսկի երիզը երկրորդն է, իսկ կապոյտը` երրորդը կամ ստորինը: Ինքնըստինքեան հասկանալի է, որ այս շփոթութիւնները դրօշի կազմութեան ձեւի, չափերի եւ գունային հերթականութեան կանոնակարգուած չլինելու եւ հայոց Առաջին հանրապետութեան կարճատեւ գոյութեան հետեւանք էին:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան զինանշանին, ապա նշենք, որ դրա վերաբերեալ առկայ են տարաբնոյթ յայտնի փաստեր եւ վկայութիւններ: Դրանց թուաքանակի մեծ լինելն էլ ինքնին վկայում է եղած մեծաթիւ տարակարծութիւնների մասին: Իսկ դրանց պատճառն այն է, որ զինանշանը խիստ բարդ կառուցուածք ունի, պարունակում է բազմաթիւ ՙյղումներ՚ ու առնչութիւններ պատմական անցեալին ու տարբեր դարաշրջանների հայոց նշանների եւ զինանշանների դեռեւս չլուծուած հարցերին: Զինանշանի մաս կազմող պատկերների պատմականութեան խնդիրների, դրանց ծագումնաբանութեան եւ պատկանելիութեան մասին կը խօսենք մէկ այլ առիթով, քանի որ այն շատ տարողունակ թեմա է:

 

Այստեղ միայն ներկայացնենք դրա ընդհանուր կառուցուածքի եւ առանձին տարրերի ձեւաւորման ընթացքը XVIII-XX դդ.: Նշենք նաեւ այն փոփոխութիւնները, որոնք նկատելի են 1920թ. ընդունուած եւ կիրառուած եւ 1992թ. ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից ընդունուած զինանշանների միջեւ: Նկատենք, որ ինչպէս առաջինը, այնպէս էլ երկրորդը չունեն պաշտօնական մանրամասն նկարագրութիւն, հիմնաւորում կամ կանոնադրութիւն, ինչպէս դա ընդունուած է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդ պատճառով էլ մեր համեմատութեան համար հիմք է հանդիսացել առանց գոյների հաշուառման դրանց առաւել տարածուած գծագրային տարբերակները:

 

Ս. Վրացեանի ներկայացմամբ 1920թ. Յուլիսին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանեանի կազմած եւ նկարիչ Յակոբ Կոճոյեանի գծած Հայաստանի պետական զինանշանի նախագիծը ունեցել է հետեւեալ տեսքը. ՙԶինանշանի կեդրոնում կար վահանաձեւ մի տարածութիւն` բաժանուած չորս մասի. իւրաքանչիւր մասում տեղաւորուած էր հին Հայաստանի չորս անկախ շրջաններից մէկի զինանշանը` Արտաշէսեան, Արշակունեաց, Բագրատունեաց, Ռուբինեան: Մէջտեղը դրուած էին մեծ ու փոքր Մասիսները եւ նրանց վերեւ` ՙՀՀ՚ տառերը: Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիւ ու մի առիւծ, իսկ ներքեւը` սուր, գրիչ, հասկեր եւ շղթայ՚: Իսկ 1995թ. Յուլիսի 5-ին ընդունւած Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 13 յօդուածի համաձայն. ՙՀայաստանի Հանրապետութեան զինանշանն է. կեդրոնում, վահանի վրայ պատկերուած են Արարատ լեռը` Նոյեան տապանով, եւ պատմական Հայաստանի չորս թագաւորութիւնների զինանշանները: Վահանը պահում են արծիւը եւ առիւծը, իսկ վահանից ներքեւ պատկերուած են սուր, ճիւղ, հասկերի խուրձ, շղթայ եւ ժապաւէն՚:

 

Երբ համեմատում ենք Առաջին եւ Երրորդ հանրապետութիւնների զինանշանները, ապա տեսանելի է դառնում, որ թէ՛ դրանց բառային նկարագրութիւնների, եւ թէ պատկերագրական ընդունուած տարբերակների միջեւ նկատելի են որոշ տարբերութիւններ: Ժամանակակից զինանշանն իր նախորդից տարբերւում է ընդհանուր ոճաւորմամբ, որը միտուած է որոշ չափով մեղմելու 1920թ.-ի զինանշանի ՙգիշատիչ՚ բնոյթը: Ընդ որում այդ փոփոխութիւնն արտայայտուած է կեդրոնական վահանը պահող աջ արծուի եւ ձախ առիւծի կեցուածքի փոփոխութեամբ` ՙկատաղի՚-ից դէպի հանդիսաւորը. հերալդիկայում լեզուն դուրս հանած գիշատիչները անուանւում են կատաղի՚: Կարծում ենք, որ այս տարբերութիւնը պատահաբար չի արուել եւ, անկասկած, այն բովանդակային նշանակութիւն ունի: Սակայն նկատենք նաեւ, այդ ՙմեղմացումն՚ այնքան մեծ չափաբաժնով է արուել, որ թէ՛ արծիւը, թէ՛ առիւծը գիշատիչից ու հզօր պաշտպաններից վերածուել են կենդանաբանական այգիներում պահուող դրանց խեղճ ու անճար ՙջերմոցային՚ տեսակների:

 

Երկու հանրապետութիւնների զինանշանների առաւել կայուն հատուածը զինանշանի հիմնական գաղափարական բովանդակութիւնն արտայայտող կենտրոնական վահանն է: Դրանում ի մի բերուած հայոց պատմական արքայատոհմերի խորհրդանշաններն արտայայտում են պետականութեան շարունակականութիւնը հերթական` հինգերորդ պետութեան զինանշանում: Չորս վահանամասերում հայոց նախորդ արքայատոհմերին վերաբերող կենդանապատկերների ուղղահայեաց դիրքի փոխարինումը անկիւնագծային տեղադրութեամբ չունի որեւէ իմաստային նշանակութիւն եւ ընդամէնը ժամանակակից զինանշանի ոճաւորման արդիւնք է: Վահանից ներքեւ գտնուող պատկերներից մէկը բառային նկարագրութիւնում անուանւում է ՙգրիչ՚, իսկ երկրորդում` ՙճիւղ՚: Վերջինում նաեւ լրացուել է ստորին առարկաների շարքը` առաջին զինանշանի համեմատութեամբ աւելացուել է ժապաւէն` առանց որեւէ նշանաբանի:

 

Վահանի կեդրոնական հատուածում` երկգագաթ Արարատ լեռան վրայ առաջին զինանշանի ՙՀՀ՚ գրութիւնը երկրորդում փոխատեղուել է Նոյեան տապանով: Ընդ որում դա արուած է համաչափութեան նորմերի զգալի խախտումներով: Նախ` առաջին հայեացքից այն տպաւորութիւնն է ստացւում, որ տապանը Մասիսից կարծես մեծ լինի: Աւելին, մի տեսակ կարծես նրա ծանրութիւնից լեռը կքած ու կաշկանդուած վիճակում է յայտնուել:

Աւելացնենք, որ նկատուած փոփոխութիւնները սերտ առնչութիւններ ունեն նախորդող շրջանի հայերին առնչուող պատկերագրութեան եւ հերալդիկայի հետ եւ զինանշանի կառուցուածքը եւ դրա տարրերի ընտրութիւնը միայն հեղինակների գեղագիտական ճաշակի արդիւնք չեն, այլ անմիջական շարունակութիւն են նախորդ դարերի եւ յատկապէս XIXդ. երկրորդ կէսի հայոց պատմութեան հետ: Մասնաւորապէս այն նման է Ռուսական կայսրութեան դասական հերալդիկ վահանին, որը յայտնի է նաեւ ՙֆրանսիական՚ անունով եւ որի կիրառութիւնը XIXդ. տարածուած էր յատկապէս Ռուսական կայսրութեան տարածքում: XIXդ կէսերից Հարաւային Կովկասի երկրամասերի եւ քաղաքների համար հաստատուած զինանշանների մեծամասնութիւնն ունեն նոյնպիսի վահաններ: Դրանց մեծ մասն ի դէպ նմանութիւն ունեն 1840 թ. լուծարուած Հայկական մարզի զինանշանի հետ (դրա պատկերը յայտնաբերելու փորձերը մերօրեայ լաւագոյն հետազօտող Արտակ Դաբաղեանի վկայութեամբ, առայժմ չեն յաջողուել): Պահպանուել է միայն դրա նկարագրութիւնը, որը եւ այսօր գործածուող զինանշաններն իրենց ընդհանուր ուրուագծերով, բաւականին նմանութիւններ ունեն: Այնպէս որ, Արարատ լերան (թէեւ միագագաթ) եւ Նոյեան տապանի պատկերով այդ զինանշանը կարելի է դիտարկել որպէս Հայաստանի Հանրապետութեան զինանշանի հնագոյն հերալդիկ նախորդը:

 

Երրորդ Հանրապետութեան գոյութեան տարիներին երբեմն-երբեմն բանավէճեր են ծաւալւում Հայկական պետականութեան խորհրդանշանների վերաբերեալ, կատարուել (համոզուած եմ, որ էլի են լինելու) են մեծաքանակ առաջարկութիւններ: Վերջերս նկարիչ-ճարտարապետների կողմից հրապարակուեցին յօդուածներ, եղան ելոյթներ, որոնցում մասնագիտական տեսանկիւնից քննադատւում էին զինանշանի ու դրօշի հետ կապուած թերացումները եւ արուեցին խելացի, կառուցողական առաջարկներ: Այսօր էլ նոյնատեսակ բանավէճ-քննարկումներ են սկսւում օրհներգի վերաբերեալ: Յուսանք, որ դրանցում եւս առողջ ու կառուցողական առաջարկներ կը լինեն. թողնենք դա բնագաւառի մասնագէտների խղճին:

 

Աւարտելով կþուզենայի նշել.

ա/ մեր պետական բոլոր խորհրդանշանները ազգային արժէքներ են եւ որեւէ քաղաքական կամ այլ տեսակի ուժի սեփականութիւնը լինել չեն կարող,

բ/ նպատակայարմար կը լինի ստեղծել մասնագէտներից կազմուած մի յանձնախումբ, որի եզրահանգման հիման վրայ ստեղծուի կամ խմբագրուի այդ խորհրդանշանների վերջնական տարբերակները,

գ/ համապատասխան օրէնսդրական ակտում յստակ վաւերացուեն դրանց ինչպէս արտաքին նկարագրութիւնը, այնպէս էլ չափերն ու գոյները եւ այլ պարամետրեր, որպէսզի բացառուեն բոլոր կամայական դրսեւորումները դրանց նկատմամբ:

Երեւան

Սուրէն Թ. Սարգսեան

Պատմական Գիտութիւնների Դոկտոր



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ