Հունվար 23, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Եվրոպա, Հայաստան
15.09.2017 | 12:00

Մխիթարյան միաբանությունը մեզ համար պատուհան է դեպի Եվրոպա. Վարդան Դևրիկյան

«Մխիթարյան միաբանության դասական շրջանը կարելի է համարել հիմնադրման շրջանից մինչև 1901թ., երբ մեծ շուքով նշվեց միաբանության հիմնադրման 200-ամյակը, և նույն տարում 2 խորհրդանշական իրադարձությոն տեղի ունեցավ. վախճանվեց հայր Ղևոնդ Ալիշանը՝ Մխիթարյան երազի ու ըմբռնումների մարմնավորումը, և հայր Բարսեղ Սարգսյանը գրեց Մխիթարյանների 200-ամյա պատմությունը՝ իմաստավորելով նրանց անցած ուղին»,-«Հայ ձայնի» հետ զրույցում ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը:

 

Վերջինիս դիտարկմամբ, նշված 200 տարիները հայագիտության համար բացառիկ տարիներ են եղել, քանի որ Մխիթարյաններն այդ ընթացքում տպագրել են հայ հին գրականության հուշարձանները, հայ գրականությունը ենթարկել են որոշակի պարբերացման, ինչին զուգահեռ հայ բանաստեղծության մեջ էլ նշանակալի բարձունքներ են նվաճել. Թե՛ հայ կլասիցիստական, թե՛ հայ ռոմանտիկական բանաստեղծությունը իրենց բարձրակետին հասան Մխիթարյանների շնորհիվ. հայկական կլասիցիզմի անգերազանցելի ստեղծագործությունը դարձավ Արսեն Բագրատունու «Հայկ դյուցազն» պոեմը, իսկ հայկական ռոմանտիզմինը՝ Ալիշանի «Նահապետի երգերը»: «Մխիթարյանների՝ հայ ժողովրդին մատուցած կարևորագույն ծառայություններից է նաև եվրոպական գիտության ու համաշխարհային գրականության նվաճումները, որ թարգմանեցին ու ներկայացրեցին հայ ժողովրդին, ինչպես Տասոյի, Միլտոնի, Բայրոնի աշխատանքները, ինչպես նաև հայ ժողովրդի մշակութային նվաճումները ներկայացրին աշխարհին՝ տպագրելով այն գործերը, որոնց բնագրերը չէին պահպանվել այլ լեզուներով՝ լատիներեն ու հունարեն: Մխիթարյանները դրանք գրաբարով տպագրեցին և՝ լատիներեն ու հունարեն թարգմանությամբ:

 

Այսպիսով, Մխիթարյաննեը դարձան հայ մշակույթի դեսպանները Եվրոպայում: Իսկ այսօր մենք Մխիթարյաններից ունենք 2 ակնկալիք. անկորուստ պահպանել դարերի ընթացքում կուտակված ժառանգությունը, որը հավաքված է Մխիթարյանների մոտ՝ նախևառաջ ձեռագրերը, որոնք ընտրողաբար վերցվել են Հայաստանի վանքերից ու կենտրոնացվել Վենետիկում, բարձրարվեստ մանրանկարչությամբ գրքերը և այլն, ինչպես նաև ակնկալիք ունենք, որ մեր մշակույթի մանրակերտը հանդիսացող միաբանությունը շարունակի օտարներին ներկայացնել հայ մշակույթի նվաճումները»,- նշեց Դևրիկյանը՝ հավելելով, որ Կիպրոսի Մելքոնյան վարժարանի փակվելուց հետո Եվրոպայում Մխիթարյան միաբանությունն է հայկականության հարթակը, որը պետք է պահել ու գուրգուրել, քանի որ այն մեզ համար պատուհան է դեպի Եվրոպա:

 

Ըստ Դևրիկյանի՝ միաբանությունը շտապ օգնություն կարող է լինել հայ ժողովրդի համար մշակույթի, գիտության բագավառներում արտերկրում ներկայանալու տեսանկյունից, քանի որ միաբանությունը հսկայական ժառանգություն է ամբարել 300-ամյա գործունեության ընթացքում: Մեր զրուցակցի խոսքով, Մխիթարյանների ավանդույթները ցայսօր շարունակվում են և դրա ապացույցն է «Բազմավեպի»՝ ամենահին պարբերականներից մեկի մինչև հիմա լույս ընծայվելը, որը ողջ Իտալիայում 4-րդ ամսագիրն է:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /