• USD 482.36
  • GBP 647.76
  • EUR 568.99
  • RUB 8.19
  • GEL 188.42
Դեկտեմբեր 16, 2017
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
02.10.2017 | 15:30

Երաժշտությունն իմ կյանքն է. միջազգային մրցույթների դափնեկիր օպերային երգչուհի (Տեսանյութ)

«Երաժշտությունն իմ կյանքն է, առանց նրա ես կնմանվեմ թևերը կոտրած թռչնակի, որ կապույտ երկնքում կորցրել է իր տեղը»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց երիտասարդ օպերային երգչուհի Լուսինե Ստեփանյանը:

Երգչուհին երգել սկսել է 3 տարեկանից: «Մայրս ասում է՝ խոսելուց առաջ եմ երգել սկսել: Հենց այդ տարիքից էլ մասնակցել եմ մի շարք համերգների ու մրցույթների: Ճիշտ է, ունեցել եմ ձայնային տվյալներ, կարողացել եմ երգել, սակայն ունեցածս հաջողությունների համար պարտական եմ մորս, քանի որ նա է պատճառ հանդիսացել, որ ունենամ այն, ինչն այսօր ունեմ»,- ասում է Լուսինեն ու հավելում, որ երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն ունի. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնում՝ պրոֆեսոր Սուսաննա Կորգանովայի դասարանը, այժմ էլ ուսումը շարունակում է  հարազատ բուհում, բայց արդեն մագիստրատուրայում:

Մեր զրուցակիցը, ով այժմ երգում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, իր երաժշտական կարիերայի ընթացքում բազմաթիվ մրցույթների մասնակցելու առիթներ է ունեցել, որոնցից տուն է վերադարձել բազում մրցանակներով: «Մասնակցել եմ այնպիսի նշանակալից մրցույթների, փառատոների, ինչպիսիք են՝  «Վերածնունդ» միջազգային փառատոնը, որի ընթացքում արժանացել եմ 4-րդ հորիզոնականին, «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթին՝ ստանալով 3-րդ մրցանակ, «Art Fest»-ից ստացել եմ բրոնզե մրցանակ և այլն: Այս տարվա օգոստոս ամսին իմ մասնակցությունն եմ ունեցել Գերմանիայում տեղի ունեցած «Կոմիտաս» փառատոնին: Մոսկվայի ռազմական նվագախմբի հետ  մասնակցել եմ Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական փառատոնին»:

Լուսինեն այս տարվա սեպտեմբերի 26-30-ին ՌԴ Սամարա քաղաքում մասնակցել է  Վ.Վ. Խրամովի միջազգային մրցութին՝ արժանանալով 2-րդ մրցանակին: Մրցույթը բաղկացած էր 2 փուլից, որոնք հաղթահարելուց հետո մեր հայրենակիցը հնարավորություն է ստացել մասնակցելու  գլխավոր համերգին: «Մրցույթին մասնակցում էին Ռուսաստանի տարբեր քաղաքներից   մասնակցիներ, որոնք բոլորն էլ ունեին լավ ձայնային տվյալներ, լավ պատրաստված էին, ուստի անսպասելի էր ինձ համար 2-րդ հորիզոնականին արժանանալը:  Մրցույթի ղեկավարությունից առաջարկ եմ ստացել հանդես գալ մրցույթի գալա-համերգի ժամանակ, իսկ երգը կատարել եմ Սամարայի Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ»,- նշեց խոստումնալից երիտասարդ կատարողը:

 

 Ապագայի պլանների մասին խոսելիս մեր զրուցակիցը նշեց, որ շուտով մասնակցելու է մի շարք մրցույթների այս անգամ արդեն Եվրոպայում: «Մեծ ցանկություն ունեմ ուսումս շարունակել Գերմանիայում, բայց երաժշտական հետագա գործունեությունս կամենում եմ ծավալել իմ հայրենիքում:  Նպատակներս ու ցանկություններս շատ են, լիահույս եմ, որ դրանք կկարողանամ իրականություն դարձնել: Նաև ունեմ երազանք՝ լինել հայտնի օպերային երգչուհի և հանդես գալ աշխարհի անվանի բեմերում, որպեսզի ընտանիքիս ինձնով հպարտանալու առիթներ ունենա»:

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները և տեսանյութը՝ երգչուհու անձնական արխիվից


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /
    01/12/2017
    ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ