• USD 481.93
  • GBP 633.83
  • EUR 569.16
  • RUB 8.37
  • GEL 193.94
Հոկտեմբեր 23, 2017
Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Հայաստան
21.09.2017 | 14:08

Բազմաթիվ քննություններ հանձնեցինք, բայց ամենակարևոր քննությունը եղավ անկախությունը. Մերի Մուսինյան

Սպիտակ թղթի առջև ամեն րոպե կարելի է կաթվածահար լինել,-ասում է Հրանտ Մաթևոսյանը: Ինձ թվում է, արդեն 26 տարի մենք ազգովի անկախությունը զգում ենք հենց այնպես, ինչպես Մաթևոսյանը զգացել ու ապրել է այդ վայրկյանը՝ ստեղծագործության ճերմակ անեզրության առաջ մտորելիս:

 

Երկու տասնամյակից մի քիչ ավելի մենք մեր փոքրիկ երկրի համար բոլորով գրում ենք մեր պետության, մեր երկրի կյանքի ամենակարևոր ստեղծագործությունը: 26 տարի առաջ կանգնել ենք այդ լույս ճառագող սպիտակ անեզրության առջև ու հաստատակամորեն ասել ենք՝ այո, կգրե՛նք, պատասխանատվությունից ու անելիքների առատությունից կաթվածահար չենք լինի, չենք հուսահատվի, չենք ընկրկի, կօգնենք իրար, կգրե՛նք: Ու երկիրն ընդունել է մեր ճերմակ երազանքը՝ անկախության պատկերով: Ու, ցավալիորեն , մեր մեջ էլի հայտնվել են ոմանք, որ իրենց ցեխոտ ձեռքերն ու կեղտոտ կոշիկները մաքրել են մեր սպիտակ երազանքով՝ թողնելով խորը մխրճված այնպիսի հետքեր, որ դրանք մաքրելու համար մեր ջանքերը երբեմն տեղի են տալիս:

 

Հաճախ եմ մտածում, այս 26 տարիները, այնուամենայնիվ, ձեռքբերումների՞, թե՞ ձախողումների տարիներ էին: Այնքան բան ենք ձախողել, որ երբեմն առանձնահատուկ ջանք է պետք ձեռք բերածը նկատելու համար: Այս տարիներին, այնքան կեղտ ու բիծ ենք թույլ տվել հայտնվելու մեր ճերմակ երազանքի վրա, ինքներս այնքան հաճախ ենք շփոթվել, իրար վնասել, ճմրթել այդ երազանքն ի վերջո, որ հիմա, երբ Սպիտակ երազանքն ուզում ես փռել երկրի մի ծայրից մյուսը, այդ երազանքի ճմրթվածությունից սիրտդ կուչ է գալիս, մեղքի զգացումը սարսափելի տանջում, անզորությունը գլուխ է բարձրացնում: Ու հասկանում ես, որ այո, Ճերմակ երազանքի առջև իսկապես հնարավոր է կաթվածահար լինել: Հնարավոր է, եթե ճիշտ պահին չսթափվես: Եթե չզգաս, որ սուսփուս, առանց ճառ ու կենացի, լոզունգի ու պաստառի պիտի կռանաս ու սկսես մաքրել այն կեղտաբծերը, որոնք հայտնվել են երկրիդ Սպիտակ երազանքի վրա: Կաթվածահար կլինես, եթե չհասկանաս, որ դու ես մաքրողը, բառիս ամենաուղիղ իմաստով նաև:

 

Մենք այսօր իրար կշնորհավորենք: Եվ, հիրավի, ամենասքանչելի տոնն է՝ մեր Անկախ պետության ծննդյան օրը: Ամենաարժանապատիվ պարգևը, որ մեր ծնողները տվել են մեզ՝ ի պահ, որ մենք խնամքով փոխանցենք մեր սերուդներին: Իմ 12 տարեկան տղային ես հաճախ եմ պատմում ոչ հեռավոր 91-ի մասին: Դպրոցի վերջին դասարանում էի, գուցե շատ բան չէի պատկերացնում, բայց իմ ծնողներին պատած երջանկության, արժանապատվության, հպարտության զգացումներով ես էլ էի համակվել ու ես, որ հետո դարձա ուսանող, 91-ին հաջորդող դժվար տարիներն հաղթահարեցի շնորհիվ ծնողներիցս ու նրանց սերնդակիցներից ստացած այդ հպարտության ու արժանապատվության զգացումների: Ես գիտեի, ու ինձ պես շատերը գիտեին, որ մենք երկիր ենք կառուցում, որ մենք մեր Սպիտակ երազանքն ենք կերտում, հատիկ-հատիկ, մաս-մաս, համբերատար, սիրով, դժվարությամբ, պատերազմով, բայց՝ երազանքը վերջապես գտածի ու կառուցողի երջանկությամբ: Բազմաթիվ քննություններ հանձնեցինք, բայց ամենակարևոր քննությունը եղավ անկախությունը:

 

Երևանի իմ բնակարանի պատուհանն ուղիղ նայում է Եռաբլուրին: Իմ սերունդը նրանց գիտի անուն առ անուն: Մենք ուսանողական նստարանին էինք, երբ նրանք կրակների մեջ էին: Ինձ թվում է, որ բացի ազատագրական պայքարից , դա ասես նաև անկախությունը հաղթանակով վերջնականապես վավերացնելու պայքար էր: Նրանք երկրի Սպիտակ երազանքն իրենց սրտում կրող մարդիկ էին: Եվ երազում էին, որ այսօր, տասնամյակներ անց, մենք նույն արժանապատվությամբ, բաց ճակատով, հպարտությամբ մեր երեխաներին փոխանցենք մեր հավաքական ամենակարևոր ստեղծագործությունը՝ Անկախությունը, որը ունի սկիզբ, բայց ոչ ավարտ, բայց որի համար ամենակարևորը՝ ընթացքն է՝ մեզանից ամեն մեկից կախված, որի գեղեցկությունը, ամրությունը, արժանապատվությունը, անբիծությունը ճիշտ այնքան է, որքան մենք ինքներս ենք հենց այդպիսին:

 

Շնորհավոր Անկախության տոն, իմ երկիր: Ես գիտեմ, որ համբերատար սպասում ես, թե երբ պիտի քո, մեր ճմրթված Ճերմակ երազանքը հարթ ու շողշողուն դառնա քո խաղաղ սահմաններով, արժանապատիվ ու երջանիկ հասարակությամբ, քո չպղծված բնությամբ, քո ինքնության վկայագրի՝ հայոց լեզվի և երկրում ապրելու ու արարելու ցանկությունը սրտներում մարդկանց շնորհիվ: Չեմ թաքցնում քեզնից, որ քեզանից եմ ուժ առնում, քո հավատի ու համբերության չափը չունեմ, ու երբեմն Ճերմակ երազանքի վրայի երևացող կեղտոտ հետքերը հուսահատություն են արթնացնում: Բայց մի բան հաստատ գիտեմ անգամ հուսահատության պահին՝ քո Ճերմակ երազանքը իմ ողնաշարն է:

Մերի Մուսինյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    30/09/2017 03:07event_type_4
    asas