• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
03.10.2017 | 11:55

Կատալոնական անկախության և ժամանակակից սեպարատիզմի հետքերով

Կատալոնիայում, իսկ մինչ այդ էլ՝ Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեները, մեկ անգամ ևս քննարկման առարկա դարձրեցին խոսակցությունները սեպարատիզմի մասին: Արդյո՞ք անկախության ձգտումը և սեփական պետականության ստեղծումը կարելի է որակել միայն որպես սեպարատիզմ, այդ բառին տալով որոշակի բացասական իմաստ, թե՞ դա ընդամենը ազգերի օրինական ձգտումն է՝ ստեղծել էթնիկ-ազգային միավորում, որը կպաշտպանի ազգի շահերն այդ առանձին վերցրած պետությունում։ Արևմտյան քաղաքագիտական շրջանակները պնդում էին, որ ժողովուրդների ինքնորոշման ձգտումը  հետևանք է այս կամ այն կրոնա-էթնիկական հանրության նկատմամբ իշխող ազգի կամ կրոնական խմբի ճնշմանը, հակառակ դեպքում այդպիսի ձգտումներ չեն կարող լինել։ Սակայն նույնիսկ այն պետություններում, որոնք իրենց համարում են կայացած՝ կյանքի բարձր մակարդակով, մենք ականատես ենք լինում անկախության կամ սեպարատիզմի շարունակական դրսևորումների ու դրա վառ օրինակն է Կատալոնիան։ Միայն Եվրամիության անդամ պետություններում նմանատիպ երևույթներ կան՝ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Իտալիայում, թե՛ Բելգիայում, թե՛ Ավստրիայում ու Գերմանիայում, և թե՛ Մեծ Բրիտանիայում։ Եթե մի դեպքում Եվրամիության անդամ պետություններն այդ ձգտումներին՝ ինքնորոշման իրավունքին, աջակցում են, ելնելով իրենց քաղաքական նպատակահարմարությունից՝ օրինակ Կոսովայի անջատումը Սերբիայից, կամ թեկուզ Հարավսլավիայի օրինակը, իսկ դրանից առաջ ԽՍՀՄ-ի քայքայումն ու դրանցից հանրապետությունների անջատումը, ապա մյուս դեպքերում նրանք անկախության նմանատիպ երևույթները որակում են սեպարատիզմ և հրաժարվում են այն ճանաչել ու աջակցություն ցուցաբերել, ինչպես Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության  դեպքում։

Ավելի ուշ Արևմուտքը սեպարատիզմ ու զավթողականություն գնահատեց Ղրիմի անջատումը Ուկրաինայից և Դոնեցկի ու Լուգանսկի բնաչության ձգտումը ստեղծել ինքնուրույն պետական միավորումներ։ Եվ այստեղ հիմնական հարց է առաջանում` թե՞ կա արդյոք իրավական տարբերություն անկախության ձգտման մեջ՝ տարբեր ազգերի ու խմբերի մոտ, և թե ինչո՞ւ մի դեպքում այն գնահատվում է որպես ինքնորոշման իրավունքի իրականացում, իսկ մյուս դեպքում՝ սեպարատիզմ։

Իրականության մեջ նմանատիպ տարբերակում գոյություն չունի, անջատողական երևույթի որակումը պայմանավորված է պետությունների այս կամ այն խմբի կողմից տվյալ իրավիճակի քաղաքական գնահատումից։ Այսինքն, եթե նրանք այդ անջատումը դիտարկում են որպես սպառնալիք իրենց շահերին, կամ սպառնալիք իրենց դաշնակից պետության շահերին, ապա նման իրավիճակը գնահատվում է որպես սեպարատիզմ։ Նկատելի է նաև հակառակ միտումը ևս, երբ, ելնելով իրենց շահերից պետությունները զանգվածաբար ճանաչում են անջատված պետության իրավասությունը։

 

Երբ 1919թ հունվարին ստեղծվեց Ազգերի Լիգան, նրան անդամակցում էր ընդամենը 44 անկախ պետություն, 1934-ին դրանց թիվը արդեն 58-ն էին։ 1945թ, երբ սկսվեց ձևավորվել Միավորված Ազգերի Կազմակերպությունը, ապա անկախ պետությունները 51-ն էին, 1991թ-ին ԽՍՀՄ-ի քայքայման պահին անկախ պետությունների թիվը հասել էր 166-ի։ 2011թ ՄԱԿ-ին անդամակցեց առայժմ վերջին պետությունը՝ Հարավային Սուդանը՝ 193-րդ պետությունը։ Այսինքն անկախության ձգտման դեմ պայքարը անիմաստ և նույնիսկ հետադիմական գործընթաց է, ինչը ընդամենը ապացուցում է, որ որոշ պետություններ ու այնտեղ իշխող քաղաքական էլիտաներ չեն կարողանում ազատվել իրենց գաղութատիրական անցյալից և բռնությամբ ու զենքի ուժով ցանկանում են այս կամ այն տարածքը ու այն բնակեցնող ժողովուրդներին պահել իրենց տիրապետության ներքո։ 

Սակայն, նկատենք, որ ինչպես էլ որակենք անկախության ձգտումը՝ սեպարատի՞զմ, թե՞ ինքնորոշման իրավունքի իրականացում, այն շարունակվելու է, և ազգերի անկախության ձգտումը նույնպիսի բնական երևույթ է, ինչպես կայսրությունների անկումը և կամ մարդու ծնունդը։ Հետևաբար առաջիկայում մենք ականատեսը կլինենք պետություն չունեցող ազգերի ու ժողովուրդների կողմից անկախության նոր ձգտումների և գործընթացների, ու պայքարը միայն թեժանալու է։

 

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /