• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 20, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
20.09.2017 | 21:49

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի: Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, կոնգրեսականներ Ջեյմս Սենսենբրեները, Ջեքի Սփիերը, Աննա Էշուն, Թալսի Գաբարդը:

 

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց ԱՄՆ կոնգրեսականների Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով նման այցերը` Հայաստանի և Արցախի ժողովրդի խնդիրներին ու կարիքներին անձնապես հաղորդ դառնալու առումով: Այս իմաստով Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի կարևոր դերակատարությանը հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացման և զարգացման գործում:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ի դեմս կոնգրեսականների իր գնահատանքը փոխանցեց ԱՄՆ իշխանություններին, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ ներդրվող հետևողական ջանքերի համար:

 

Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը կոնգրեսականներին տեղեկացրեց սեպտեմբերի 8-ին Մոսկվայում միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի տեղի ունեցած Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի և իր հանդիպման և դրա արդյունքների մասին:

 

Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Միջին Արևելքի երկրներում տիրող ծանր պատերազմական իրավիճակին` մասնավորապես խոսելով դրա հետևանքով քրիստոնեական փոքրամասնությունների կրած դժվարությունների և նեղությունների մասին: Հայոց Հայրապետն իր մտահոգությունը փոխանցեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչներին տարածաշրջանում քրիստոնեական համայնքների կտրուկ նվազման կապակցությամբ, ինչպես նաև անդրադարձավ անհրաժեշտությանը շարունակական աջակցություն ցուցաբերել պատերազմական պայմաններում իրենց բնակավայրերը թողած փախստականներին:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, անդրադառնալով Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացին, կարևորեց այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը` պատմական արդարության վերականգնումով մարդկային կյանքում այսուհետ նմանօրինակ ողբերգությունների կանխարգելման առումով:

 

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas