• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
21.09.2017 | 16:35

Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի ունեցավ երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին նվիրված վավերագրերի և արխիվային նյութերի երկու ժողովածուների շնորհանդեսը:

Ժողովածուներն ընդգրկում են Հայաստանի Ազգային արխիվում և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության արխիվում պահվող վավերագրերն ու արխիվային նյութերը: Վավերագրերի Ա հատորը տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իսկ Բ հատորը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Մատենադարանի աշխատակիցներ, գիտնականներ և ճեմարանականներ։

Գարեգին Ա Հայրապետի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչմանը ձոնված երեկույթը սկսվեց Տերունական աղոթքով և Մայր Աթոռի Արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանի բացման խոսքով: «Բնավ պատահական չէ, այլ աստվածային նախախնամություն է, որ մերազնյա Առաջին հանրապետության ազգային հերոսներից մեկի՝ Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված պատմական կարևորություն ունեցող այս ժողովածուների լույս ընծայումն ու ներկայացումը կանխում է Սարդարապատի հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման 100-ամյա հոբելյանները: Մեր Հայրենիքը, մեր Ազգն ու մեր Եկեղեցին այսօր էլ և ցկատարած աշխարհի կարիք ունեն անձնուրաց ու անձնազոհ զավակների, պետական այրերի ու հոգևոր սպասավորների:

Ամենևին պատահական չէ, այլ Աստծո նախախնամ կամքի համաձայն է, որ մեր Սուրբ Եկեղեցու շնորհազարդ գահակալներից Տ. Տ. Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսի այս վավերագրական ժառանգությունը հրատարակվում է համաժամանակ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Կիլիկիո կաթողիկոսության նստավայր Անթիլիասում», - նշեց Ասողիկ քահանան իր խոսքում։

Այնուհետև շնորհանդեսի մասնակիցները դիտեցին Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված ֆիլմը, որից հետո ժողովածուների բովանդակությանը և կատարված աշխատանքին անդրադարձ կատարեց Հայաստանի ազգային արխիվի

աշխատակից, պատմ. գիտ. թեկ. Գոհար Ավագյանը, ում ազնիվ աշխատասիրությամբ պատրաստվել են ներկայացված արժեքավոր հրատարակությունները:

Այս առիթով խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ հանգամանորեն անդրադառնալով Հովսեփյան Կաթողիկոսի լուսավոր կերպարին, ժամանակի դժվարին պատմական հանգամանքներում նրա նվիրյալ գործունեությանը և ազգին ու Հայոց Եկեղեցուն մատուցած անգնահատելի ծառայությանը։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ղազարյանն իր հերթին խոսեց Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի գիտական վաստակի մասին:

Հանդիսությանը Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ հնչեցին հոգևոր երգեր, հայ և օտար կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Վերջում Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի մեծ վաստակի և հիշատակի առջև իր խոնարհումն արտահայտեց Նորին Սրբություն Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։ «Պատմության մեջ մեծություններ կան, որոնք լույս են դառնում, լույս են մնում պատմության հուշերի դիմաց: Պատմության մեջ մեծություններ կան, որոնք իրենց հոգեմտավոր ստեղծագործությամբ վեր են պատմության հոգուց: Այսպիսին եղավ և այսպիսին մնաց Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսը։

Հայ լեզվի բազմաշնորհ, բազմավաստակ բառերը տկար են նկարագրելու Գարեգին Հովսեփյանց Կաթողիկոսի կյանքը և հոգեմտավոր վաստակը Սուրբ Էջմիածնից սկսյալ մինչև Ռուսաստան, Թիֆլիս, Ամերիկա և Անթիլիաս: Հարուստ կյանք ունեցավ և իր կյանքով ու վաստակով հարստացրեց մեր Եկեղեցու ու ժողովրդի կյանքը: Հայաստանն ապրեց նաև Հայաստանից դուրս: Հայաստանն իր հետ տարավ, ուր որ գնաց. Հայաստանն իր ոգիով, իր տագնապներով, իր տեսիլքով, Հայաստանն իր դարերով, իր քարերով, ձեռագրերով, մանրանկարներով: Ճանաչեց, ուսումնասիրեց և ապրեց նրանով, ինչ որ ուսումնասիրեց։

․․․Պաշտամունքի հասնող սեր ունեցավ հայ մշակույթի նկատմամբ, մեր Եկեղեցու աստվածաբանությունը, հավատքը, ծեսը, մեր ողջ պատմությունը դիտեց և արժևորեց հայ մշակույթի լույսի տակ, որովհետև տեսավ, վերլուծեց, որ մեր ժողովրդի կյանքում Հայաստանը, հայրենիքը, մշակույթը, հավատքը, եկեղեցին սերտորեն ընդելուզված են իրար հետ» , - ընդգծեց Արամ Ա Կաթողիկոսը՝ խոսելով նվիրյալ հովիվ, հանձնառու ուսուցիչ, հայրենասեր, մտավորական և գիտնական բազմաշնորհ Գարեգին Ա Հայրապետի մասին։

 

Արամ Ա Կաթողիկոսը նաև անդրադարձավ Գարեգին Ա Հովսեփյանի հայրապետության տարիներին, հավատքով ու հանձնառությամբ հայրենիքին ու ժողովրդին այդ հանգամանքի մեջ ծառայելու մղումին՝ շեշտելով․ «Գարեգին Հովսեփյանց եղավ, մնաց ու կմնա մեծություն, Հայ Եկեղեցու ճառագայթող մեծություններից մեկը»։

Վավերագրերի շնորհանդեսն ամփոփվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով։ Հայրապետական սիրով ողջունելով հանդիսությանը մասնակից հոգևոր դասին և հավատավոր հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Մեր Սուրբ Եկեղեցին, որ դարերի հոլովույթում հաճախ է դիմագրավել նեղությունների, գործել պատմական ու քաղաքական դժվարին պայմաններում, շնորհիվ առաքինազարդ Հայրապետների՝ փառքով է վերհառնել փորձություններից ու շարունակել տերունապատվեր իր առաքելությունը: Ահա այսպիսի մեծանուն Կաթողիկոսներից է Գարեգին Ա Հովսեփյանը, ում անունն արձանագրված է մեր նոր ժամանակների պատմության կարևոր իրադարձությունների բարձրակետում:

«Այր՝ լի շնորհօք եւ զօրութեամբ» (Գործք Զ 8): Նոր Կտակարանի այս խոսքերը ճշմարտապես բնորոշում են Գարեգին Հովսեփյան Կաթողիկոսին: Նա Քրիստոսի հավատարիմ ու քաջ զինվոր էր հոգևոր անդաստանում, միության ջատագովն ու իրագործողն էր ներեկեղեցական ասպարեզում, փայլուն միտք էր գիտական աշխարհում, ոգի ու սխրանք էր մարտի դաշտում, մեծ հայ և ականավոր գործիչ ազգային կյանքում: Նա իր հովվական ու առաջնորդական գործունեության բոլոր տարիներին հայրական խնամքով, սիրով ու հոգատարությամբ հովվեց մեր ժողովրդի զավակներին, պայծառացրեց հավատքը, հավելեց ազգասիրությունն ու հայրենանվիրումը: Տիրոջ անձնվեր սպասավորի առաջնորդության ներքո վերելք ու զարթոնք ապրեց ազգային-եկեղեցական կյանքը Ղրիմի և Նոր Նախիջևանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հայոց թեմերի:

Մեր ժողովրդի համար օրհասական պահին Քրիստոսի նվիրյալ սպասավորը դարձավ ազգի ու հայրենյաց պաշտպանության զինվոր, «հովիւ քաջ, որ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ. Ժ 11): Սարդարապատում նա հառնեց որպես նոր Ղևոնդ Երեց և մահապարտների գնդի ու հայոց աշխարհազորի հետ իր ավանդը բերեց հայրենիքի պաշտպանության նվիրական գործին և հաղթանակի կերտմանը, որը դարձավ հիմքը մեր անկախ պետականության հաստատման:

 

Երջանկահիշատակ Գարեգին Հովսեփյանը առաքելության ծանրաբեռն վաստակով ընտրվեց Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս, և ինչպես վկայեց Մեր հոգևոր եղբայր Արամ Ա Կաթողիկոսը, առավել շենացրեց Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, նվիրական տեսլականներ կյանքի կոչեց, եկեղեցանպաստ ու ազգօգուտ ծրագրեր իրագործեց: Նա նորովի ցոլացրեց Լուսավորչի տեսիլքի լույսը Անթիլիասում, միաբանության լույսը՝ տարաձայնությունները հարթելու, երկպառակության տանող ընթացքները կանխելու, մեր Սուրբ Եկեղեցու և ազգի միասնությունը հաստատուն պահելու: Եվ խորհրդանշական է, որ այսօր Գարեգին Ա Հովսեփյանի վավերագրերի ու արխիվային նյութերի ժողովածուների շնորհանդեսին մասնակցում ենք Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ միասնաբար՝ ի նշան հոգևոր-եկեղեցական մեր անդաստանում Քրիստոսապատվեր սիրո ու միաբանության, որի ավանդույթների ջատագովն ու պաշտպանն է եղել մեծանուն հայորդին:

 

Երջանկահիշատակ Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսը եկեղեցական անդաստանում բեղուն ծառայություններից զատ մեր ժողովրդին պարգևեց նաև իր գիտական ու գրական գործունեության արդյունքները: Նրա աշխատություններն ընդգրկեցին հայագիտության գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, բանասիրություն, բանահյուսություն, գրչություն ու մանրանկարչություն, արվեստ, եկեղեցագիտություն, հնագիտություն, ձեռագրագիտություն: Ահա այսպես է այսօր մեր առջև պատկերվում պայծառ կերպարը Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի` մեծ մարդ, ազգի արժանավոր զավակ, Քրիստոսի հավատարիմ ծառա»:

 

Հայոց Հովվապետը իր բարձր գնահատանքը հայտնեց ժողովածուների հրատարակության գործում իրենց ազնիվ ջանքերը ներդրած բոլոր անձանց՝ ի մասնավորի Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանին և աշխատակից Գոհար Ավագյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն

հայտնեց, որ այս հրատարակությունները, որ արժանի տուրք են Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի ծննդյան 150-ամյակի և վախճանման 65-րդ տարելիցի ոգեկոչման առիթով, մեծապես նպաստելու են ազգային-եկեղեցական մեծ գործչի առաքելության վերարժևորմանը և դառնալու են նոր ոգեշնչման աղբյուր:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ