• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
23.09.2017 | 15:15

Սիսիանում բացվեց Արմենակ Եկարյանի անվան հրաձգարանը. ՌԱԿ նոր նախաձեռնությունը (Լուսանկարներ)

Սեպտեմբերի 22-ին ՌԱԿ ղեկավար մարմինների մի խումբ ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Հակոբ Ավետիքյանի, ՌԱԿ Գերագույն խորհրդի ատենապետ ընկեր Վարդան Նազիրյանի, ժամանեցին Սիսիան: Կուսակցականներին քաղաքի կենտրոնական հրապարակում դիմավորեցին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքի ավագանու անդամներ, դպրոցների բարձր դասարանների մի   խումբ  աշակերտներ: Հյուրերը  Սիսիանի տարածաշրջանի ՌԱԿ շրջանային վարչության ատենապետ ընկեր Լևոն Ավագյանի կողմից  առաջնորդվեցին ՌԱԿ գրասենյակ, որի հարևանությամբ էլ գտնվում է նորաբաց հրաձգարանը, որն այսուհետ ծառայելու է Սիսիան քաղաքի պատանիների և  աղջիկների ռազմական նախակրթությանը:

Այս կարևոր նախաձեռնությանը պատրաստվելու ընթացքում ամիսներ շարունակ   ընթանում էին սրահի  նորոգման աշխատանքները, և սրահը հարմարեցվում էր հրաձգարանի  համար սահմանված չափանիշներին, որպեսզի երեխաները կարողանան    նշանառության վարժանքներով իրենց առաջին քայլերը կատարել դեպի ռազմական պատրաստություն:

ՌԱԿ Կենտրոնական վարչության այս նախաձեռնության  գլխավոր նպատակն է, որպեսզի ՀՀ սահմանամերձ գոտին՝ Սիսիանը, որն այնքան քաջեր է տվել հայոց բանակին, միշտ բարձր մարտական պատրաստություն ունենա, և դրանով է պայմանավորված նմանօրինակ վարժարանն   առաջինը հենց Սիսիանում հիմնելու հանգամանքը:  

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ընկեր Հակոբ Ավետիքյանը, քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ընկեր Վարդան Նազիրյանը:  Հակոբ Ավետիքյանն իր խոսքում  մասնավորապես շեշտեց. «Այս հրաձգարանը կոչվելու է ռամկավար զինվորական մեծ գործիչ, Վանի հերոսական ինքնապաշտպանության զինվորական խորհրդի նախագահ և հրամանատար Արմենակ Եկարյանի անունով»:

 

Գեղեցկորեն հարդարված և բոլոր հարմարություններն ունեցող հրաձգարանին պակասում էին միայն զինատեսակները... Իսկ զինատեսակները՝ 3 հրացան և 2 ատրճանակ, որոնցով այսուհետ մարզվելու են երիտասարդները, ինչպես հպարտությամբ նշեց Հակոբ Ավետիքյանը, նորաբաց հրաձգարանին են նվիրաբերվել լիբանանահայ հայտնի ռամկավար գործիչ և բարերար Կարապետ Պապահեքյանի (Կարո) կողմից: Իսկ բարերարի նվերը Հայաստան էր բերվել Բեյրութի հայտնի ռամկավար գործիչ ընկեր Պետրոս Թոփչյանի միջոցով:

Իր խոսքում Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը նշեց, որ նմանատիպ բոլոր նախաձեռնություններին քաղաքային իշխանությունները պատրաստակամ են օգնելու և օժանդակելու իրենց բոլոր հնարավոր միջոցներով:

 

Հրաձգարանի բացման արարողությունը անցավ բավական ուրախ ու ջերմ մթնոլորտում, իսկ ուրախության ու խանդավառության ամենամեծ չափաբաժինը, անշուշտ, երիտասարդներինն էր, որոնց համար անակնկալ էր հրաձգարանի բացումը: Քաղաքում սա նորություն է, և պատանիները, նշանառության դասընթացներին հետևելուց հետո, առավել պատրաստված կլինեն ծառայելու հայոց բանակին ու հայրենիքին:

 

Նշենք, որ հրաձգարանը նախատեսված է 10-16 տարեկան պատանիների համար: Նախնական յուրաքանչյուր դպրոցից դասընթացներին մասնակցելու համար ընտրվել են 10-15 աշակերտներ՝ և՛ տղաներ, և՛ աղջիկներ, իսկ յուրաքանչյուր դպրոցը դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա շաբաթական մեկ օր:

 

 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ