• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք
15.09.2017 | 13:00

Եթե ընտրություն լինի Արամ Աթեշյանի եւ Սահակ Մաշալյանի միջեւ, ես գերադասում եմ, որ Արամ Աթեշյանը մնա. Պոլսահայ ակտիվիստ

Պոլսո պատրիրարքական ընտրությունների գործընթացը վերջին շրջանում կարծես դուրս էր եկել փակուղուց, եւ Գարեգին արք. Բեքչյանի՝ տեղապահ ընտրվելուց հետո այդ առումով աշխատանքային աշխուժություն էր նկատվում: Սակայն օրերս գործընթացը կարծես նորից փակուղու մեջ հայտնվելու վտանգի առջեւ է կանգնել: Պատրիարքարանում որոշ մտահոգություններ կան, մասնավորապես այն, որ թուրքական իշխանությունները մինչեւ օրս չեն պատասխանել ընտրություն անցկացնելու մասին պատրիարքարանի ուղարկած նամակին, չնայած ժամանակ դեռ կա, եւ պատասխանը հոկտեմբերի սկզբին է ակնկալվում, բայց ինչպես նշում են պատրիարքարանին մոտ կանգնած աղբյուրները, նամակին պատասխանելու կամ արձագանքելու ոչ մի նշան մինչեւ այժմ չկա: Խոսակցություններ կան, որ ընտրության անցկացման համար ստեղծված նախաձեռնակ մարմինը հնարավոր է լուծարվի, քանի որ պետությունը նրա որոշ անդամների հանդեպ անվստահություն ունի:

 

Քննարկումներն ավելի թեժ են տեղում՝ Պոլսում: Ինչպես «Հայ Ձայն»ին հայտնեց պոլսահայ ակտիվիստ Գայուշ Չալըքման-Գավրիլովը, պատրիարքարանի շուրջ ստեղծված անորոշությանը նպաստում է նաեւ այն, որ ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանն անվերջ ճամբորդությունների մեջ է, ինչը առիթ է ստեղծում, որ պատրիարքարանի ղեկավարությունը նրա խոսքերով, «անցնի շատ վտանգավոր մարդու ձեռքը»: Ըստ մեր զրուցակցի, տեղապահի բացակայելը, դրսի ունեցած հանդիպումներով, գործերով զբաղվելը գուցե ինչ-որ արդեն պլանավորած, լուռ համաձայնեցված ծրագրի է տանում, որից պոլսահայերը տեղյակ չեն: «Յոթ ամիս է դրսերում հանդիպումների մեջ է տեղապահը: Այդ ի՞նչ կարեւոր հանդիպումներ են, չվերջացա՞ն…»,-մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը՝ Պոլսից:

 

Մեր այն հարցին, թե ո՞ւմ նկատի ունի վտանգավոր մարդ ասելով, Գայուշ Չալըքման-Գավրիլովը մատնանշեց Պոլսո պատրիարքի թեկնածուներից Սահակ եպս. Մաշալյանին, նշելով, որ շատերը Արամ արք. Աթեշյանից են դժգոհում, բայց անձամբ ինքը եւ նաեւ այլ մարդիկ դժգոհություններ ունեն Սահակ Մաշալյանից: «Եվ եթե ընտրություն լինի Արամ Աթեշյանի եւ Սահակ Մաշալյանի միջեւ, ես գերադասում եմ, որ Արամ Աթեշյանը մնա: Ես Մաշալյանի հանդեպ մեծ կասկածներ ունեմ: Ասում են Աթեշյանը պետության մարդն է, բայց ես կասեի Մաշալյանն է պետության մարդը»,-անկեղծացավ Գայուշ Չալըքման-Գավրիլովը:

 

Մեր զրուցակիցը ստեղծված կացության հարցում մեղադրանքներ ուղղեց նաեւ պոլսահայ մեծավորներին, որոնք ներգրավված են գործընթացում, նշելով, որ նրանք էլ իրենց քայլերով ոչ բարենպաստ միջավայր են ստեղծել ընտրությունների համար, քայլեր են արել, որի «տակից չեն կարողանում դուրս գալ»:

 

Պոլսահայ ակտիվիստը հույս հայտնեց, որ օր առաջ այս իրավիճակը լուծում կգտնի, եւ Պոլսո պատրիարքանում ընտրություն տեղի ունենա, ժողովուրդն էլ հանդարտվի:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ