• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
19.09.2017 | 17:35

ՌԱԿ պատմության հետքերով. Հայոց Ազգային Խորհուրդ (Մաս Դ)

Արեւելահայ Ազգային Խորհուրդը ստեղծվել է 1917 թվականին՝ Թիֆլիսում, 1917 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը տեղի ունեցած Հայ Ազգային Համագումարի ընթացքում: Հայ Ազգային Խորհրդի (ՀԱԽ) ստեղծման նախապատրաստական աշխատանքները դեռեւս 1916 թվականին էին սկսվել, երբ մի շարք կուսակցություններ եւ հոսանքներ հանդես էին եկել հայ հասարակական բոլոր հոսանքները ներկայացնող մեկ մարմին ստեղծելու նախաձեռնությամբ:

 

Ռուսաստանում 1917 թվականի Փետրվարյան Հեղափոխության հաղթանակից հետո հայ հասարակական-քաղաքական շրջանակները, որոնք շահագրգռված էին պատերազմը շարունակելով եւ գնում էին մինչեւ նոր հաղթական ավարտը՝ հանուն Արեւմտյան Հայաստանի ազատագրման սպասողական դիրք բռնեցին:

 

Երբ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության արտաքին քաղաքական ուղղությունը հստակեցվեց, մեր ազգային կուսակցությունները համազգային մեկ մարմին ստեղծելու նպատակով վերսկսեցին իրենց աշխատանքը:

 

Խորհրդակցության հրավիրվեցին եւ ընտրվեց Հայ Ազգային Խորհուրդ, որը հաջորդեց Ազգային Բյուրոյին եւ համաձայնվեց աջակցել Ժամանակավոր կառավարությանը: ՀԱԽ-ը կազմված էր 15 անդամից, որի մեջ 6 դաշնակցական կար՝ (Ա. Ահարոնյան՝ նախագահ, Ս. Գյուլխանդյան, Ռ. Տեր-Մինասյան, Խ. Կարճիկյան, Ն. Աղբալյան, Կ.Ղազարյան), 2 սոցիալիստ-հեղափոխական կամ էսեռ (Հ. Տեր-Օհանյան, Լ. Աթաբեկյան), 1 հնչակյան (Ղ. Տեր-Ղազարյան), 1 մենշեւիկ՝ (Ա. Երզնկյան), 2 ներկայացուցիչ Հայ Ժողովրդական Կուսակցությունից (Ս. Հարությունյան, Հ. Այվազյան) եւ 3 անկուսակցական (Տ. Բեկզադյան, Ս. Մամիկոնյան, Պ. Զաքարյան):

1917 թվականի նոյեմբերի 1-ին հրապարակված ՀԱԽ-ի անդրանիկ կոչում նշվում էր. «Ազգային խորհուրդը ստանձնում է ազգային բոլոր գործերի գերագույն ղեկավարությունը, որպես գործադիր մարմին»:

 

ՀԱԽ-ի որոշմամբ 1917-ի նոյեմբերին ստեղծվում է Արեւելահայ Զորաբանակը՝

(Հայկական կորպուս), զորավար Թ. Նազարբեկովի (Նազարբեկյան) հրամանատարությամբ՝ կովկասյան ճակատը լքած ռուսական բանակին փոխարինելու համար:

ՀԱԽ-ը զգալի դեր խաղաց հայ ժողովրդի գոյապահպանման, թուրքական սպառնալիքի դեմ ազգային-ազատագրական շարժման կազմակերպման եւ հայ ժողովրդի համախմբման աշխատանքներում: Անդրկովկասում ազգային հանրապետությունների կազմավորումից հետո 1918-ի մայիսի 28-ին ՀԱԽ-ը հռչակեց Հայաստանի անկախությունը եւ ինքն իրեն հայտարարեց Հայաստանի հանրապետության գերագույն եւ միակ իշխանություն՝ ստանձնելով կառավարական բոլոր պաշտոնները՝ հայկական գավառների քաղաքական եւ վարչական ղեկը վարելու համար:

 

ՀԱԽ-ը հայտնի է նաեւ Թիֆիլսի ՀԱԽ անվանումով. այդ անվանումը տրվել է, որպեսզի այն տարբերակեն Երեւանում 1918-ին ստեղծված ՀԱԽ-ից, որը ղեկավարում էր Արամ Մանուկյանը:

Ազգային Խորհուրդներ էին գործում նաեւ Անդրկովկասի գրեթե բոլոր հայաշատ քաղաքներում՝ Բաքվում, Ալեքսանդրապոլում, Նախիջեւանում, Շուշիում, Կարսում, Սարիղամիշում:

Հայաստանի հանրապետության կառավարության ստեղծմամբ (1918-1920) ՀԱԽ-ը դադարել է գործել:

 

 

Աղբյուր՝  Հակոբ Վարդիվառյանի աշխատություններ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas