• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 17, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Մեր ձայնը, Հայաստան
22.09.2017 | 15:00

Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի նախաձեռնությունը. «Անկախության սերունդ» (Լուսանկարներ)

Սեպտեմբերի 21-ին Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբը նախաձեռնել էր «Անկախության սերունդ» խորագիրը կրող բարեգործական բնույթի նկարչական ցուցահանդես-վաճառքը:

 

Ցուցահանդեսը տեղի էր ունենում քաղաքի Մշակույթի պալատում, իսկ միջոցառման նպատակն էր օժանդակել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին՝ ուսման վարձի որոշակի մասը վճարելու համար: Միջոցառմանը ներկա էին հյուրեր՝ ինչպես Սփյուռքի ՌԱԿ կառույցներից, այնպես էլ՝ Հայաստանից, որոնք փորձում էին իրենց նվիրատվությունների կամ նկարներ գնելու միջոցով օգնել ուսանողներին՝ տալով կրթության մեջ առաջընթացին նպաստող քայլեր կատարելու հնարավորություն: Ցուցահանդեսին ներկա էին նաև Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներ, պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր տարբեր վայրերից:

 

Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել 16-ից ավելի նկարիչներ, որոնց մեծամասնությունը ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամներ են, իսկ նրանցից մի քանիսն էլ կուսակցության շարքերն են համալրել վերջերս: Երիտասարդ նկարիչների համար կազմակերպված ցուցահանդեսը դրական ու օգտակար նշանակություն ունեցավ. բացի նկարների վաճառքից ստացած եկամուտներից, երիտասարդները արժանացան քաջալերանքի, խրախուսանքի ու գովասանքի խոսքերի, բարոյական ու հոգեբանական աջակցության, որը, անշուշտ, յուրաքանչյուր սկսնակ արվեստագետի համար շատ կարևոր է:

Միջոցառումը անցավ ջերմ, մտերմիկ ու ոգեշնչող միջավայրում: Բոլոր ներկաներին՝ և՛ հյուրերին, և՛ նկարիչներին, պարուրել էր արվեստով ապրելու ու արարելու զգացումը:

 

Ցուցահանդեսի հյուրերի թվում էր նաև ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանը, որ «Հայ ձայնի» հետ զրույցում, կիսվելով ցուցահանդեսից ստացած տպավորություններով, նշեց, որ ցուցահանդեսը տարբերվում է կուսակցության երիտասարդների նախաձեռնած նախորդ միջոցառումներից, և այս մեկը կազմակերպված էր շատ ավելի բարձր մակարդակով, հանրության շրջանում ավելի մեծ հնչեղություն էր ստացել, քան՝ նախորդները: «Շատ տպավորված եմ ու հուզված, երիտասարդների խանդավառությունը, դրական լիցքերը մեզ էլ են փոխանցվել: Նկարիչների աշխատանքներն իսկապես շատ գեղեցիկ էին, բարձրորակ, արժեքավոր ու խորիմաստ, և իրենք՝ նկարիչներն էլ հաճախ մեկնաբանում էին իրենց աշխատանքները՝ ներկայացնելով դրանց խորքում թաքնված իմաստն ու նկարների փոխանցած ասելիքը: Ցուցահանդեսին մասնակցող բոլոր երիտասարդների նպատակներն էլ իրականացան թե՛ նյութապես, և՛ բարոյապես»,- նշեց ընկեր Նազիրյանը:

 

Մեզ հետ իր տպավորություններով կիսվեց նաև Լիբանանից Հայաստան ժամանած ՌԱԿ անդամ ընկեր Պետրոս Թոփչյանը, որ բարձր գնահատեց երիտասարդների կատարած աշխատանքը, շեշտեց ցուցահանդեսի բարձր որակ ունենալու հանգամանքը: «Գովելի է նման միջոցառումների կազմակերպումը երիտասարդների կողմից: Ցանկալի է, որպեսզի դրանք շարունակական բնույթ կրեն, երիտասարդները միշտ նախաձեռնեն այսպիսի միջոցառումներ, ժամանակ տրամադրեն ու պատրաստեն նման գեղեցիկ ու բովանդակալից ցուցահանդեսներ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ