• USD 481.66
  • GBP 633.53
  • EUR 566.62
  • RUB 7.32
  • GEL 183.95
Սեպտեմբեր 26, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
06.10.2017 | 15:00

Թուրքիան շարունակում է խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. թուրքագետ

 «ԵԱՏՄ-ի մասով խոսակցություններն ակտիվացան հենց այն ֆոնին, երբ Թուրքիան ցանկացավ թարմացնել ԵՄ-ի հետ ՄՄ մասին կնքված համաձայնագիրը, ստանալ առավել շահեկան համաձայնագիր»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ հավելելով, որ  հավանական չէ ԵԱՏՄ-ին Թուրքիայի անդամակցությունը, քանի որ Թուրքիան արդեն իսկ ԵՄ Մաքսային միության անդամ է։

Ըստ Գաբրիելյանի՝ սա նշանակում է, որ Թուրքիան վերստին դիմում է իր շանտաժային∕բլեֆային քաղաքականությանը՝ ԵՄ-ին ցույց տալու համար, որ ի դեմս ԵԱՏՄ-ի, «այլընտրանք ունի»։ «Բնականաբար, Թուրքիան ցանկանում է խորացնել ԵԱՏՄ-ի (Ռուսաստան) հետ իր տնտեսական կապերը, սակայն ԵՄ-ի հետ նրա տնտեսական կապերը կրում են շատ ավելի խորքային բնույթ։ Մասնավորապես, ԵՄ-ին բաժին է ընկնում Թուրքիայի արտահանման 48.5%-ը, ներկրման 40%-ը, Թուրքիայում կատարվող ներդրումների 2/3-ը: 2016թ. Թուրքիայից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 3.1 միլիարդ դոլար, մինչդեռ դեպի ԵՄ արտահանումը կազմել է 68.3 միլիարդ դոլար։ ԵՄ-ից Թուրքիայի ներկրումը կազմել է 77.5 միլիարդ դոլար, իսկ ԵԱՏՄ-ից ներկրումը՝ 16.4 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի գնա ԵԱՏՄ-ի հետ այնպիսի հարաբերությունների, որոնք կվտանգեն ԵՄ-ի հետ իր առևտրային հարաբերությունները (անկախ նրա բլեֆային/շանտաժային քաղաքականությունից, որը նույնպես ունի իր չափը)»,- նկատեց թուրքագետը։

 

Մեր զրուցակցի դիտարկմամբ, Ռուսաստանը ցույց է տալիս, որ շատ հարցերում լուրջ հույսեր է կապում Թուրքիայի հետ։  Տարբեր դրվագներում Թուրքիան, դժգոհ լինելով ԱՄՆ-ի դիրքորոշումից, դիմել է Ռուսաստանի օգնությանը։ Սակայն կան նաև հակառակ դեպքերը, երբ ասենք Ռուսաստանը չի ընդառաջել Թուրքիային և ապավինել է ԱՄՆ աջակցությանը։ Որպես այդպիսի օրինակ, Գաբրիելյանը նշեց այն դեպքերը, երբ Ռուսաստանը տուրք չի տվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու թուրքական պլաններին, և Թուրքիան ամեն պատեհ կամ անպատեհ առիթով ողջունել է Ասադի զորքերի նկատմամբ ամերիկյան հրթիռային ու ավիահարվածները և պատրաստակամություն է հայտնել միանալ Ասադի դեմ ցամաքային հնարավոր ռազմական գործողությանը (ընդ որում՝ դա արել է նաև Աստանայի բանակցությունների ժամանակ)։

«Բացի այդ կարելի է հիշատակել այն, որ Էրդողանը դժգոհում է Սև ծովում ՆԱՏՕ-ի ոչ բավարար ռազմական ներկայությունից՝ ընդգծելով, որ Սև ծովը վերածվել է ռուսական լճի։ Թուրքիան այսպիսով շարունակում է խուսանավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև. եթե որևէ հարցում նա աջակցություն չի ստանում կողմերից մեկից, ապա տվյալ հարցով դիմում է մյուս կողմին և ընդհակառակը»,- ընդգծեց թուրքագետը և հավելեց, որ թեև դա Թուրքիայի համար կարելի է որակել ճկուն քաղաքականություն, սակայն մյուս կողմից էլ դա կարող է հանգեցնել նրան, որ վերջինս կդառնա անհուսալի և անկանխատեսելի գործընկեր երկու կողմի համար էլ։

«Ռուս-թուրքական հարաբերություններն ապագայում կշարունակեն զարգացում ապրել, սակայն Թուրքիան դրա հետ մեկտեղ չի խորշի յուրաքանչյուր հնարավորության դեպքում աչքի ընկնել Ռուսաստանի դեմ գործողություններով»,- եզրափակեց Հայկ Գաբրիելյանը։



    Լրահոս
    Քաղաքականություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդես է եկել ելույթով (տեսանյութ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /