• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
02.10.2017 | 14:00

Այն մի փոքր թելն էլ, որ կար Իսպանիայի եւ Կատալոնիայի միջեւ, կտրվեց. Բարսելոնաբնակ զրուցակից

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Իսպանիայի պատմական Կատալոնիա տարածաշրջանում անցկացված Իսպանիայից անկախացման հանրաքվեն եւ դրան հաջորդած աղմկահարույց դեպքերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ Մադրիդն անօրինական է համարել հանրաքվեն, որի անցկացումն արգելափակել էր թագավորության Սահմանադրական դատարանը: Իսպանիայի ոստիկանությունն արգելափակել է ընտրատեղամասերի մեծ մասը: Իրավապահների եւ հանրաքվեի կողմնակիցների միջեւ բախումների հետեւանքով, մոտ հազար մարդ է տուժել:

Կատալոնիայում բնակվող հայաստանցի նկարիչ Ալեք Բայանդուրյանը «Հայ Ձայն»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կատալոնիայում տիրող իրավիճակից:

Ըստ նրա, Կատալոնիան ուզում է անկախանալ, սակայն այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դեռեւս անկախության հռչակում չէր, այլ ընդամենը հանրաքվե էր, որի անցկացմանն անսպասելի ձեւով միջամտեց իսպանական ոստիկանությունը, որի արարքները, ըստ մեր զրուցակցի, չեն համապատասխանում եւրոպական երկրի ոստիկանության արարքներին:

«Իրենց դեմքը ցույց տվեցին: Իսպանացիները բախտով են Եվրոպայում, ապրում, եթե նրանք աշխարհի այլ տարածքում լինեին, երրորդ կարգի երկիր կկոչվեին: Հետաքրքիրն այն էր, որ Իսպանիան իր ոստիկաններին կարծես պատերազմ էր ուղարկում, ասենք՝ աֆղանական պատերազմ, կարծես ասեր՝ գնացեք ոչնչացրեք, եկեք: Այդպես էին տրամադրված: Իհարկե, շատ լավ է, որ զոհեր չեղան, բայց եղածն արդեն շատ վիրավորական էր, քանի որ Կատալոնիան Իսպանիայի տնտեսության հիմնական մատակարարներից է, Իսպանիայի բյուջեի հիմնական մասը Կատալիոնիայից է գոյանում: Մեծ գումարներ է մուծում Կատալոնիան Իսպանիային, բայց փոխարենը քիչ է ստանում»,- «Հայ Ձայն»-ի հետ զրույցում ասաց Կատալոնիայի մայրաքաղաքում՝ Բարսելոնայում բնակվող մեր հայրենակիցը, նշելով, որ Իսպանիայի վախն էլ հասկանալի էր, քանի որ անկախություն հռչակելով, այն, ի դեմս Կատալոնիայի, միայն տարածք չի կորցնելու, այլ զրկվելու է երկրի ամենատնտեսապես զարգացած հատվածից:

Ալեք Բայանդուրյանը նույնպես, ինչպես տեղեկացանք, գնացել է քվեարկության եւ ականատես է եղել, թե ինչպես էր կատալոնական ոստիկանությունը պաշտպանում սեփական տարածքի բնակիչներին եւ չէր ենթարկվում Մադրիդի ոստիկանությանը:

«Ճիշտն ասած, ես դեմ էի Կատալոնիայի անկախությանը, եւ երեկ անկախության համար չէ, որ մենք քվեարկել ենք, այլ՝ այդ հարցում մարդկանց կողմնորոշումը ստուգելու հանրաքվե էր: Պետք էր տեսնել, թե ինչպես էին մարդիկ անձրեւի տակ հերթ կանգնում, որ քվեարկեն: Քվեարկությունը հարաբերական էր, ավելի շատ հարցում էր՝ իմանալու կատալոնացիների կողմնորոշումը: Եվ երբ կենտրոնական Մադրիդից սկսեցին անջատել ինտերնետը, համակարգիչները, քվեարկությունը կրկին շարունակվեց, արդեն նման էր ակցիայի, մարդիկ թղթերով, ցուցակներով շարունակեցին քվեարկել»,-քվեարկության մասին ասաց «Հայ Ձայն»-ի զրուցակիցը: Նա նշեց, որ այս անջրպետը՝ Իսպանիայի եւ նրա մի հատվածի՝ Կատալոնիայի միջեւ, վաղուց է առաջացել, իսկ տնտեսական ճգնաժամից հետո էլ խորացել է:

«Կատալոնիան, լինելով Իսպանիայի մի մասը, շատ տարբեր է Իսպանիայից: Այդ խզումը նկատելի է, մենք որ գնում ենք այնտեղ, ասում ենք՝ գնացինք Իսպանիա, եկանք Իսպանիայից, չենք համարում իբրեւ մեկ ամբողջական տարածք: Ամբողջ մշակույթն է տարբեր, լեզուն տարբեր է, քերականությունը տարբեր է, ամեն ինչն է տարբեր»,-Կատալոնիայի եւ Իսպանիայի տարբերությունների մասին ասաց նա:

Բարսելոնաբնակ մեր հայ զրուցակիցը նշում է նաեւ, որ իսպանացիների մեջ մեծ տոկոս է կազմում ցածր խավը, նրանք արագ հրահրումների են ենթարկվում, կարող են փողի դիմաց սադրանքներ գործել, տգիտությունը շատ է, իսկ այս վերջին դեպքից հետո էլ ոստիկանությունը իր դեմքը ցույց տվեց: «Եթե իսպանացի ոստիկանների արարքները տեսնեիք, հայաստանցի ոստիկաններին փառք կտայիք»,-ասաց Ալեք Բայանդուրյանը:

Ըստ նրա, վիճակն այսուհետեւ բարդ է լինելու, արդեն այսօր Կատալոնիան զգում է, որ այլ երկրում է արթնացել: «Եթե մինչեւ հիմա Կատալոնիայի մի մասն անկախություն չէր ուզում, այս դեպքերից հետո արդեն անխուսափելի է անկախությունը: Անջրպետը խորացավ, այնպիսի վիճակ է հիմա, ոնց որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում: Իրավիճակն այլեւս առաջվանը չէ: Մի կարեւոր բան կոտրվել է Իսպանիայի եւ Կատալոնիայի միջեւ: Իսպանիայի կառավարությունն այնքան անխելք վարվեց, որ այն մի փոքր թելն էլ, որ կար Իսպանիայի եւ Կատալոնիայի միջեւ, կտրվեց, մարդիկ հույս չունեին, որ նման վայրենի բաներ կլինեին»,-իր մտահոգությունը հայտնեց Կատալոնիայում բնակվող մեր զրուցակիցը:



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /